Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ֆրանսիական Le Monde պարբերականը գրում է, որ, Չինաստանի ռազմածովային նավատորմի ձեռքբերումներին ի պատասխան, ծովային բոլոր գերտերությունները նույնպես սկսում են ակտիվացնել իրենց ռազմածովային ուժերի արդիականացման աշխատանքները: Ֆրանսիայի ՌԾՈւ շտաբի հրամանատար, ծովակալ Քրիստոֆ Պրազյուկը շարունակում է հաստատել, որ Պեկինը «վերջին 4 տարիների ընթացքում կառուցել է մի նավատորմ, որն իր պոտենցիալով հավասարազոր է ֆրանսիական նավատորմին»՝ նշելով, որ չինական կողմն արդեն Միջերկրական ծովում տեղակայել է քանակով ավելի շատ նավ, քան եվրոպական բոլոր զինված ուժերը` միասին վերցրած:
Պարբերականում հրապարակված հոդվածում մասնավորապես խոսվում է այն մասին, որ ՉԺՀ ռազմածովային ուժերի հրամանատարությունը հայտարարում է, որ «չինական նավատորմն, ընդհանուր առմամբ, ունի 1.6 մլն տոննա ջրատարողություն՝ իր այդ ցուցանիշով աշխարհում զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը Միացյալ Նահանգներից (3.3 մլն տոննա) հետո»: ՉԺՀ-ն իր ցուցանիշով գերազանցում է նաև Ռուսաստանին՝ 1 մլն ջրատարողությամբ:
Աղբյուրում նշվում է, որ Չինաստանը 2010թ. ի վեր արտադրում է սերիական նավեր, իսկ 2015թ. սկսած` ասիական այդ երկրի ղեկավարությունն իրականացնում է «ծովային շահերի» պաշտպանության քաղաքականություն, որպեսզի երկիրը դուրս գա կղզիների առաջին շղթայի սահմաններից, որը ԱՄՆ դաշնակիցների (Ճապոնիա, Ֆիլիպիններ, Թայվան) կողմից ուղղակիորեն վերահսկվող ծովային սահման է:
Ֆրանսիական պարբերականը նշում է, որ ծովային ուղղությամբ Չինաստանի հաջողությունները հիմնվում են ներքին տեխնոլոգիական նորարարությունների զարգացման վրա: Պարբերականի տեղեկատվությամբ` Պեկինի գլխավոր նպատակը Խաղաղ օվկիանոսի արևմտյան շրջանում կամ Թայվանում Միացյալ Նահանգների որևէ դաշնակցին ցուցաբերվող ամերիկյան աջակցությանն արձագանքելն է՝ այն դեպքերում, եթե Չինաստանը ձգտի կազմակերպել վերամիավորման իր քաղաքականությունը: Սա իր հերթին կարող է հանգեցնել ընդհանուր տարածաշրջանային լարվածության, քանի որ ծովային բոլոր գերտերությունները սկսել են արդիականացնել իրենց ռազմածովային ուժերը:
Le Monde-ը մեջբերում է գիտաշխատող Ալեքսանդր Շելդոն-Դյուպլեի տեսակետը, որի համաձայն` չինական զենիթահրթիռային համալիրները, որոնք նշանառության տակ են պահում ավիակիրները, կհարկադրեն ԱՄՆ ՌԾՈւ-ին անհրաժեշտության դեպքում գործել Չինաստանի առափնյա սահմաններից 2 հազար կմ հեռու միայն: