Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Սփյուռքի նախարարությունը փակելու որոշումը ոչ միանշանակ է ընկալվում Հայաստանում և Սփյուռքի տարբեր համայնքներում: ՀՀ Սփյուռքի նախարարության հայրենադարձության բաժնի պետ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Հովհաննես Ալեքսանյանը, ի թիվս այլոց, նույնպես իր մտահոգություններն ու առաջարկներն է ներկայացրել Yerkir.am-ի հետ զրույցում:
- Ինչպե՞ս եք գնահատում Հայաստան-Սփյուռք գործակցության ներկան և հեռանկարները, Սփյուռքի նախարարության փոխարեն ՀՀ վարչապետի աշխատակազմում Սփյուռքի հարցերով դեսպան ունենալու նոր մոտեցումը:
- Հայաստան-Սփյուռք գործակցությունը փաստացի 100 տարվա պատմություն ունի, թեև Սփյուռքի ձևավորման մասին, որպես այդպիսին, կարող ենք խոսել` սկսած 1920-1930-ական թվականներից: Հայաստանի Առաջին Հանրապետության կառավարությունների տարբեր մինիստրությունների կազմում գործել են համապատասխան բաժիններ, որոնք զբաղվել են գաղթօջախների, տարբեր տարածաշրջաններում ապաստան գտած հայ գաղթականության, ներգաղթի կազմակերպման հարցերով: Խորհրդային իշխանության տարիներին ավելի համակարգված, սակայն հսկողության ներքո, ոչ լիարժեք օրակարգով ու բովանդակությամբ հաջորդաբար գործել են մի շարք կառույցներ՝ ՀՕԿ-ը, Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի հայկական ընկերությունը և Սփյուռքահայության հետ մշակութային կապերի կոմիտեն: Բացի այդ` գործել են Ներգաղթի կոմիտե, տարբեր հանձնաժողովներ, որոնք նախապատրաստել և իրականացրել են շուրջ 200.000 սփյուռքահայերի հայրենադարձությունը Խորհրդային Հայաստան: Հայաստանի անկախության վերականգնումից հետո ՀՀ ԱԳՆ կազմում գործել են Սփյուռքի վարչությունը, Գործադիր քարտուղարությունը, Պետական կոմիտեն, իսկ արդեն 2008 թ. ձևավորվել է Սփյուռքի նախարարությունը: Ինչպես տեսնում ենք, պայմանավորված Սփյուռքի խնդիրներով, հայրենիք-Սփյուռք կապերով մշտապես գործել են համապատասխան կառույցներ, որոնք տարբեր փուլերում լուծել են տարբեր խնդիրներ, սակայն Սփյուռքի կարևորությունն ու Հայաստանի կյանքում նրա աճող դերակատարությունն, ի վերջո, հանգեցրել են առանձին պետական լիազոր մարմին ունենալու անհրաժեշտությանը:
Սփյուռքի հարցերով ինստիտուցիոնալ կառույցի գոյությունը համազգային նշանակություն ունի: ՀՀ կառավարության կառուցվածքի փոփոխության մասին օրենքի նախագծի երևան գալուց հետո ՀՀ վարչապետի աշխատակազմում Սփյուռքի հարցերով դեսպան և գրասենյակ ունենալու տարբերակը ինքնատիպ, օրիգինալ լուծում է, սակայն մինչև նրանց լիազորությունների, քաղաքականություն մշակելու և իրականացնելու, գործառույթների վերաբերյալ ամբողջական պատկերացումը, գնահատել հնարավորությունները դժվար է: Սփյուռքը զգայուն օրգանիզմ է, արագ արձագանքում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, ունի մեծ ուշադրության ու անխափան գործակցության կարիք: Այդ առումներով Հայաստան-Սփյուռք օրակարգը մշտապես թարմացման ու համալրման կարիք ունի: Ժամանակակից աշխարհը շատ արագ է փոխվում, ուստի ներկա պայմաններում անհրաժեշտ է.
1. ՀՀ-Սփյուռք հաղորդակցության արդյունավետ և երկարաժամկետ հայեցակարգ՝ հաշվի առնելով մի կողմից Հայաստանի, մյուս կողմից՝ Սփյուռքի կարողություններն ու հետաքրքրությունները,
2. աշխարհասփյուռ հայության ակտիվ ներգրավվածությունը Սփյուռքում գործող համայնքային ու հասարակական կառույցներում, կիրառել Սփյուռքի ինքնակազմակերպման արդյունավետ մեխանիզմներ և այդ նպատակով համակարգել անհրաժեշտ ռեսուրսները,
3. Սփյուռքի ներուժի առավելագույն համախմբումն ու ներգրավումը Հայաստանի զարգացման և արդիականացման գործում՝ այդ վերջակետին հասնելու համար Սփյուռքում՝ հայապահպանության, Հայաստանում՝ հայրենադարձության ու ինտեգրման ռազմավարությունների, ծրագրերի գործադրմամբ:
Վերոհիշյալ կետերի արդյունավետ իրականացման համար, նախ և առաջ, պետք է արժևորել ու գնահատել Հայաստան-Սփյուռք հարաբերությունների 30-ամյա՝ 1988-2018 թթ. փուլը, երբ, սկսած Արցախյան շարժումից և Սպիտակի ավերիչ երկրաշարժից, մի կողմ դրվեցին եղած բոլոր կապանքներն ու արգելքները, ունեցանք ձեռքբերումներ ու բացթողումներ, ոգևորության ու հիասթափության առիթներ: Հարկ եմ համարում հատուկ շեշտել, որ դեռևս լիովին գնահատված չէ նաև Սփյուռքի նախարարության ունեցած կարևոր դերակատարությունն ու կատարած աշխատանքն այս խնդիրների նախանշման ու լուծման ուղղությամբ, իսկ ապագայի ծրագրերն ուղղակիորեն հենվելու են նախորդ տարիներին ունեցած փորձառության վրա: Դա անխուսափելի է:
- Սփյուռքում առկա ի՞նչ հիմնախնդիրներ կառանձնացնեիք այսօր:
- Այսօր Սփյուռքի առջև ծառացած են լրջագույն հիմնախնդիրներ և մարտահրավերներ, որոնց լուծմանն իր անմիջական մասնակցությունը պետք է ունենա ինչպես Հայաստանի Հանրապետությունը, այնպես էլ յուրաքանչյուր հայ: Օտար միջավայրի ուժեղ ներգործությունը մեծ խնդիրների է հանգեցնում, առկա է ազգային ինքնությունից հեռացման վտանգ, տարածված են խառնամուսնությունները, նահանջ կա հոգևոր-մշակութային ու ընտանեկան արժեքներից: Հայապահպանության ուղղությամբ առավել մեծ ուշադրություն և ջանքեր են պահանջվում: Սփյուռքի երիտասարդությունը բավարար չափով ներգրավված չէ համայնքային կյանքին, ազգային կառույցները պահպանելու ու զարգացնելու խնդիր կա: Այս խնդիրների լուծումը ռեսուրսներ, ժամանակ ու արհեստավարժություն է պահանջում: Սփյուռքյան տարբեր համայնքների ու կառույցների նկատմամբ հայատյացության դրսևորումները նոր թափ են հավաքել, որի ակնառու դրսևորումներից էին բոլորովին վերջերս՝ հունվար ամսին, Ղազախստանի Կարագանդա քաղաքում հրահրված միջադեպը, Լոս-Անջելեսի հայկական դպրոցների նկատմամբ ոտնձգությունը, Վրաստանի հայության շուրջ ծավալված իրադարձությունները, որոնց թիկունքում արդեն բացահայտ երևում են թուրք-ադրբեջանական շրջանակները: Միանշանակ է, որ թուրք-ադրբեջանական շրջանակների թիրախում նաև հայկական Սփյուռքն է, որի ներուժը, Հայաստանին թիկունք լինելու հանգամանքը նրանց հանգիստ չի տալիս: Սփյուռքն իրավամբ Հայաստանի շարունակությունն ու մրցակցային առավելությունն է՝ պատրաստ իր մարդկային, մասնագիտական, նյութական մեծ կարողություններով լուծելու Հայրենիքի առջև ծառացած խնդիրները: Հայաստանն իր հերթին պարտավոր է հաղորդակից լինել Սփյուռքի կողմից բարձրացվող բոլոր խնդիրներին, լծվել դրանց լուծման գործին ու լսել նրա տեսակետները համահայկական օրակարգի շուրջ:
Մ. Հ.