կարևոր
3895 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-26 00:04
Հասարակություն

Հայկական Անդերգրաունդը եկել է իշխանության և իր գոյությունը պահպանելու համար ունի մեկ եղանակ․ քաղաքագետ

Հայկական Անդերգրաունդը եկել է իշխանության և իր գոյությունը պահպանելու համար ունի մեկ եղանակ․ քաղաքագետ

«Անդերգրաունդն» առաջացել է անգլերեն «underground» բառից, որի իմաստներից մեկը «ընդհատակն» է։ «Անդերգրաունդ» ասելով հասկանում ենք ժամանակակից արվեստի այն ուղղությունները, որոնք հակադիր են զանգվածային մշակույթին և պաշտոնական ու զանգվածային լրատվամիջոցներում քիչ են լուսաբանվում։ Դա ունի շատ կոնկրետ պատճառներ։ Այդ ուղղությունները չեն տեղավորվում ընդունված նորմերի ու բարոյականության պատկերացումներում՝ ոչ նորմատիվային բառապաշար են պարունակում, տիրող գաղափարախոսություններն ու պատկերացումները մերժում են, պարունակում են ընդվզման կոչեր և այլն։ Եթե ավելի կարճ ձևակերպենք, դա այն ամենի մերժումն է, ինչն ընդունված է հասարակությունում որպես նորմ։

«Մերժում» բառն առանցքային է։ «Մերժումը» երբեմն մտքի թռիչք է և բոլոր «ցանկապատերի» ավերում։ Դա երիտասարդներին բնորոշ մերժումն է, որից հետո սկսվում է ինքնահաստատում՝ հասունացման փուլ՝ վերաարժեքավորումներով, սակայն, միևնույն ժամանակ, «հատակում» հայտնվելու վտանգ է իր մեջ պարունակում։

Ցանկացած նորմատիվային կանոնի, կամ հասարակության համար կարևոր արժեքի մերժման վրա կառուցված ընդհանրությունը ձևավորում է իր ենթամշակույթը կամ կոնտրմշակույթը։

Ֆրանսիացի սոցիոլոգ Միշել Մաֆեսոլիվը այդ խմբերի համար օգտագործում է «քաղաքային ցեղախմբեր» եզրը։ Սոցիոլոգիայում նաև օգտագործվում է fandom` «ֆանատներ» արտահայտությունը։

Եթե ուշադիր լինենք Հայաստանում կատարվող իրադարձություներին, ապա կարող ենք նկատել, որ ձևավորվել է fandom՝ մարդկանց շրջապատ, որոնք ցանկանում են իրենց տարանջատել հանրությունից՝ ձևավորելով ենթամշակույթ։ Նախկին «Հեղափոխականներն» ունեն իրենց շրջապատը, իրենց ֆաները, ժխտում են այն ամենը, ինչը եղել է մինչև իրենց։

Եթե հետևենք «հեղափոխականների» քննարկումներին, Անդերգրաունդի վերածված Ազգային ժողովի ելույթներին, ապա տրամաբանական ու փաստարկված ելույթների փոխարեն կարող ենք լսել էմոցիոնալ ու ագրեսիվ ելույթներ:

Հայկական «հեղափոխականության» հիմնական առանձնահատկությունն այն է, որ իշխանության եկած fandom-ը չի կարողանում ձևավորել պետական գաղափարախոսություն, բոլորի համար ընդունելի նորմեր, հասկանալի աշխարհայացք:

Անդերգրաունդի բնական միջավայրը հատակն է, որտեղ նրանք կարողանում են իրենց Մերժման միջավայրը ստեղծել ու դա չտարածել հանրության մեջ: Հայկական Անդերգրաունդը եկել է իշխանության և իր գոյությունը պահպանելու համար ունի մեկ եղանակ, Հանրությանը վերածել Անդերգրաունդի՝ արժեքազուրկ միջավայրի, իսկ նրանք, ովքեր դրա հետ համաձայն չեն, իրենք պետք է տեղափոխվեն նկուղներն, իրենց պահպանելու համար, և ... տեղափոխվում են:

Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ