կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-31 18:14
Հասարակություն

Այցելություն Պետոյի հուշարձանին

Այցելություն Պետոյի հուշարձանին

Ոչինչ չարժե այն զինվորականը, թեկուզ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանած եւ ավարտած, եթե չունի նվիրվածություն, մարտական ոգի, կռիվներ վարելու, արագորեն կողմնորոշվելու եւ համապատասխան վճիռներ կայացնելու մտավոր կարողություն եւ վճռակամություն:

Հունվարի 30-ին լրացել է Շուշի առանձնակի գումարտակի հրամանատարի տեղակալ, Պռոշյանի կամավորական ջոկատի փոխհրամանատարը, Արցախի հերոս, դաշնակցական Պետրոս Ղևոնդյանի (Պետո) ծննդյան 55-ամյակը:

Քարվաճառի Եղեգնուտ Գյուղի տարածքում` Պետոյի զոհվելու վայրում տեղադրված հուշարձան են այցելել Եղեգնուտի աշակերտները և Պետոյի մարտական ընկերները:

Նույն օրը Պաշտպանության բանակի զորամասերից մեկում կայացել է հերոսին նվիրված հուշ-ցերեկույթ, որին ներկա էին ՀՅԴ Արցախի ԿԿ անդամներ, ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, Պետոյի մարտական ու գաղափարական ընկերները, շրջակա գյուղերի բնակիչներ, աշակերտներ, զինվորներ, ՀՅԴ ԱԵՄ-ի անդամներ:

Միջոցառման մասնակիցները ծաղիկներ են խոնարհել զորամասի տարածքում տեղադրված Պետոյի կիսանդրու մոտ: Միջոցառման ընթացքում ցուցադրվել է Արցախի հերոսի մասին պատմող ՊԲ նկարահանած տեսաֆիլմը, ելույթ են ունեցել նրա մարտընկերները, երգիչ Գևորգ Հաջյանը, ՊԲ «Ասպետ» համույթը, աշակերտներ:

Զորամասի հրամանատարի բարոյահոգեբանական գծով տեղակալ մայոր Ավետիսյանն իր խոսքում նշել է, որ օրինաչափության պես մի բան է կամ էլ ազգի ճակատագիր, երբ ամեն մի փոթորկալից ժամանակաշրջանում մեր ժողովուրդը ծնում է հերոսներ, որոնց կենդանություն օրոք ասքեր են հյուսվում: Ներկայացնելով Պետոյի անցած հարուստ մարտական նա ավելացրել է, որ նա ի սկզբանե կոչում, ասելիք ու անելիք ուներ և հասցրել է անել այնչափ, որքան մենք արժանի էինք. « Պետոն հրամանատար էր, բայց հրամայել չգիտեր, շրջապատի վրա կարողնաում էր ներազդել իր անձնական օրինակով: Նա գործեց դարերի պարտքն ու պատասխանատվությունն իր ուսերին առնելով, ազգին իր զինվոր որդին պարգևելու փոխարեն հզոր բանակ պարգևեց, կորացրած մեջքը շտկելու, ինքնուրույն ապրելու հույս ու հավատ պարգևեց»:

Շուշիի առանձնակի գումարտակի նախկին շտաբի պետ, պահեստազորի փոխգնդապետ Արտաշես Մխիթարյանը նշել է, որ ամեն անգամ այցելելով զորամաս, համոզվում է, որ մեր զինվորները, սպաներն արժանապատվորեն կատարում են Պետոյի պատգամները: Պետոյի համար հող-հայրենին պաշտպանելը առաքելություն էր, որը նա սրբորեն կատարում էր: «Նրա պատգամները միշտ մեզ հետ են և մենք պատրաստ ենք ակտիվ մարտական գործողությունների վերսկսման դեպքում կանգնել հայկական բանակի, հայ զինվորի կողքին` շարունակելով Պետոյի և մյուս հազարավոր նահատակների կիսատ թողած գործը»,- իր խոսքում ասել է Արտաշես Մխիթարյանը:

Անդրադառնալով Պետոյի կերպարին նա ավելացրել է, որ Պետոյի համար զինվորը արժեք էր, զարմանալի չէր, որ նա իր կյանքի գնով փրկեց մեկ այլ պաշտպանական շրջանի զինվորի. «Նրա համար հայը հայ է, զինվորը` զինվոր: Շուշիի առանձնակի գումարտակը ավելի քիչ կորուստներ է ունեցել, քան մյուսները, ու սա նախ և առաջ վկայում է իր զինվորի նկատմամբ հրամանատարի վերաբերմունքի մասին»:

Պետով զոհվել է 1994 թվականի փետրվարի 14-ին՝ Քարվաճառում՝ վիրավոր զինակցին օգնություն ցույց տալու ժամանակ: Նա չնայած սպառնացող ստույգ վտանգին, չէր կարող անտարբեր լինել զինակիցներից օգնություն հայցող, մարտադաշտում միայնակ մնացած մարտիկի նկատմամբ: Նա վարորդի փոխարեն անվարան նստում է շտապ օգնության մեքենայի ղեկին և միայնակ շտապում վայրկյան առաջ մարտադաշտից դուրս բերել վիրավոր մարտիկին:

Մի քանի ակնթարթ անց լսվում է պայթյունը և ականի բեկորներից խոցված ` Պետոն կնքում է իր մահկանացուն:

Փրկված զինվորը` Արմեն Մարտիրոսյանը, միջոցառմանը ներկայացել էր որդու` Պետրոսի հետ: 15-ամյա պատանին իրեն նմանեցնում է իր նշանավոր անվանցի հետ առաջին հերթին ռազմական գործի նկատմամբ սիրով ու իրեն կրկնակի պարտավորված է զգում ապրելու ու արարելու Պետոյի երազած երկրում:

Պետոն մասնակցել է ՀՀ սահմանամերձ շրջանների ու ԼՂՀ ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Իր հրամանատարությամբ գործող գումարտակի հետ նա մասնակցել է Շահումյանի, Մարտակերտի, Մարտունու եւ Հադրութի շրջանների տասնյակ բնակավայրերի ազատագրման մարտերին, Քարվաճառի թշնամական հենակետերի ոչնչացման ռազմագործողությանը՝ բազմիցս ցուցաբերելով խիզախություն ու հերոսություն։

Պետոյին հետմահու շնորհվել է Արցախի հերոսի կոչում եւ պարգեւատրվել է «Ոսկե արծիվ» շքանշանով, ինչպես նաեւ ԱՀ «Մարտական խաչ առաին աստիճանի » շքանշանով եւ ՀՀ Արիության մեդալով:

ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ազատամարտիկ-շրջանավարտի անունով են անվանակոչվել Պռոշյանի, Եղեգնուտի և Տիգրանավանի միջնակարգ դպրոցները, իսկ 2007 թ. նրա հարազատ ֆակուլտետում բացվել է Պետրոս Ղեւոնդյան անունը կրող լսարան։

aparaj.am