Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի հերոս, dաշնակցական մարտիկ Պետրոս Ղեւոնդյանի` Պետոյի ծննդյան 50-ամյակն է: Նա զոհվեց Քարվաճառի ազատագրման ժամանակ։ Լեգենդար Պետոն Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատարի տեղակալն էր: Այսօր օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում հերոսին նվիրված հուշ-երեկոյին, որին մասնակցում էին իր մարտական ընկերները, հարազատները, բազմաթիվ կուրսանտներ, սպաներ ու քաղաքացիներ, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, հիշելով իր մարտական և կուսակից ընկերոջը, ասաց. «Պետոն, Կարոտը և Հրաչը դարձել են խորհրդանիշ: Նրանց ներկայությունը վառ է, հատկապես` այս օրերին, երբ առկա է թշնամու նենգ ներկայությունը սահմանին: Պետոն ներկա է եղել Արցախյան ազատամարտի բոլոր հանգրվաններում: Նա ծրագրել, իրականացրել ու ոգի է տվել այդ պայքարին: Նա միշտ եղել է մեր բոլորի իրական հրամանատարը՝ համեստ ու անկեղծ պահվածքով»:
Պետրոս Ղևոնդյանի եղբայրը` Գագիկը, հույս հայտնեց, որ հայ ազգը դեռ շատ նոր Պետոներ է ունենալու: «Այն զինվորը վիրավոր, որին թեկուզև մի քանի րոպե շուտ մարտադաշտից դուրս հանելու համար իր կյանքը տվեց Պետոն, այսօր այս դահլիճում է` իր որդու հետ, որի անունն է Պետո»,- ասաց Գագիկ Ղևոնդյանը:
Այնուհետև ելույթ ունեցավ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Ինձ համար մեծ պատիվ է, որ ճանաչել եմ Պետրոս Ղևոնդյանին ու առնչություն եմ ունեցել նրա հետ: Նա հրամանատար էր, որի հետևից գնում էին զինվորները: Նա այն հրամանատարն էր, ով իր հրամանատարական հնարքների շնորհիվ կարողացել է հաջողություններ գրանցել մարտական գործողությունների ընթացքում: Երևի Պետոն լսում է մեզ ու շնորհակալական խոսքն է ասում, որ մենք կարողանում ենք նրա վառ օրինակը փոխանցել մատաղ սերնդին:
Մեր ընկերները այսօր մեզ զրկել են սխալվելու իրավունքից, մենք իրավունք չունենք նրանց գործը չտանել մինչև վերջ, մենք իրավունք չունենք չունենալ կազմակերպված բանակ, իրավունք չունենք միասնական չլինել, որպեսզի հայ ժողովրդի ապագան տեսնենք անվտանգ ձեռքերում: Իմ աշխատության մեջ փորձել եմ գտնել այն ընդհանրացնող թերությունը, որը հասցրել է մեզ այսպիսի տկարության աստիճանի: Եվ այդ հատկանիշը ես բնութագրել եմ այսպես` մենք վտանգի պահին միշտ միասնական ենք, բայց խաղաղ պայմանները մենք լիարժեք չենք օգտագործում ապագա վտանգներին դիմակայելու համար: Բայց մենք կարողացել ենք օգտագործել բոլոր ուժերը՝ պետություն կերտելու համար: Պետոյի պես մարդկանց շնորհիվ է, որ ունենք անկախ Հայաստան: Նրա օրինակը պետք է վառ մնա ու տարածվի յուրաքաչյուր հայորդու մեջ»,- ասաց Սեյրան Օհանյանը: