Փոխարժեքներ
19 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.89 |
EUR | ⚊ | € 410.12 |
RUB | ⚊ | ₽ 3.87 |
GBP | ⚊ | £ 491.13 |
GEL | ⚊ | ₾ 142.5 |
Փորձ արվեց բանակցությունների միջոցով քաղաքական ուժերի և նախագահի միջև փոխհամաձայնություն ձևավորել երկրի կառավարման նկատմամբ, բայց հետո այդ համաձայնությունները չիրականացվեցին, դրա համար էլ համաձայնագիր չստորագրվեց: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահրամ Բալայանը՝ անդրադառնալով հարցին՝ ինչու այդպես էլ կոնսոլիդացիա չեղավ Արցախում քաղաքական ուժերի միջև, որի մասին խոսում էր նախագահ Արայիկ Հարությունյանը:
Նա նշեց, որ նախատեսվում էր հուշագիր ստորագրել ու առաջ շարժվել, այդ հուշագիրը պետք է ուղղված լիներ կառավարության նոր կառուցվածքին, կադրերի նշանակմանը և անելիքներին, սակայն համաձայնություն ձեռք չբերվեց, քանի որ վերջում նախագահը հրաժարվեց այդ ամենից:
Հարցին՝ հնարավո՞ր է ՀՀ իշխանություններն են պատճառը, որ այդ հուշագիը չստորագրվեց, Բալայանը պատասխանեց. «Հնարավոր է, կարող ենք ենթադրել, որ հայաստանյան իշխանություններն էլ որոշակի ազդեցություն ունեցան, որ չհամագործակցեն այդ ուժերի հետ, դա ամենահավանական տարբերակներից մեկն է»:
Դիտարկմանը՝ վերջերս Արցախում ընդդիմության կողմից բարձրաձայնվում է, թե փակ քննարկումներ են տեղի ունենում ՀՀ իշխանությունների ու Արայիկ Հարությունյանի միջև, որոնք Արցախի գլխին նոր վտանգ կարող են բերել և հարցին՝ նման վտանգ տեսնո՞ւմ է , Բալայանը նշեց՝ այո: «Այդ մարդկանցից՝ առաջին հերթին ՀՀ իշխանություններից և Արցախում նրանց ներկայացուցիչներից ամեն վտանգ էլ սպասելի է: Եթե վերլուծենք վերջին 2.5-3 տարվա զարգացումները, կտեսնենք, որ այդ մարդկանց խոսքն ու գործը բավականին իրարից հեռու են, նման պարագայում այդ վտանգները միշտ էլ կան և շատ դժվար է կանխատեսել՝ հաջորդ քայլն ինչ կարող է լինել»,- հայտարարեց նա:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Շուշիի վերաբերյալ արած հայտարարություններին, Բալայանը նշեց՝ դժվարանում է այդ մարդու մտքերը մեկնաբանել, մեկ այսպես է ասում, մեկ՝ այնպես: «Անլուրջ վերաբերմունք է ցուցաբերում, չի կարելի, որ երկրի առաջին դեմքն իրեն այդքան անլուրջ պահի հայրենիքի, երկրի ճակատագրի նկատմամբ, չի կարելի անընդհատ ժողովրդի անունը տալով՝ ժողովրդի հերն անիծել: Այս կերպ չի կարելի շարունակել: Վերջիվերջո ՀՀ ու Արցախի Հանրապետությունը, որ ստեղծվել են հենց այնպես չեն ստեղծվել, դրա համար մարդիկ արյուն ու քրտինք են թափել, տասնյակ հազարավոր ընտանիքներ են դժբախտացել: Այդ ամենից հետո կարելի՞ է նման վերաբերմունք ցուցաբերել»,- շեշտեց նա:
Ըստ Արցախի ԱԺ պատգամավորի՝ նման վերաբերմունքի պատասխանն անպայման լինելու է, լինել է անկախ նրանից՝ դու ֆիզիկապես կա՞ս, թե՝ ոչ, այդ ամենի համար պատասխան լինելու է, քո սերունդները պետք է պատասխան տան: «Այս ամենը ոչ մեկը չի բերել մեզ նվիրել, կրկնում եմ՝ դա ստեղծվել է արյան ու քրտինքի միջոցով»,- ընդգծեց նա:
Ինչ վերաբերում է Աղդամում ռուս-թուրքական դիտորդական կենտրոնի վտանգներին, Բալայանն ասաց, որ, իհարկե, դա վտանգավոր է այն տեսանկյունից, որ Թուրքիան այս վերջին շրջանում անընդհատ ակնարկում էր, որ պետք է մտնի Կովկաս և Արցախյան 2-րդ պատերազմն օգտագործեց Կովկասում իր ներկայությունն ապահովելու համար: «Ցավոք սրտի, դա նրան ինչ-որ չափով հաջողվեց: Հնարավոր է նաև ինչ-որ համաձայնություններ կան, որոնցից մենք նույնսիկ տեղյակ չենք, հետագայում գուցե պարզվի, որ այս կամ այն համաձայնությունը կա: Թուրքական զորքերի ներկայությունն Ադրբեջանում դա վտանգ է ոչ միայն հայ ժողովրդի համար, այլ նաև վտանգ է տարածաշրջանի բոլոր ժողովուրդների՝ այդ թվում ՌԴ-ի համար: Թուրքիայի ներկայիս նախագահը չի թաքցնում իր հավակնությունները հարևան երկրների՝ այդ թվում ՀՀ նկատմամբ: Սա լուրջ սպառնալիք է առաջին հերթին մեր, ապա տարածաշրջանի ժողովուրդների համար»,- շեշտեց պատգամավորը:
Հարցին էլ՝ ստեղծված իրավիճակում Արցախի անվտանգության ի՞նչ երաշխիքներ կան, նա նշեց, որ փաստացի այնպես է ստացվել, որ այս պահին Արցախի անվտանգության հիմնական երաշխավորը ՌԴ-ն է: «Ուղղակի հույս ունենք, որ այդ առաքելությունը իսկապես կկատարի ՌԴ-ն: Հույսս նրանում է, որ վերջիվերջո Արցախի հանրապետությունը և ՌԴ-ն իրար հետ նոր հարաբերությունները չեն ձևավորում, դրանք 350 տարվա պատմություն ունեն: Շահեկան կլինի երկու կողմերի դաշնակցային հարաբերությունները զարգացնել, դրանից ոչ մի կողմն էլ չի կորցնի, միայն կշահեն, մնում է դա զարգացնել, նոր հիմքի վրա դնել ու փորձել այդ ձևով հայության ինքնությունն այս տարածաշրջանում պահպանել»,- ասաց նա:
Հարցին՝ Հայաստանի իշխանություններից այս առումով սպասելիքներ չկա՞ն, նա պատասխանեց. «Մեծ ցավով եմ ասում, այսօր Ստեփանակերտից որ նայում եմ, նույնիսկ չեմ տեսնում, որ այդ իշխանությունները Հայաստանի անվտանգության երաշխավորն են: Ի վիճակի՞ են նրանք ՀՀ անվտանգությունը երաշախավորել, էլ չեմ խոսում Արցախի մասին, որովհետև մեզ՝ Արցախում ապրող հայության համար, անչափ կարևոր է Հայաստանի ինքնիշխանությունը պահելը: Համայն հայության հույսի վերջին կղզյակն է ՀՀ-ն: Պետք է ամեն գնով այդ երկիրը պահել, ՀՀ-ն հայության մերանն է և պետք է այդ մերանը պահել»:
Հեղինակ Ամալյա Առաքելյան