կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-29 16:30
Հասարակություն

Նա մեկնել է այս աշխարհից` իր հիմնական գործը կատարած

Նա մեկնել է այս աշխարհից` իր հիմնական գործը կատարած

Արամ Մանուկյանի մահվան 100-րդ տարելիցը հոգու կանչով նրա շիրիմի մոտ էր բերել ոչ միայն ՀՅԴ անդամների, այլև պետական անվանի գործչի հիշատակը գնահատող բազմաթիվ հայորդիների:  Նրանք և մեր ժողովուրդը ավելի քան մեկ դար է, ինչ դասեր են քաղում Արամ Մանուկյան պետական գործչի և պարզապես օրինակելի ու հայրենասեր մարդու ապրած կյանքից:

Դաշնակցական հրապարակագիր Վաչե Բրուտյանն իր խոսքում հատկապես կարևորեց Արամ Մանուկյանի մարդկային, գաղափարական և պետականաշինության արժանիքները: Նրա կարծիքով` Արամն աճել էր գաղափարական աշխարհի այն մեծ ձուլարանում, որը ստեղծվել էր Դաշնակցության կողմից: Նա առաջիններից էր մեզանում, որ գործնականորեն ցույց տվեց, թե ինչ են նշանակում համաժողովրդական բանակ ասվածը, ազգ-բանակ համագործակցությունը և պետականության արժեքը մասնավորապես հայ ժողովրդի համար:

«Մենք նշեցինք Հայոց բանակի 27-ամյակը, իսկ այսօր` Արամ Մանուկյանի մահվան 100-րդ տարելիցը: Կարծես տարօրինակ զուգադիպությամբ է այդպես ստացվել, որ թվում է, թե նա մեկնել է այս աշխարհից` իր հիմնական գործը կատարած: Առաջին հանրապետության և պետական բանակի հիմնադրման մեջ նա ստանձնել էր կենտրոնական գործառույթ: Նա նաև այն գաղափարական կուսակցության ու դաշտի ներկայացուցիչն էր, որն առաջադրում էր ազատագրել հայ մարդուն բռնություններից, հայությանը ցանկանում էր համախմբել իր հայրենի հողի վրա` նրան օժտելով պետականությամբ, որովհետև միայն անկախ պետականությունն է կարող երաշխավորել ժողովրդի ապահով և բարգավաճ ապագան»,- ասաց Բրուտյանը:

ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ, պատմական գիտությունների դոկտոր  Խաչատուր Ստեփանյանն այսօրվա սերնդի համար հայրենանվեր գործունեության լավագույն օրինակ է համարում Արամ Մանուկյանի կյանքը, մի անհատի, որը պատկանում է ոչ միայն ՀՅԴ կուսակցությանը` իր հայացքներով և գաղափարներով, այլև ողջ հայությանը` Հայաստանում և Սփյուռքում:  «Դա վերաբերում է մեծ հայի ապրած յուրաքանչյուր օրվան և անգամ մահվանը, երբ նա, անտեսելով վարակվել այն ժամանակ անբուժելի հիվանդությամբ, չէր զլանում լինել սիրելի ժողովրդի կողքին, իսկ վարակվելուց  հետո այդպես էլ չմեկնեց արտերկրում բուժվելու` իրեն վեր չդասելով տիֆից ամեն վայրկյան մահացողներից, որոնք հնարավորություն չունեին բուժվելու»,- ասաց նա:

Ըստ պատմաբանի` բոլորովին պատահական չէր այն հանգամանքը, որ հայ ժողովուրդը, գնահատելով սեփական զավակի արժանիքները, նրան տվել էր Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրի պատվավոր կոչումը` անգամ աստվածացնելով նրան, ով ապրեց ժողովրդի կողքին` կիսելով նրան բաժին ընկած դժվարությունները, կարիքները, ինչպես նաև հաղթանակի բերկրանքն ու ուրախությունը:

Արամ Մանուկյանի մասին նոր չէ, որ պետք է պատկերացում կազմենք: Պարզապես նա կարող է օգնել ամեն մի հայի` հասկանալու համար հայրենիքի ու պետականության իրական արժեքը: