Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արբանյակային պատկերները ցույց են տալիս, որ 2023 թվականի հոկտեմբերի 5-ից մինչև 2024 թվականի ապրիլի 30-ը Արցախի Հանրապետության Կովսական շրջանի 19–րդ դարի Տանձատափ եկեղեցու մեծ մասը վնաս է կրել: Այս մասին ահազանգում է և լուսանկարներ ներկայացնում Caucasus Heritage Watch-ը։
Նշվում է, որ տանիքի մեծ մասը փլուզվել է, ինչպես նաև հարավային պատը, որտեղ տեղադրված էր խաչով փորագրված քար:
Եկեղեցու մասին՝ monumentwatch.org-ից․
Տանձատափի եկեղեցու մասին տեղեկությունները շատ քիչ են։ Հիմք ընդունելով ճարտարապետական-հորինվածքային լուծումները և պատմական իրողությունները եկեղեցին թվագրվում է 19-րդ դարի երկրորդ կեսով։
Ճարտարապետական-հորինվածքային քննություն
Եկեղեցին ուղղանկյուն հատակագծով, արևելյան կողմում կամարաձև ներգծված խորանով և զույգ ավանդատներով միանավ սրահ է: Կիսագլան թաղը հենվում է զույգ որմնասյուներով կազմվող կամարների վրա, տանիքը երկթեք է, արտաքին չափերն են՝ 14,50x8,30 մետր։
Կառուցված է տեղական անմշակ քարով և կրաշաղախով։ Սրբատաշ քարերն օգտագործվել են կառույցի անկյունային հատվածներում, թաղակիր կամարների ու որմնասյուների, մուտքի դռան ու պատուհանների հատվածներում, որոնք հետագայում հիմնականում քանդվել են վերօգտագործման նպատակով։ Ներքուստ ծեփապատ է։ Միակ մուտքը, որն այժմ ամբողջությամբ ավերված է, հարավից է: Եկեղեցին ունի յոթ լուսամուտ, որոնցից երեքը բացվում են ավագ խորանի և ավանդատների հատվածներում (արևելյան պատ), երկուսը՝ հարավային, մեկը արևմտյան պատերի մեջ: Խորանի հատվածում և աղոթասրահի հյուսիսային պատում առկա են խորշեր։ Հարավային պատի վրա, մուտքից ձախ, տեղադրված է խաչապատկեր։ Կառույցի շուրջը փռված է եղել համաժամանակյա գերեզմանատունը, որն ավերվել է 1989-1993 թվականներին։
Հետազոտող Ս․ Կարապետյանն իր «Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում» գրքում ներկայացնելով գյուղն ու եկեղեցին, անդրադառնում է նաև եկեղեցու շուրջը գտնվող ավերված գերեզմանոցից պահպանված առձանագիր տապանաքարին, որը թվագրում է 1882 թվական։