Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Եթե Հրանտ Մարգարյանն իր թեկնածությունը բացառած չլիներ, այս Ընդհանուր ժողովը, որպես Բյուրոյի անդամ, կընտրեր նաև նրան: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի նորընտիր ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը:
Հարցին` ՀՅԴ-ի սխալներն արդյո՞ք պայմանավորված էին Հրանտ Մարգարյանի գործունեությամբ, նա պատասխանեց. «Հրանտ Մարգարյանը ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչն էր վերջին 19-20 տարիներին: ՀՅԴ-ն չունի միանձնյա ղեկավարության շուրջ համախմբվելու սկզբունք»:
Հակադարձմանը, թե Հրանտ Մարգարյանն իր ելույթում հայտարարեց, որ իր դեմ կային խմորումներ, Տեր-Խաչատուրյանն արձագանքեց, որ կցանկանար մի քանի բան հստակեցնել: «ՀՅԴ-ն միշտ գործել է հավաքական ղեկավարության սկզբունքով` իր բոլոր մարմիններում: Անշուշտ, անձնական խառնվածքի իմաստով, կարող են տպավորություններն այլ լինել, բայց իրականությունն այն է, որ որոշումները կայացված են եղել հավաքականորեն, զետեղված են Ընդհանուր ժողովների, ընդհանուր ռազմավարության մեջ: Ընդհանուր ժողովի որոշումներն էլ պարտադիր են բոլոր շարքային անդամների և մարմինների համար: Պետք է ասեմ, որ Հրանտ Մարգարյանը վայելում էր հարգանքը ոչ միայն Բյուրոյի կազմում` իր գործունեությամբ: Դրանից առաջ նա եղել է Հայաստանի ԳՄ անդամ և ղեկավար, Արցախի ազատամարտի մասնակից և Իրանի ու Լիբանանի միջև քաղաքացիական պատերազմների ժամանակ այդ համայնքների հայության պաշտպան»,- ասաց նա և ընդգծեց. «Ուստի չպետք է կասկած լինի, թե սա աշխատանք էր, որպեսզի ընկեր Հրանտը մնա հեռու: Նա ցանկացավ չառաջադրել իր թեկնածությունը և, որպեսզի կանխի որևէ կասկած, այդ հայտարարությունը կատարեց ժողովի բացման խոսքում»:
ՀՅԴ Բյուրոյի նորընտիր նախագահ Արմեն Ռուստամյանն էլ հավելեց, որ չպետք է որևէ կերպ մեկնաբանել Հրանտ Մարգարյանի չլինելը որպես Բյուրոյի վարած քաղաքականության մերժում: «Նման բան գոյություն չունի: Նախորդ Բյուրոն 11 հոգանոց է եղել, որոնցից 9-ը չեն փոխվել: Ակնհայտ է, որ սա այդ գնահատականի հարցը չէ: Այո, Հրանտը կատարել է քայլ, որը շատ ավելի ակնհայտ դարձրեց այն, որ այս կուսակցությունն անձի շուրջ ձևավորված կուսակցություն չէ: Այս կուսակցությունն ունի մարմին, որը Դաշնակցությունը ղեկավարում է կոլեգիալ կերպով, և մի անձի լինել-չլինելը որևէ բան չի կարող փոխել կուսակցության ընդհանուր ուղեգծի և մոտեցումների մեջ»,- շեշտեց նա: