կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-27 21:33
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ով էլ ընտրվի ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ՝ լինելու ենք զինվոր այս կազմակերպության․ Հակոբ Տեր-Խաչատուրյան

Ով էլ ընտրվի ՀՅԴ Բյուրոյի նոր ներկայացուցիչ՝ հիմիկվանից ես հաջողություն եմ մաղթում և ասում եմ, որ մենք լինելու ենք զինվոր այս կազմակերպության՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը՝ անդրադառնալով ՀՅԴ վաղը մեկնարկող 34-րդ Ընդհանուր ժողովում Բյուրոյի նոր կազմ ընտրելու հարցին։

«ՀՅԴ գործն, ընդհանրապես, չի ավարտվում։ Բնականաբար, շատ բաներ կիսատ են, բոլորս էլ տրամադրված ենք այս կազմակերպության։ Բայց ես միշտ ասել եմ և ասում եմ՝ ինձ համար կաևոր չէ՝ Բյուրոյի անդամ եմ, թե ոչ, ես, որպես դաշնակցական, բերելու եմ իմ բաժինը, մնացածը ժողովի որոշումն է»,-ասաց Հակոբ Տեր-Խաչատուրյանը Եռաբլուրում, որտեղ ամբողջ աշխարհից ժամանած պատվիրակների հետ ծաղիկներ խոնարհեց նահատակ զինվորների հիշատակին։

Նա փաստեց, որ իրենց ժողովները պարզապես ձևական չեն, իսկապես վճորոշ ժողովներ են։

Ընդհանուր ժողովը, նրա խոսքով, ունի բազմաթիվ օրակարգեր․ ամենագլխավորը ՀՅԴ քաղաքական ընդհանուր ռազմավարությունը ճշտելն է, Հայ Դատի ուղղությունները և առաջնահերթությունները ճշտելն է, ներազգային ճակատի վրա հարաբերությունները ճշտելն է, այսինքն, համահայկական այլ կազմակերպությունների հետ հարաբերությունները՝ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու, Հայաստանի և Արցախի իշխանությունների, ինչպես նաև անհատների, որոնք դերակատար են հայ կյանքի մեջ։ Ժողովը քննելու է նաև ներքին կազմակերպական ու տնտեսական հարցեր։ Այդ պատճառով է, որ ժողովը 7-10 օր շարունակվում է։

Հակոբ Տեր-Խաչատուրյանը ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ է ընտրվել 2019 թ-ին՝ մարտահրավերներով լեցուն մի ժամանակաշրջանում։ Ասում է՝ մանավանդ որ 2019 թ-ին, երբ ընտրվեց այս Բյուրոն, դեմ հանդիման գտնվեց Հայաստանի մեջ նոր իրողության, որովհետև նոր իշխանությունները Հայաստանի մեջ մեկ տարի է գործում էին, բայց տակավին չէր սկսվել այն տխուր ժամանակաշրջանը, որ շատ ավելի վատացավ 2019-ի վերջում։

«Ավելին, Թագավարակի համաճարակն ունեցանք, որն ազդեց ոչ միայն անհատապես յուրաքանչյուր հայի, այլ նաև համայնքների, հայրենիքի վրա, և տագնապի մատնեց մի շարք շրջաններ, օրինակ, Լիբանանը, Սիրիան, և անշուշտ Հայաստանն ու Արցախը։ Ավելացավ Լիբանանի պայթյունը։ Իսկ ամենաաղետալին 2020 թ-ի սեպտեմբերյան պատերազմն էր։ Սա պատերազմ էր, որից այս իշխանությունը պետք է ամեն գնով խուսափեր, բայց իր վարք ու բարքով, իր հռետորաբանոււթյամբ, ընդհակառակը, ավելի գրգռեց։ Եվ նկատի ունենալով, որ 2018թ-ից հետո Հայաստանը հատուկ ուշադրություն չէր դարձրել հայ-ռուսական, հայ-իրանական հարաբերություններին, դրա համար, դժբախտաբար, այդ շրջանում բոլոր նախադրյալները կային, որ այս պատերազմը սկսելուց հետո անպայմանորեն չունենար հաջող ելք, և բոլորս ականատես եղանք մեր նորագույն պատմության ամենամեծ պարտության»,-ասաց Հակոբ Տեր-Խաչատուրյանը։

Ընդհանուր ժողովը, որ ՀՅԴ համազգային կառույցի բարձրագույն ժողովն է, գումարվում է 4 տարին մեկ անգամ։ 34-րդ Ընդհանուր ժողովն առաջինն է Արցախյան 44-օրյա պատերազմից հետո և կընթանա մինչև մարտի 8-ը։

Աննա Բալյան

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․