կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-23 11:46
Առանց Կատեգորիա

Սպաների համար պետք է արժանապատիվ պայմաններ ապահովել. Տիգրան Աբրահամյանը՝ ՊՆ ծրագրի մասին

Սպաների համար պետք է արժանապատիվ պայմաններ ապահովել. Տիգրան Աբրահամյանը՝ ՊՆ ծրագրի մասին

Պաշտպանության նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Մատչելի բնակարան զինծառայողներին» վերտառությամբ ծրագիր, որով սպայական կազմի զինծառայողների համար մատչելի ու արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկա­վոր­ման հնարավորություն է խոստանում: Մասնավորապես` զինծառայողները կարող են օգտվել 20 տարի ժամկետով հիփոթեքային արտոնյալ վարկավորման ծրագրից` առավելագույնը 7% տարեկան տոկոսադրույքով, և պետության կողմից բնակարանի արժեքի 10% կանխավճար վճարելու, տոկոսադրույքի 3%-ի սուբսիդավորումից, իսկ անմիջապես կառուցապատողից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու դեպքում նաև մնացած 4%-ի վճարումն իրականացվում է օրենքով սահմանված եկամտային հարկի հետ վերադարձման միջոցով: Թե որքանով է այն մատչելի, արտոնյալ և հասանելի սպայական կազմի համար, որքանով է երաշխավորում, առանց այլ խնդիրների ծագման, բնակարանային հարցի լուծում, նաև այլ հարցերի շուրջ yerkir.am-ը զրուցել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի խորհրդական Տիգրան Աբրահամյանի հետ: Հավելենք, որ ծրագիրը ոչ բոլոր զինծառայողների վրա է տարածվում:

- Պետք է գիտակցել, որ սպաների մասով ցանկացած որոշում, ցանկացած լուծում պետք է առաջին հերթին քննարկել սպայակազմի հետ: Սպաների սոցիալ-կենցաղային խնդիրները պետք է խորքային վերլուծության ենթարկել, որպեսզի հնարավոր լինի հասնել արդյունավետ լուծումների:

Երկրորդ՝ պետք է հաշվի առնել, որ մեր քայլերը ոչ միայն պետք է ուղղված լինեն զինվորական ծառայության մեջ կամ պահեստազորում գտնվող սպաների շահերը շոշափելուն, այլև բոլոր այն երիտասարդների, որոնք պոտենցիալ սպա են և ինչ-որ փուլում կարող են ռազմական կրթություն ստանալ ու համալրել սպայական շարքերը:

Պետության կողմից բնակարան տրամադրելու հարցը, որպես խթանիչ գործոն, ցանկացած սպայի համար առանցքայիններից է, կա ու կլինի, և այս հարցին պետք է մշտապես շատ լուրջ ուշադրություն դարձնել:

Այս տեսանկյունից ես կարծում եմ՝ վերոնշյալ ծրագիրն առավելապես իրավիճակային, ժամանակավոր լուծում է, և ժամանակի ընթացքում դրա պայմանները կտրուկ կբարելավվեն:

- Ի՞նչ ռիսկեր եք տեսնում ծրագրի դրույթներում:

- Առանձին պետք է դիտարկել Հայաստանն ու Արցախը, որովհետև հենց միայն բնակֆոնդի առումով մեծ տարբերություններ կան Երևանի և Ստեփանակերտի, Արցախի շրջանների ու հայաստանյան մարզերի միջև: Արցախում սպաների համար նախատեսված բնակարանաշինությունը պետք է շարունակվի, հատկապես՝ շրջաններում: Կարծում եմ՝ պետք է իրապես արտոնյալ պայմաններով հիփոթեքային փաթեթ առաջարկել այն սպաներին, որոնք ցանկանում եմ արագ ձեռք բերել սեփական բնակարան, բայց բնակարանաշինական ծրագիրը պետք է պահել: Նաև` սպան, որն այդ ծրագրից է օգտվում, պետք է գիտակցի, որ, օրինակ, բնակարանի իր հերթը կարող է հասնել 20 կամ 25 տարի հետո:

Մյուս տեսանկյունից` Արցախի Մարտակերտի, Մարտունու շրջաններում կամ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում հիփոթեքով բնակարան ձեռք բերողին ռիսկային առումով դժվար է համեմատել Արարատի, Արմավիրի մարզի շահառուների հետ: Կամ՝ պատկերացրեք, տարին 80-100 մարդ Ստեփանակերտում լրացուցիչ բնակարան գնի, նաև բնակֆոնդի խնդիրներով պայմանավորված` կտրուկ գնաճ կլինի այդ շուկայում՝ իր հետ բերելով մեծ թվով այլ խնդիրներ, էլ չեմ ասում, որ մի քանի տարի հետո պարզապես բնակարանային դիֆիցիտ կլինի: Իսկ օրինակ՝ երևանի դեպքում այդ ռիսկը կարելի է ասել չկա:

Եվ ամենակարևորը՝ պետք է հստակ գիծ քաշել 15-20 տարի մարտական հերթապահություն կրող և նույնքան ռեզերվային զորամասերում, կենտրոնական ապարատում ծառայող սպաների միջև: Բոլորն էլ մեր սպաներն են, յուրաքանչյուրն` իր գործառույթներով, սակայն յուրաքանչյուր օղակում պետք է տարբերակում մտցնել` սպան որքան է ծառայել առաջին, երկրորդ, երրորդ կարգի զորամասերում: Սա միայն սպայի ծառայողական խնդիր կամ բարդություն չէ, այդ զորամասերի համար հատկացված հատուկ տարածքներում են գտնվում նաև նրանց ընտանիքները, և այս սպաների նկատմամբ արտոնությունները պետք է առավել ընդգծված լինեն:

- Թեմայից մի փոքր շեղվենք.  նախընտրական շրջանում շատ խոսվեց պայմանագրայինների թիվը մոտ 20.000-ով ավելացնելու մասին, որքանո՞վ է այն հնարավոր` ներկայիս տնտեսական և այլ պայմաններ հաշվի առնելով, և ի՞նչ բարեփոխումների ու պրոֆեսիոնալ մոտեցումների անհրաժեշտություն կա այս ոլորտում: Չե՞ք կարծում, որ պետք է աստիճանաբար բացառել այն, որ սահմանին մոտ ապրող գյուղացին հացի փող ունենալու համար համալրի պայմանագրայինների շարքը, այլ ավելի խիստ պայմաններ լինեն, ինչն, իհարկե, լուրջ աշխատավարձ է ենթադրում:

- Ընտրական շրջանում պուպուլիզմի չափաբաժինը կտրուկ մեծանում է: Չեմ էլ ցանկանում դրանց վրա առանձին ժամանակ ծախսել: Հիմնականի մասին կխոսեմ: Իսկ ո՞վ է որոշել, որ մեր երկրում լրացուցիչ 20,000 մարդ ուզում է ծառայել բանակում, այլ ոչ թե զբաղվել իրավաբանությամբ, տնտեսությամբ, կրթությամբ կամ արհեստով: Ո՞ր քաղաքական ուժն է հաշվարկել, թե ներկայիս տեխնիկական հագեցվածության, ռազմաքաղաքական իրադրության, աշխարհաքաղաքական զարգացումների պայմաններում ինչ խնդիր ունեն զինված ուժերը և այդ խնդիրները լուծելու համար որքան անձնակազմ և տեխնիկական միջոցներ են անհրաժեշտ: Ուրիշ բան, որ պետք է սպաների, պայմանագրայինների աշխատավարձերը, հավելավճարները էականորեն բարձրացնել: Բայց, օրինակ, նույն քարոզարշավին քաղաքական ուժերը, միմյանց հերթ չտալով, թվեր են հնչեցնում՝ պայմանագրայինների աշխատավարձը պետք է դարձնել 450 հազար, մյուսն ավելի մեծ թիվ է հնչեցնում, կարծես մրցավազքի դուրս եկած լինեն: Այն, որ զինվորականները մեր հասարակության ամենաթանկ ու ամենահարգված մարդիկ պետք է լինեն, կարծում եմ, սրա շուրջ նույնիսկ քննարկում չի կարող լինել, բայց պետք է ամեն ինչ տրամաբանության մեջ լինի, անհարկի սպասումներ պետք չէ ձևավորել: Դեռ չեմ խոսում, թե որտեղից, ինչու հենց այդքան և այլն: Եթե պայմանագրայինների աշխատավարձը նման թիվ կազմի, պետք է դրան համահունչ բարձրացնել նաև սպայականը, ենթասպայականը, էլ չեմ ասում` շարքային անձնակազմինը, որը ևս բարձրացման անհրաժեշտություն ունի: Պատրա՞ստ է այս պահին դրան պետության, հարցրեք տնտեսության պատասխանատուներին, ես կարծում եմ՝ ոչ: Բայց մի բան գիտեմ՝ եթե պայմանագրայինների (դիրքապահների մասին է խոսքը) աշխատավարձը 1-2 տարվա ընթացքում 230-250 հազար էլ կազմի, մենք ոչ միայն մեր խնդիրը գոնե առաջիկա 3-4 տարիների համար լուծած կլինենք, այլ նաև լրացուցիչ համալրում կապահովենք: Իսկ պայմանագրայիների հաստիքները տարբեր են` զորամասում ծառայող վարորդից, շտաբային ծառայողի հաստիքից՝ մարտական հերթապահություն կրող զինծառայող, որոնց պետության կողմից փոխանցվող գումարները տարբեր են: Կրկնում եմ՝ դրան համահունչ, իհարկե, պետք է բարձրանան սպաների աշխատավարձերը:

Մի խոսքով` ճիշտ կլինի, որ թեմայի մասին խոսեն, այն մեկնաբանեն միայն այն մարդիկ, որոնք կոմպետենտ են: Զինված ուժերը քարոզչական օբյեկտ չեն, պետք է հեռու պահել սիրողական մակարդակի հայտարարություններից:

 

 Զրուցեց Մարիամ Պետրոսյան