Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ արտահերթ նիստում, երբ քննարկվում էր կառավարության ներկայացրած` սահմանամերձ համայնքներին արտոնություններ տալու մասին հարցը, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ելույթում նշեց, որ կառավարության ներկայացրած օրինագիծը, իհարկե, դրվատանքի խոսքերի է արժանի, սակայն թող տպավորություն չստեղծվի, որ այդ օրինագծով սահմանամերձ համայնքների բոլոր խնդիրները լուծվեցին:
Պատգամավորի խոսքով` օրինագիծը լուծում չի տալիս մի շատ կարևոր հարցերի, դրան ականատես եղան պատգամավորները, երբ օգոստոսի վերջին սահմանային լարվածության օրերին եղան սահմանամերձ գյուղերում: «Այդ օրերին մենք այցելեցինք ամենախոցելի գյուղերը, որոնք ոչ թե սահմանի տակ, այլ սահմանի վրա գյուղեր են: Հիմա սահմանապահ բառը կօգտագործեն, թե` սահմանամերձ, դա էական չէ: Լուրջ պրոբլեմ կա` կապված այդ գյուղերի անվտանգության հետ, այդ հարցը պետք է պահել օրակարգում, բայց այս օրենքով այդ խնդիրը չի լուծվում: Այս օրենքում ներառված չէ, թե ինչպես այդ մարդկանց կյանքն ու կենսապայմանները պետք է ապահովվեն: Ներքին Կարմիրաղբյուրում չկա մի տուն, որ վնասված չլինի, պետք է օգնենք այդ մարդկանց տները վերանորոգել: Այգեպարում խնդիր է դրված` պարիսպ կառուցել, որ երեխաները կարողանան դպրոց գնալ:
Սահմանամերձ և սահմանապահ կարգավիճակի տարբերակումը չի նշանակում խտրականություն, կա սահմանամերձ էլ, սահմանամերձ էլ: Այս խնդիրը պարտավոր ենք լուծել, մի առանձին լուծման ընթացք պետք է սկսել, ես դա եմ հորդորում կառավարությանը: Ուրեմն պետք է սահմանել սահմապահ գյուղեր կարգավիճակը, դա հեշտ է սահմանել, դրանք այն գյուղերն են, որոնք մշտապես գտնվում են թշնամու թիրախի տակ, գնդակոծության տակ ու ապրում են բանակային ռեժիմով: Դրանք 10-15 գյուղեր են: Պետք է այդ գյուղերի համար ապահովել ռազմական բազայի պահպանմանը բնորոշ պայմաններ, որտեղ թե' անվտանգության պայմանները կերաշխավորվեն, թե' կենսաապահովման պայմանները և թե' մոբիլիզացիոն ու ինքնապաշտպանական պայմանները: Այդ խնդիրները, հարգելի' կառավարություն, լուծված չեն»:
Արմեն Ռուստամյանը կարծիք հայտնեց, որ գյուղերի ինքնապաշտպանության ու ռազմական ապահովման հարցը նաև պաշտպանության նախարարության հարցն է: Նրա խոսքով` երբ կառավարությունը առաջնահերթություններ է ճշտում, կարելի է երկու դպրոց կամ մշակույթի տուն քիչ կառուցել, բայց այդ գյուղերի ռազմական պաշտպանության ու ինքնապաշտպանության խնդիրը պարտավոր են լուծել:
«Ես խնդրում եմ այս հարցի հետ կապված առանձին քննարկում անեք ու լուծում գտնեք, որ մարդիկ հասկանան, որ հոգածությամբ ենք վերաբերվում այն մարդկանց, ովքեր թշնամու թիրախի տակ են: Սահմանապահ ռեժիմը պետք է հատուկ սահմանվի այդ գյուղերի համար»,- ասաց Արմեն Ռուստամյանը: