Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանում իշխանափոխությունից հետո ունիկալ իրավիճակ է ստեղծվել. լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց «Քաղաքական հետազոտությունների ակադեմիա» ՀԿ-ի ղեկավար Ալեքսանդր Մանասյանը:
Նրա խոսքով` թեև շատերն ասում են, որ ընդդիմություն են, բայց հիմա չունենք ընդդիմադիր քաղաքական դաշտ: Մանասյանի խոսքով` ընդդիմությունը մինչև ընտրություններ է հայտնի լինում` քաղաքական բանաձևերով, նախագծով:
«Հիմա «Լուսավոր Հայաստանն» ասում է` ես կգնամ ու ընդդիմադիր կդառնամ, բայց ո՞րն է եղել ԼՀԿ-ի քաղաքական այն ուղեգիծը, որը տարբերվել է «Իմ քայլ»-ից: ԼՀԿ-ն ընդդիմություն դառնալու շանսեր չունի, ընդդիմադիր ուժերի բաժանումը մեզ մոտ հանգում է պաշտոնների բաժանման: Կուսակցական պայքարն այն չէ, որ սպասեն` իշխանությունը մի բան ասի ու իրենք հակաճառեն, ոչ, գաղափարական դաշտում է պետք ընդդիմադիր լինել»,- ասաց Մանասյանը:
Նա նշեց նաև, որ եթե մինչ իշխանափոխությունը քաղաքական իշխանությունը գտնվում էր տնտեսական մարդու ձեռքին, ապա այժմ իշխանությունը բաժանվել է երկու մասի` գործադիրը հայտնվել է քաղաքական մարդու ձեռքին, իսկ օրենսդիրը մնացել է տնտեսական մարդու ձեռքին: «Ընտրություններից հետո ստեղծվել է մի այլ իրավիճակ` քաղաքական մարդը մենաշնորհ ունի իշխանության և՛ օրենսդիր, և՛ գործադիր մարմիններում, բայց տնտեսական մարդու ներկայությամբ` ԲՀԿ-ի ներկայությամբ: Ողջ համաշխարհային պատմությունը ցույց է տալիս, որ տնտեսական մարդու քլունգը դանդաղ գրավում է քաղաքական իշխանությունը: Մինչև մեզ մոտ տնտեսական ու քաղաքական մարդու հարաբերությունը չլուծվի գիտական հիմքի վրա` որոշ ժամանակ հետո մենք ունենալու ենք նոր օլիգարխների ցուցակ, կամ էլ նրանց սեփականությունը խլելու են, բյուջեն են վերցնելու` պարգևատրությունների միջոցով, որովհետև կոռուպցիայի դեմ պայքարն ուղղված է անցյալին, այլ ոչ թե ներկային»,- ասաց Մանասյանը:
Նրա խոսքով` նոր իշխանությունն այդպես էլ տնտեսական կոնցեպցիա չի ներկայացրել: