կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-06 20:28
Առանց Կատեգորիա

Մի՛ դարձեք Թուրքիայի «քլունգը»

Մի՛ դարձեք Թուրքիայի «քլունգը»

Երեկ մի քանի սփյուռքահայ մտավորականների` Հայաստանից Սփյուռքի օտարվածության մասին դիտարկումները և, որպես դիտորդ, 2017թ. ընտրություններին հետևելու նախաձեռնությունը հայաստանյան հասարակական որոշակի շրջանակներում լուրջ ռեզոնանսներ են առաջացրել: Եթե փորձենք կարճ ձևակերպել դրանց հիմնական միտքը, ապա այն մոտավորապես հետևյալն է` Սփյուռքը բարոյական իրավունք չունի տաքուկ անկյուններից մեզ դասեր տալու, թե ինչպես պետք է ճիշտ ապրել: Որքան էլ ամոթալի է խոստովանելը, հայաստանյան հասարակությունում նման կերպ մտածողները քիչ չեն:

Արցախյան ազատամարտը ներառյալ՝ անկախ Հայաստանի կյանքում չի եղել քիչ, թե շատ դրամատիկ որևէ իրավիճակ, երբ Սփյուռքը Հայաստանում արդարացիորեն դաժան քննադատության չենթարկվի ցուցաբերած անտարբերության համար: Անցած ամբողջ 25 տարիների ընթացքում համառորեն հենց այն ուղերձն էր հղվում Սփյուռքին, որ եթե իսկապես իր հայրենիքը համարում է փոքրիկ այս հողակտորը, Հայաստանի այս ծվենը, ապա պետք է ակտիվ արձագանքի այստեղ արձանագրվող բոլոր հիմնահարցերին, դրսևորի ակտիվ քաղաքական, քաղաքացիական դիրքորոշում: Եվ ահա հիմա, երբ 25 տարի անց Սփյուռքը վերջապես հղում է արթնանալու, ներհայաստանյան օրակարգի հանդեպ որոշակի դիմագիծ որդեգրելու ազդակներ, հանկարծ պարզվում է, որ ում-ում, բայց հատկապես Սփյուռքի կարիքը բոլորովին չունենք: Հայաստանում թերևս չի գտնվի քիչ, թե շատ բանական որևէ մարդ, ով չի հպարտացել սփուռքահայ այդ նույն մտավորականների՝ Ատոմ Էգոյանի, Շառլ Ազնավուրի, Սերժ Թանկյանի, Ռուբեն Վարդանյանի ազգակիցը լինելու, նրանց հետ նույն պատմական հիշողությունը, նույն արժեհամակարգը կրելու համար: Այդ պահերին նրանց` հայ լինելն ընկալվում է որպես  Հայաստանը միջնորդավորված ներկայացնելու միջոց: Ոչ ոք դրանից, չգիտես` ինչու, իր` հայաստանցու պատիվը ոտնավարված չի համարում: Կարևորը նրանցով ազգային սնապարծությունը բավարարելու և ինքնզինքը համաշխարհային մշակույթի լիարժեք մաս զգալու հոգեկան բավարարություն ստանալն է:

Երբ Սերժ Թանկյանը բաց նամակագրությամբ Հայաստանում առկա իրավիճակի համար ամենասուր քննադատության էր ենթարկում Հայաստանի իշխանություններին, երբ Շառլ Ազնավուրը, լինելով հանդերձ Հայաստանի դեսպանը Շվեյցարիայում, Հայաստանում տիրող բարքերը որակում էր «գանգստերական» և քննադատելիս քարը քարին չէր թողնում, հայաստանյան հասարակությունում համընդհանուր էյֆորիա էր: Այդ ժամանակ ոչ ոք չէր ուզում մտածել՝ դրանով Սփյուռքի մտավորականները դա՞ս են տալիս, թե՞ ոչ: Փաստորեն, քանի դեռ Սփյուռքը  հեռավորությունից էր հարցեր բարձրացնում, հայաստանցիների համար, որպես «դաստիարակիչ», վտանգ չէր ներկայացնում: Բայց հենց գործը հասավ,բողոքելուց զատ, նաև իրավիճակից ելքեր որոնելուն և լավ, թե վատ առաջարկություններով հանդես գալուն, երբ սկսեցին իրերը կոչել իրենց անունով, որտեղ այդ իրերի դասավորության մեջ առանձին-առանձին յուրաքանչյուրս ունենք պատասխանատվության մեր չափաբաժինը, հանկարծ բոլորի աչքերը բացվեցին և հառնեց Հայաստանի ներքին գործերին միջամտելու` Սփյուռքի «խայտառակ»  հավակնությունը:

Իսկապես հարց է առաջանում` ինչպե՞ս պետք է իրեն պահի Սփյուռքը. կողքի է  քաշվում, հայհոյում ենք, անվանարկում, մարդկանց տարիների աշխատանքը, ներդրումը հավասարեցնում ցեխի, ուզում է ակտիվանալ, ավելի շատ ենք հայհոյում ու ավելի շատ ենք տրորում ցեխում: Ի՞նչ ենք ուզում, ի վերջո, ինքներս մեզնից, ինչպես ենք մազոխիստների նման ապրում այս համատարած խեղդող գաղջության մեջ:

Արդեն 25 տարի է` ԱՄՆ-ը, ԵՄ-ն Հայաստանի առջև ժողովրդարացման պահանջ են դնում: 25 տարի է՝ նրանք մանրադիտակով հետևում ու հետազոտում են ներպետական յուրաքանչյուր անցուդարձ, առանձին անձանց: Խելոք աշակերտի նման հետևում ենք նրանց հանձնարարականներին՝ շատ լավ հասկանալով, թե այս կամ այն չափով սպասարկում ենք ոչ թե մեր, այլ նրանց շահերը:  Եվրոպացի, ամերիկացի կամ ռուս էմիսարներին, ուրեմն, կարելի է մեզ դաս տալ,  Սփյուռքին՝ ո՞չ:

Քանի՞ հայաստանյան մտավորական է այս ընթացքում երկրում տիրող վիճակի վերաբերյալ քաղաքացիական դիրքորոշմամբ հանդես եկել: Քանի՞ հայաստանյան գործարար ու օլիգարխ է Հայաստանում զարգացման հեռանկարային երկարաժամկետ ծրագրեր առաջադրել և դրանցում համարձակվել ներդրում կատարել: Նրանցից քանի՞սն են  հրաժարվել ստամոքս լցնելու, առևտրի հսկայական ցանցեր կառուցելով`մասամբ հենց Սփյուռքի շնորհիվ Հայաստան մտնող տրանսֆերտները քամելու մեխանիզմներից, երկիրն այս մեծ, գարշահոտ արևելյան բազարի վերածելու մարազմատիկ ընթացքից:

Ինչո՞ւ եք վատ զգում, երբ ասում են` այո, դուք կրթվելու կարիք ունեք առավել, քան երբևէ, որովհետև համատարած գավառամտություն է՝ սկսած կրթությունից, տնտեսավարումից, վերջացրած քաղաքական բանսարկություններով, առուծախով ու կառավարման փտած համակարգով: Ինչո՞ւ ենք վատ զգում, երբ ցույց են տալիս, որ հենց այդ ինքնասիրահարված եսակենտրոն գավառամտությունն է մեր բոլոր դժբախտությունների պատճառը: Դրա մեղավորը Սփյուռքը չէ: Սփյուռքն ընդամենը գրում է ախտորոշման մեզ հայտնի արդյունքը: Սփյուռքը չէ մեղավոր, որ 25 տարի, բացի նրանից փող պոկելու մեխանիզմից, իրար հետ հաղորդակցվելու որևէ այլ քաղաքակիրթ, արժանապատիվ ձևաչափ չկարողացանք ստեղծել: Չկարողացանք, ուռա-հայրենասիրություն ու ազգային միասնություն խաղալով, ինքնախաբեությամբ զբաղվելու փոխարեն նստել ու թեկուզ դաժան բանավեճի միջավայրում բաց քննարկել իրարից մեզ օտարող նուրբ ու նյարդայնացնող գործոնները, արժեհամակարգային, լեզվամտածողական, փոխադարձ ռազմավարական ակնկալիքների տարբերությունները, գտնել դրանք հաղթահարելու բանալիները, մշակել գործակցության մեթոդաբանություն, ձևակերպել ընդհանուր շահեր: Եվ հիմա, երբ Սփյուռքը փորձում է, իր բոլոր պայմանականություններով, ներքին խմորումներով հանդերձ, բացվել այդ երկխոսության համար, մեկնած ձեռքը սեղմելու փոխարեն վանո՞ւմ ենք:

Աչքերը, ականջներն ու բերանները փակելու փոխարեն դուք էլ բարձրաձայնեք, ի վերջո, ձեր ակնկալիքների, մտահոգությունների մասին: Մի օր, ի վերջո, պե՞տք է հստակ պատասխանել՝ մեզ Սփյուռք պե՞տք է, թե՞ ոչ: Այս ճղճիմ քննարկումները առարկայորեն ցույց են տալիս, որ դեռ գտնվում ենք այս մակարդակում:  Կամ՝ պե՞տք է հստակեցնել Հայաստանում Սփյուռքի ներգրավվածության, պատասխանատվության օպտիմալ չափաբաժինը, որտեղո՞վ են անցնում Հայաստանում Սփյուռքի ստանձնելիք պարտավորությունների, իրավունքների սահմանները, ո՞րն է համաշխարհային ազգի (զուտ տարածական առումով) պետության բանաձևումը, եթե, իհարկե, ունենք նման հավաքական տեսլական:

Եթե նույնիսկ համարում ենք, որ Սփյուռքի վարքագծում ինչ-որ բան այն չէ, դա մեզ նրան վանելու իրավունք չի տալիս: Այն տարածաշրջանում և մարտահրավերների այն ահռելի կծիկի պայմաններում, որտեղ Հայաստանը փորձում է դեռևս գոյությունը պահել, ուղղակի քաղաքական և պատմական տհասություն է հավերժ բողոքավորի կերպարով նման ռեսուրսն արհամարհելը: Դրանով ծիծաղեցնում ենք աշխարհի ժողովուրդներին և ուրախացնում հենց համահայկականության մեր ուռճացրած ֆենոմենից զգուշացող թշնամիներին: Անկարան տարեկան միլիոնավոր դոլարներ է վատնում Հայաստանի և Սփյուռքի միջև չհասկացվածության սեպ խրելու, առկա ճաքերն անհաղթահարելի վիհերի վերածելու համար: Մի՛ վերցրեք ձեզ վրա թուրքական «քլունգի» դերը:

Գևորգ Դարբինյան