Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը նախօրեին, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ անդրադառնալով Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքավորմանը, հանդես է եկել չափազանց վիճահարույց հայտարարությամբ` նշելով, որ Հայաստանը շրջապատված է «ավտորիտար Թուրքիայով, ավտորիտար բնույթի Իրանով, ավտորիտար Ադրբեջանով»:
Ավելի ուշ, փորձելով սրբագրել Իրանի մասով իր արտահայտությունը, նա ասել է, որ դա «բանավոր խոսքում եղած վրիպակ էր» եւ «իր մասնավոր ձեւակերպումը», որը «բացարձակապես չի արտահայտում մեծամասնության ձեւակերպումը»: Պատգամավորը նշել է, որ փորձելու է սովորել վրիպակից եւ ամեն բան անել` նման բացթողումներից խուսափելու համար:
Այն, որ ՀՀ նորընտիր իշխանությունների շարքերը հիմնականում համալրված են դիլետանտներով, պարզ է արդեն բոլորին: Հարեւանցի տեղեկություններ ու գիտելիքներ ունեցող անձինք մի օրում եւ բախտի բերմամբ հայտնվել են երկրի ղեկավար օղակներում: Նրանք բացարձակապես չեն համապատասխանում իրենց զբաղեցրած պաշտոնին կամ հանգամանքին եւ, բնականաբար, չգիտեն, թե որ ամբիոնից ինչպես պետք է արտահայտվել, ինչ պետք է ասել կամ ինչից պետք է խուսափել: Եթե ներքին քաղաքական հարցերի հետ կապված նրանց վրիպումները, ոչ համարժեք արտահայտություններն ու գնահատականները կամ, այսպես կոչված, «լեզվական սայթաքումները», այդուհանդերձ, հնարավոր է ինչ-որ կերպ լղոզել կամ պարտակել, ապա նույնը չի կարելի ասել չափազանց զգայուն արտաքին քաղաքականության ոլորտի մասին, որին միանշանակ հակացուցված են նման վրիպակները կամ «լեզվական սայթաքումները»:
ՀՀ նորակոչ իշխանությունների` ամենատարբեր նշանակության եւ տրամաչափի ներկայացուցիչները մեկ անգամ ընդմիշտ պետք է հասկանան ու գիտակցեն, որ դիլետանտիզմը որեւէ տեղ չի կարող ունենալ արտաքին քաղաքականության ոլորտում:
Վերադառնալով Հայկ Կոնջորյանի՝ Իրանի հետ կապված կոնկրետ արտահայտությանը, պետք է նշենք, որ Հայաստանի փոխհարաբերություններն Իրանի հետ բարձր մակարդակի վրա են եւ ունեն բոլոր հնարավորություններն ու հեռանկարները վերաճելու ռազմավարական մակարդակի, և նման արտահայտությունները որեւէ տրամաբանության մեջ չեն տեղավորվում: Չմոռանանք, որ նման արտահայտությունները կարող են համապատասխան հետեւությունների առիթ տալ տարածաշրջանային իրադարձությունների, տարածաշրջանում ուժերի վերադասավորման եւ վերադիրքավորման ու ԼՂ հակամարտության հետ կապված վերջին զարգացումների ֆոնին:
Նման արտահայտությունները գալիս են ապացուցելու, որ ՀՀ իշխանությունների շրջանում կան անձնավորություններ, որոնք բացարձակապես հաշվի չեն առնում Իրանի պես կարեւորագույն երկրի դերը, նշանակությունը եւ կշիռը՝ որպես ազդեցիկ ու առանցքային խաղացողի տարածաշրջանային իրադարձություններում: Իրանի հետ կապված (ինչպես նաեւ ռազմավարական նշանակության այլ դաշնակիցների եւ գործընկեր կառույցների) հարցերով պետք է զբաղվեն ոչ թե շարքային դիլետանտները, այլ փորձառու դիվանագետներն ու երկկողմ հարաբերությունների բոլոր ծալքերին ու նրբություններին ծանոթ, բարձրակարգ մասնագետները, որպեսզի կարողանան տարածաշրջանային քաղաքականության մեջ ճիշտ եզրահանգման գալ եւ ճիշտ հարաբերություններ կառուցել ու զարգացնել:
Այլապես Հայաստանը ստիպված է լինելու նման վրիպումների, «լեզվական սայթաքումների» կամ անձնական տեակետների ու կարծիքների համար չափազանց թանկ գին վճարել:
Արամ Շահնազարյան
Թեհրան, «Alikonline»-ի պատասխանատու-խմբագիր