կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-16 16:03
Հասարակություն

Փաշինյանը վերացրեց կառուցողական ընդդիմությունը, այժմ տոտալիտար միտմանը խանգարել կարող է միայն մամուլը. Աղասի Ենոքյանը՝ մամուլի նկատմամբ ճնշումների մասին

 Փաշինյանը վերացրեց կառուցողական ընդդիմությունը, այժմ տոտալիտար միտմանը խանգարել կարող է միայն մամուլը. Աղասի Ենոքյանը՝ մամուլի նկատմամբ ճնշումների մասին

Մամուլի նկատմամբ ճնշման միտումը կխորանա, ճնշումները կշատանան, քանի որ ցանկացած իշխանություն ձգտում է ավելի մեծ իշխանության և ավելի տոտալ դառնալուն: Այս մասին հրավիրված ասուլիսում ասաց «Մեդիա պաշտպան» ծրագրի ղեկավար Աղասի Ենոքյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ hraparak.am-ի «Նոր իշխանությունները ՀՀԿ-ին չեն զիջում» վերտառությամբ հրապարակման արձագանքին:

Հիշեցնենք, որ ֆեյսբուքյան իր գրառման մեջ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես նշել էր. «Ես ուզում եմ հասկանալ այս հրապարակման տրամաբանությունը. Հայաստանի Հանրապետության կամայական քաղաքացիներ կարող են հավաքվել գնալ խաշ ուտելու՝ մարդ ա 3000 դրամ հավաքելով, իսկ իշխող խմբակցության անդամները իրավունք չունե՞ն։

Ես եմ նման միջոցառում կազմակերպելու առաջարկի հեղինակը և ուրախ եմ, որ լրատվամիջոցները լիարժեք վայելում են խոսքի ազատության իրենց իրավունքը և իշխանությանը վերագրում են այնպիսի մեղքեր, ինչպես օրինակ՝ հանրապետականներին նմանվելն է՝ շնչել-արտաշնչելով, սնունդ ընդունելով, և նույնիսկ խաշ ուտելով։ Այս չափանիշով հանրապետականին նմանվում են Հայաստանի միլիոնավոր քաղաքացիներ։

Մենք միայն մի բանով չենք նմանվում հանրապետականներին, որ այս եւ այսօրինակ լրատվամիջոցներին կոնտրոլի տակ չենք առնում։ Եւ նրանց տեքստերից ծորում է նոստալգիան հանրապետական կոռումպացված իշխանության նկատմամբ։ Չէ՞ որ երկար տարիներ կողք կողքի գործելով նրանք համարյա հարազատացել են»:

Աղասի Ենոքյանը հիշեցնում է, որ ժամանակին Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե ուզում է դառնալ կառուցողական ընդդիմություն, իսկ դառնալով իշխանություն` վերացրեց կառուցողական ընդդիմությունը Հայաստանում:

«Հաջորդ կարևոր ինստիտուտը, որ կարող է տոտալիտար միտմանը խանգարել, մամուլն է, ուստի պետք է գնա մամուլի ազատության  սահմանափակումներին: Զարմանալի է, որ նախկին գլխավոր խմբագիրը չի պատկերացնում, որ կարող է լինել ազատ մամուլ»,- նշեց Ենոքյանը:

Հանդիպմանը ներկա` ՀՀ ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը հիշեցրեց, որ վարչապետ Փաշինյանի նման  գործելաոճը լրատվամիջոցների դեմ առաջին դեպքը չէ, նա շատ ավելի վաղ հեռուստաընկերություններին մեղադրեց հակապետական գործունեության մեջ՝ չմանրամասնելով կոնկրետ հասցեատիրոջը, ինչը մահակի հարվածի պես հնչեց:

«Այս ընթացքում «հակապետական» բառը բազմիցս չարաշահվեց, այստեղ կա մի շատ վտանգավոր հանգամանք՝ սա պետության դեմ հանցավորության բարձր մակարդակն է: Եթե հայտարարվում է, որ որևէ անձ, կառույց հակապետական քայլեր է արել, ապա դրան պետք է հետևեն գործողություններ: Հեռուստաընկերություններին մեղադրում է հակապետական քարոզչության մեջ, բայց չի նշում, թե ում նկատի ունի՝ որ հեռուստաընկերությունը, այդ ինչ հաղորդում է եղել: Ինչ վերաբերում է «Հրապարակի» հրապարակմանը արձագանքին, ապա պետք է նշել, որ Նիկոլ Փաշինյանը խմբագիր եղած ժամանակ առաջամարտիկն է եղել բազմաթիվ խոհանոցային, կուլիսային լուրերի հրապարակման՝ մինչև անգամ քաղաքական գործչի ներքնաշորերի հետ կապված»,- ընդգծեց Սեյրանյանը:

«Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանը լրացրեց՝  այս ամենը մերժման և թշնամանքի մթնոլորտ է ստեղծում երկրում:

«Եթե մենք տարիներ շարունակ գրել ենք, հենց նույն` «Հայկական ժամանակը», թե Վահրամ Բաղդասարյանի երեխայի կնունքին ՀՀԿ-ականները մի հսկայական խնջույք են արել, էսինչ տեղում նշել են Սերժ Սարգսյանի թոռան ծնունդը, ինչո՞ւ չպետք է գրվի, որ ՔՊ-ն հունվարի 1-15-ը տասնյակ խնջույքների, քեֆերի է մասնակցել»,- ասաց նա:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավելի ուշ «Զրույց քաղաքացու հետ» վերտառությամբ տեսագրության մեջ նաև նշել էր. «Հայաստանում լրատվադաշտի 90 տոկոսը կամ պատկանում է նախկին իշխանության ներկայացուցիչներին, կամ մեզ՝ ընդդիմադիր ուժերին»։

Խոսելով լրատվադաշտի մասին՝ Փաշինյանը շեշտել էր, թե «հեղափոխությունից հետո Հայաստանում սեփականության վերաբաշխում չի եղել»:

ՀՀ վարչապետի վերը նշված  մտքին անդրադառնալով՝ Աղասի Ենոքյանը նշեց. «Եթե 90 տոկոսը հանում ես, մնում են պետական լրատվամիջոցները՝ Հ1 և «Ազատություն», վերջինը պետական է, բայց`ամերիկյան»:

Yerkir.am-ի  հարցին ի պատասխան՝ Աղասի Ենոքյանը պնդեց, որ այս ամենն արվում է երկրի առջև ծառացած խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելու համար, ուստիև կեղծ օրակարգ է առաջ քաշվում:

Սաթիկ Սեյրանյանը համաձայնեց՝ հունվարի 14-ից հետո նրանք արդեն չեն ընկալվում որպես նոր իշխանություն, և որ Փաշինյանի կառավարությունը, իրոք, կանգնած է սոցիալ-տնտեսական և արտաքին լուրջ մարտահրավերների առաջ: