կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-16 12:06
Քաղաքական

Նա լավագույն դեսպաններից է եղել. Արման Բաբաջանյանը դժգոհ է բոլոր դեսպաններից, բացի Միքայել Մինասյանից

Նա լավագույն  դեսպաններից է եղել. Արման Բաբաջանյանը դժգոհ է բոլոր դեսպաններից, բացի Միքայել Մինասյանից

Այս փաստերը բերում էի մեկ պատճառով, որպեսզի այս հանձնաժողովը բոլոր թեկնածուներին, որոնք պատրաստվում են դեսպան նշանակվել որևէ երկրում,  հրավիրի ԱԺ, հանձնաժողովում նրանց հարցեր հղեն, և նրանք ԱԺ-ին ներկայացնեն իրենց մոտեցումները. խորհրդարանում լրագրողներին  ասաց ԼՀԿ-ական պատգամավոր Արման Բաբաջանյանը` անդրադառնալով ԱԺ նիստում հնչեցրած իր ելույթին և դրան հաջորդած վեճին:

«Սա մեր խմբակցության համար առանցքային հարց է: Իմ ելույթը քաղաքական էր»,- հավելեց նա:

Պատգամավորը պնդում է, որ երկու ընդդիմադիր խմբակցությունների միջև լարվածություն չկա:

Դիտարկմանը` Անդրանիկ Մանուկյանի որդին այստեղ էր, նա պատասխանեց. «Եթե հիմա Անդրանիկ Մանուկյանի որդին էր այստեղ նստած, և մյուսների որդիները նստած չէին, այդ դեսպանները մեղք չունեն, և ես իմ ելույթը չպետք է պայմանավորեմ կամ ծրագրեմ ինչ-որ մեկի որդու կամ խմբակցության խնամիական հարաբերությունների առումով»:

Դիտարկմանն էլ` նա ռեպլիկ է արել, թե` կարճ կապի, և դուռը շրխկացրել, Բաբաջանյանն արձագանքեց, որ ինքն իր տեքստն է կարդացել, և դրանով ամեն ինչ ասված է:

Նշենք, որ Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդին` Դավիթ Մանուկյանը, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր է և ներկա է նիստին:

Հարցին` Սերժ Սարգսյանի փեսայի` Միքայել Մինասյանի դեսպանության շրջան իրեն գոհացնո՞ւմ է, պատգամավորը պատասխանեց. «Կարծում եմ` նա լավագույն  դեսպաններից է եղել: Որպես ապացույց` կարող ենք բերել և' Ցեղասպանության 100-ամյակի առիթով Վատիկանում տեղի ունեցած հայտնի պատարագը, և' Վատիկանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, և' Հռոմի պապի պատմական այցը Հայաստան»:

Հարցին էլ` իշխանությունները սխա՞լ արեցին, որ նրան հեռացրեցին, նա պատասխանեց, որ  իշխանությունները որոշել են, որ նա չպետք է շարունակի իր գործունեությունը, երևի ունեցել են հիմնավոր պատճառներ: «Հույս ունենք, որ նոր նշանակված դեսպանը կշարունակի այդ ավանդույթը, և Վատիկանի հետ ՀՀ հարաբերությունները կզարգանան ու կխորանան»,- եզրափակեց Բաբաջանյանը: