կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-17 18:14
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արսեն Թորոսյանը սպառնաց դատավորներին և հրաժարվեց կատարել դատարանի վճիռը․ Արա Մինասյանից ներողություն չի խնդրի

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արսեն Թորոսյանը սպառնաց դատավորներին և հրաժարվեց կատարել դատարանի վճիռը․ Արա Մինասյանից ներողություն չի խնդրի

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքի ուղիղ եթերում սպառնաց դատավորներին ու հրաժարվեց կատարել դատական երեք ատյան անցած որոշումը, որի համաձայն ինքը պետք է ներողություն խնդրի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի խնամի Արա Մինասյանից և հրապարակային հերքի նրա մասին տարածած կեղծ տեղեկատվությունը՝ հայտնում է Yerkir.am-ը։

Ավելին, նա ասաց, որ իրեն այս թեմային անդրադառնալ ստիպում են գործող իրավակարգավորումները։

«Երբ 2018թ-ի հուլիսի վերջին աշխատանքից ազատեցի Արա Մինասյանին՝ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հորը, նա ինձ դատի տվեց` պահանջելով ներողություն խնդրել ուղիղ եթերի ժամանակ իմ արած մի արտահայտության համար, քանի որ նա համարում էր, որ դա զրպարտանք է և վիրավորանք։ Դատական պրոցեսը ձգվել է մինչ օրս, տեղի է ունեցել դատաքննություն առաջին Ատյանի դատարանում, որի ժամանակ Մինասյանը հաղթել է, Վերաքննիչ դատարանում, որի ժամանակ ևս ես պարտվել եմ և Վճռաբեկ դատարանի դատաքննություն, որով հրաժարվել է վճիռն ընդունել վարույթ և ինձ պարտավորեցրել այդ ամենը հերքել և ներողություն խնդրել։

Ես ուղիղ եթերով հայտարարում եմ, որ դատարանի վճիռը կդնեմ իմ ֆեյսբուքյան էջում, և ևս մեկ անգամ կվերահաստատեմ, որ այն, ինչ ասել եմ ուղիղ եթերների ժամանակ, կրկնում եմ։ Ավելին, նորից կհայտարարեմ, որ մեր դատական համակարգը չի վայելում ՀՀ ժողովրդի մեծամասնության վստահությունը և կարիք ունի արմատական բարեփոխումների թե՛ պրոցեդուրալ, թե այն անձերի առումներով, որոնք շարունակում են դատական վճիռներ ընդունել»,–ասաց Թորոսյանը։

Հիշեցնենք, որ Մինասյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրում կատարված ենթադրյալ չարաշահումների առթիվ հարուցված քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ: Նրա նկատմամբ հայտարարված է հետախուզում:

Բժշկական կենտրոնում տեղի ունեցած ենթադրյալ խախտումների մասին Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրել է ֆեյսբուքի ուղիղ եթերի միջոցով՝ ուղիղ եթերը վերնագրելով «տուշոնկեքի մասին»: Արա Մինասյանը քաղաքացիական հայցով պահանջել է, որպեսզի հերքվի Արսեն Թորոսյանի կողմից հրապարակայնորեն արված հետևյալ արտահայտությունները:

1. Մեր ստուգումները ցույց տվեցին, որ այդ չարաշահումներն այնքան սիստեմատիկ են, որ նույնիսկ ստուգումների ընթացքում չեն դադարում։ Այսինքն մենք մինչև հիմա ստանում ենք հաշվետվություններ նույն մարդու համար մի քանի անգամ պետական գումար գանձելու։

2. Չի դադարում էդ թալանը և այսպես ասած` վատնումը։ Իսկ ի՞նչ է տեղի ունեցել, հիմնական բաժինը՝ 400 մլն–ից ավելը, հիմա ասեմ կոնկրետ թիվը՝ 400 քանի միլիոն։ Մարդիկ եկել են, հանձնել են արյան անալիզ և մի քանի այլ փոքր հետազոտություններ են արել, վերջում պարզվել է, որ այդ մարդիկ պառկել են հիվանդանոցում ու 200 հազար դրամի բուժում են ստացել:

3. 8000 դրամի փոխարեն բուժհիմնարկը գանձում է 200 հազար դրամ պետական բյուջեից և տարիներ շարունա՞կ։

4. Ավելին ասեմ, հետո էդ գումարներով կատարվել են շատ հետաքրքիր գնումներ, միշտ նույն մարդկանցից։ Տարատեսակ պատճառներով իսկական հաղթողները մերժումներ են ստացել ինչ-որ թղթերի հիման վրա, որ որակին չի համապատասխանում, ու էդ գումարները տրվել են կոնկրետ մարդկանց՝ հիմնականում միշտ նույն մարդկանց։

5. Տարիներ շարունակ բժիշկներն աշխատավարձ չեն ստացել նորմալ։

6. Նորից կրկնում եմ՝ 8000 դրամ հետազոտության փոխարեն պետությունից 400 մլն-ից ավել գանձվել է ամեն մեկի համար 150-200 հազար դրամ, ձևակերպվել են հիվանդության պատմություններ։

7. 99 %-ով վստահ եմ՝ այստեղ կան քրեական տարրեր, որովհետև էդ գումարները փաստացի շորթվել են պետությունից»:

Հենց այս հայցն է բավարարել դատարանը։

Մանրամասն՝ տեսանյութում․