կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-15 15:15
Հասարակություն

Այն գործողությունները, որոնք արվում են ճանապարհները փակելու հետ կապված, արվում են ուղիղ ընդդեմ կառավարության. Փաշինյան

Այն գործողությունները, որոնք արվում են ճանապարհները փակելու հետ կապված, արվում են ուղիղ ընդդեմ կառավարության. Փաշինյան

Այսօր «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ուղիղ եթերի միջոցով վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու հետ կապված` Էջմիածնում տեղի ունեցող իրադարձություններին:

Նա ճիշտ չի համարում այն դիտարկումները, թե հիմա ճանապարհ են փակում, որովհետև հեղափոխության օրերին էլ են ճանապարհներ փակվել:

«Ասում են՝ բա լա՞վ է, որ դուք փակում էիք: Հարգելի' քաղաքացիներ, մենք փակում էինք, որովհետև երկրում չկար ժողովրդի վստահությունը վայելող իշխանությունը: Այսօր մեր քաղաքացիներն իրենց իշխանությունը ձևավորել են ազատ, արդար ընտրություններով: Եվ այդ իշխանությունը պետք է առկա խնդիրները լուծի: Մարդիկ ասում են՝ Մանվել Գրիգորյանին բաց են թողել: Այնպիսի տպավորություն է, որ իրենք են Մանվել Գրիգորյանին բռնել, մենք էլ բաց ենք թողել: Մեր իշխանության, կառավարության գործունեության արդյունքում են տեղի ունեցել այդ բացահայտումները: Հիմա այն գործողությունները, որոնք արվում են ճանապարհները փակելու հետ կապված, արվում են ուղիղ ընդդեմ կառավարության: Կրկին հուսահատ շեշտադրումներ են ի հայտ գալիս, թե` տեսեք, կառավարությունը չի կարող ճանապարհները բաց պահել, ոչինչ չի փոխվում և այլն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետն ընդգծել է, որ Մանվել Գրիգորյանին ուղղված մեղադրանքները չեն վերացվել: Նա վստահեցրել է, որ Մանվել Գրիգորյանի գործի նախաքննությունը հասնելու է դատական գործընթացին, միաժամանակ ընդգծել, որ եթե վերնոշյալ գործի խափանման միջոցը փոխվել է, ապա դա դեռ չի նշանակում, որ նրան ուղղված մեղադրանքները վերացվել են:

«Անկեղծ, ինձ համար էլ տհաճ էր, որ իմացա խափանման միջոցը փոխելու մասին: Բայց հենց դա է խնդիրը` անկախ դատական իշխանություն գոյություն չի ունենում այն ժամանակ, երբ իշխանությունը փորձում է դատական համակարգից իր համար միայն հաճելի լուրեր լսել: Մյուս կողմից` ես գտնում եմ, որ պատասխանատվության անխուսափելիությունը շատ կարևոր սկզբունք է, և որևէ մեկը չի կարող խուսափել պատասխանատվությունից: Էջմիածնում մի քանի կլաններ են եղել, միշտ իրար դեմ պայքարել են: Իմ տպավորությամբ` ոմանք փորձում են մանիպուլյացիաներ անել և այս ֆոնի տակ կլանային հարաբերություններ հաստատել Էջմիածնում: Դա չի անցնելու: Որոշ` նախկին կլանային ուժեր փորձում են իրավիճակից օգտվել: Ժողովուրդն իր իշխանությանը ընտրել է, և այդ իշխանության լիազորությունն է ապահովել ճանապարհների անցանելիությունը: Եթե ուզում են իրավիճակը կաթվածահար անել, ուրեմն գործում են ուղիղ կառավարության դեմ»:

«Ես ուզում եմ խնդրել, որ փաստաբաններին չընկալեք հանրության թշնամի: Մենք վենդետա չենք ուզում, մենք ուզում ենք արդարադատություն, իսկ դրա ամենակարևոր նախապայմանը անկախ համակարգն է, ինչպես նաև մեղադրյալի պաշտպանության իրավունքը, որ պետք է իրականացվի պաշտպանի միջոցով: Ես վստահեցնում եմ՝ Հայաստանում ոչ մի կոռուպցիոներ չի խուսափելու պատասխանատվությունից»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: