կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-02 16:05
Հասարակություն

Ներկայիս կառավարությունը կապանքներով կապված է այն պարտավորությունների հետ, որոնք ձեռք էր բերել Տիգրան Սարգսյանը

Ներկայիս կառավարությունը  կապանքներով կապված է  այն պարտավորությունների հետ, որոնք ձեռք էր  բերել Տիգրան Սարգսյանը

«Դեմ եմ» շարժման անդամ Սրբուհի Ղազարյանը,  Yerkir.am-ի հետ զրույցում ամփոփելով  կուտակային բարեփոխման դեմ ուղղված շարժումը, համոզմունք հայտնեց, որ «Դեմ եմ» շարժումն անցավ հետաքրքիր  ճանապարհ,  տեղի ունեցավ երիտասարդների յուրատեսակ մոբիլիզացիա: Նրա խոսքով`  այն ոգեշնչվածությունը, որ կար, անկախ որևէ հանգամանքից, դեռ շատ երկար կպահպանի իր ազդեցությունը:

 

«Երբեմն մենք  թերագնահատում ենք շարժումը, բայց երբ ետ ենք նայում, հասկանում ենք, որ բավական մեծ ուժ ենք ներկայացնում: Հուլիս-օգոստոս ամիսներին մի փոքր դադար եղավ, արձակուրդային շրջան էր, բացի այդ, կար գերհոգնածություն: Ապրիլին գրանցած հաջողության պտուղները ներկայիս իշխանությունների որդեգրած քաղաքականության պայմաններում, ցավոք  դժվար եղավ պահպանել, և մարդիկ իրենց կաշվի վրա այդ հաջողությունները չզգացին, որովհետև պարզվեց, որ բառախաղի արդյունքում ընդունված կուտակային նոր օրենքը կրկին  հակասահմանադրական կետեր է պարունակում, բացի այդ` ավելացել են խտրական մոտեցումները»,- ասաց Սրբուհի Ղազարյանը:

 

Նրա խոսքով` ներկայիս կառավարությունը  կապանքներով կապված է  այն պարտավորությունների հետ, որոնք ձեռք էր  բերել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը այլ կառույցների կառավարիչների հետ: Ահա, թե ինչու «Դեմ եմ»-ի անդամի մոտ մեծ մտավախություն կա, որ ներկայիս կառավարությունը ցանկության դեպքում անգամ չի կարող հրաժարվել այդ թաքնված պարտավորություններից:

 

«Մենք կանենք ամեն ինչ, որ շարժման անդամների նախկին ոգևորվածությունը ետ բերենք: Մենք կշարունակենք մեր անելիքները,  և չեմ կարծում, թե մեր ակտիվությունը մենք կկապենք քաղաքական ուժերի գործողությունների հետ: Իշխանություններն իրենց հակաօրինական քայլերով բերրի դաշտ են ապահովում, որ սոցիալական հուզումները չնվազեն` թե' պարտադրված կուտակային ռեֆորմով, թե' գազի ու էլեկտրաէնեգիայի անհիմն թանկացումներով»,- ասաց Սրբուհի Ղազարյանը: