կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-15 12:08
Քաղաքական

Պատասխանատվությունը դարձյալ բարդվեց ժողովրդի վրա. Մանե Թանդիլյանը` «Իմ քայլի» որոշման մասին

Պատասխանատվությունը դարձյալ բարդվեց ժողովրդի վրա. Մանե Թանդիլյանը` «Իմ քայլի» որոշման մասին

ԱԺ-ում այս պահին ընթանում է ԱԺ փոխխոսնակների ընտրությունը: Նշենք, պատգամավորների քվեարկությունը փակ ու գաղտնի է:

ԱԺ փոխխոսնակների պաշտոնում «Իմ քայլն» առաջադրել է Ալեն Սիմոնյանի և Լենա Նազարյանի թեկնածություններ, ԲՀԿ-ն` Վահե Էնֆիաջյանի, իսկ ԼՀԿ-ն` Մանե Թանդիլյանի:

Հայտնել էինք, որ «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարել է, որ քվեարկելու է ԲՀԿ թեկնածուի օգտին:

«Իմ քայլը» դաշինքի որոշման մասին լրագրողները զրուցեցին ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանի հետ:

Դիտարկմանը` «Իմ քայլը» հայտարարել է` չեն ուզում սիրելի ընդդիմություն ստեղծել, դրա համար ասում են` պետք է արդարությամբ ընտրեն, Թանդիլյանն արձագանքեց. «Ես Ձեզնից եմ առաջին անգամ լսում, որ« Լուսավոր Հայաստանը» սիրելի է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: Պետք է ասեմ, որ բոլորը գիտեն, որ մենք տարբեր դիրքորոշումներ ունենք տարբեր հարցերի շուրջ: «Լուսավոր Հայաստանը» երբեք ու որևէ պարագայում սիրելի լինել չի կարող, որովհետև անկախ է, ունի իր կարծիքը տարբեր հարցերում և տարբեր մոտեցումներ ունի բոլորից: Չեմ ուզում, որ մեր գործընկերները «փաթեթավորեն» իրենց ընտրությունը: Ես իմ ելույթում փորձում էի նրանց բերել այն դաշտ, որ նրանք կարողանան համարձակորեն արտահայտել իրենց ընտրության դրդապատճառները, և, այնուամենայնիվ, մենք տեսանք, որ պատասխանատվությունը դարձյալ բարդվեց ժողովրդի վրա, այնինչ` ժողովուրդն ընտրել է «Իմ քայլ»-ը դաշինքին, որը պետք է այսօր իրենց անունից ընտրություն կայացնի, հետևաբար` նրանց ընտրությունն արտահայտում է հենց իրենց որոշումը»:

Հարցին էլ` ի՞նչ է կարծում, նախկին դաշնակիցները ձայն կտա՞ն իրեն` ինչ-որ անցած ճանապարհ հաշվի առնելով, Թանդիլյանը պատասխանեց, նրանց չի համարում նախկին դաշնակիցներ: «Ես նրանց համարում եմ գործընկերներ, որոնց հետ պատասխանատվություն և պարտավորություն ունենք Հայաստանը զարգացնելու և դարձնելու լավագույնը, ուստի նրանց որոշումն էլ պետք է բխի այդ դիրքորոշումից: Գոնե ես այդպես եմ պատկերացնում ընտրության պատճառն ու սկզբնաղբյուրը: Նրանց որոշումից է կախված լինելու, թե ինչպիսի ներկայացվածություն կունենան ԱԺ խորհուրդը, նաև` ԱԺ այդ բարձր պաշտոնները. ամբողջ պատասխանատվությունն իրենցն է»,- ասաց նա:

Պատգամավորը հավելեց, որ իր համար յուրաքանչյուր ընտրություն հարգանքի արժանի է, և ինքը պատրաստ է շնորհավորել ընտրված փոխխոսնակին:

Yerkir.am-ի հարցին` չի՞ կարծում, որ այս որոշումը յուրահատուկ վրեժ է, որ անցած տարի շարժման սկզբնական օրերին ԼՀԿ -ն չքայլեց Փաշինյանի հետ, Թանդիլյանը պատասխանեց հարցով. «Բարգավաճ Հայաստանը» քայլե՞ց»:

Դիտարկմանը` ԲՀԿ-ն ջուր է տարել, արձագանքեց. «Ես կարծում եմ, որ «Իմ քայլը» չի կաշառվում ջրով և տարբեր` նման ներդրումների խոստումներով: Համոզված եմ, որ, առհասարակ, քաղաքական որոշումները պետք է կայացվեն քաղաքական դրդապատճառներով, հետևաբար` մրցակցությունն  ու ընտրության հնարավորությունը, որ «Լուսավոր Հայաստանը» ապահովեց փոխխոսնակների ընտրության ժամանակ, լավագույնս դրսևորեց այն դեբատների բովանդակությունն ու հնարավորությունը, որ մենք պատրաստվում ենք ապահովել ԱԺ-ում` որակյալ և բովանդակային»: