Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Նիկոլ Փաշինյանը որևիցե մեկին որևիցե բան չի հրահանգել, եղել է քննարկում ԱԺ դահլիճում, եղել են տարբեր կարծիքներ, և որոշում է կայացվել. լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը` անդրադառանալով «Իմ քայլը» խմբակցության կողմից երրորդ ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնում Վահե Էնֆիաջյանին ընտրելու որոշմանը:
«Որպեսզի տարատեսակ խոսակցությունների տեղիք չտանք, այդպես ենք ընտրել: Եթե «Լուսավոր Հայաստան» կուսակցության թեկնածուին սատարելու որոշում կայացվեր, լրագրողները պետք է ասեին` դուք ինքներդ եք ձեզ ընդդիմություն նշանակում, և որ Հայաստանի ժողովուրդը ավելի շատ ձայն տվել է մեկ այլ կուսակցությանը: Իսկ մենք մշտապես ասել ենք. որ մեզ համար նույնիսկ մեկ ձայնը կարևոր է: Բոլորս ընդունում ենք, չէ՞, որ ընտրություններն արդար են եղել: ՀՀ ժողովուրդն իր ընտրությունը կատարել է, և մենք մեզ ընդդիմություն չենք նշանակելու»,- ասաց նա:
Դիտարկմանը` ձեր ընդդիմախոսներն ասում են` եթե ժողովրդավար էիք, թողնեիք ազատ քվեարկության` յուրաքանչյուրն իր կամքով ընտրեր, Սիմոնյանը պատասխանեց. «Իշխանություն լինելը ոչ միայն իրավունք է, այլ նաև պարտականություն է: Մենք ունենք որոշումներ կայացնելու պարտականություններ: Եթե այդպիսի որոշում չկայացնեինք, կստացվեր, որ կա ակնհայտ փաստ` 24 հազար ավելի շատ ձայն հավաքած ուժ, բայց մենք հրաժարավում ենք այդ ուժին տալ այն, ինչը ՀՀ ժողովուրդը ապրիորի նրանց տվել է»:
Սիմոնյանը վստահեցրեց` իրենց 88 հոգանոց խմբակցությանը չեն պարտադրել այդպես քվեարկել, կոնսենսուսով են որոշում կայացրել: «Քննարկել ենք, բոլոր կողմ և դեմ փաստարկները լսել ենք և որոշում ենք կայացրել: Եթե այդպես չլիներ, որոշումը կլիներ շատ ավելի շուտ, մեկ կողմից թելադրված և աներկբա, իսկ դուք տեսաք, որ քննարկումները երկար շարունակվեցին, և վերջին օրերին միայն մենք հայտարարեցինք»,- շեշտեց ԱԺ փոխխոսնակը:
Նա ասաց, որ քննարկում չեն արել, թե ով է իրենց խմբակցությունից այն մեկ հոգին, որը կողմ է քվեարկել Թանդիլյանին, միայն նշեց` ինչո՞ւ չեք բացառում, որ ԲՀԿ-ից է այդ թեկնածուն:
Դիտարկմանը` ժողովուրդը Մանե Թանդիլյանին ավելի շատ ձայն է տվել, քան Վահե Էնֆիաջյանին, Սիմոնյանը պատասխանեց. «Չէ, դա չի քննարկվել, որովհետև մենք անհատական քննարկում չենք ծավալել` Վահե Էնֆիաջյա՞նն է ավելի լավը, թե՞ Մանե Թանդիլյանը, որովհետև խոսքը գնացել է քաղաքական ուժին ձայն տալու մասին: Վերջիվերջո, մենք բազմիցս հայտարարել ենք, որ մենք ռեյտինգային համակարգին դեմ ենք, և այդ տրամաբանությունով շարժվելը սխալ է: Մենք ուրիշ այլ հենարան չունենք և չենք կարող ունենալ, քան ժողովրդի քվեն»:
Yerkir.am-ի հարցին` Մանե Թանդիլյանն ասում է` կայացվեց քաղաքական որոշում, և արդյունքը դարձյալ բարդվեց ժողովրդի վրա, ինչպե՞ս կմեկնաբանի սա, նա պատասխանեց. «Ի՞նչ է նշանակում` բարդվեց, բա մե՞նք պետք է որոշեինք, թե ով է ՀՀ-ում ընդդիմություն, մե՞նք պետք է այդ նշանակումն անենք, մենք այդ նշանակումը չենք արել, ինչպես նշեցի` տարբեր կարծիքների մեջ քննարկվել և որոշվել է, որ դա պետք է լինի հիմնաքարը»:
Ինչ վերաբերում է հարցին` ԲՀԿ-ԼՀԿ փոխնախագահների ընտրության հարցում հաշվի առնվե՞լ է, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ապրիլին դուրս չեկավ Սերժ Սարգսյանի դեմ պայքարելու և ասում էր, որ իմաստ չկա, Սիմոնյանը ասաց, որ նման քննարկում չի եղել: «Միայն քննարկվել է, թե ինչ հիմք պետք է վերցնենք, և ինչ պետք է ասեմ ես, օրինակ, լրագրողներին, և ինչպես մենք պետք է հիմնավորենք մեր որոշումը»,- եզրափակեց նա: