Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Միլիարդավոր քրիստոնյաների կողմից մեծ խանդավառությամբ ու ուրախությամբ նշվող Հիսուս Քրիստոսի ծնունդը՝ Սուրբ Ծնունդը, հատկապես վերջին տարիներին աշխարհի բազմաթիվ վայրերում հանդիսության է վերածվել։ Քրիստոնյա երկրներում բազմամարդ շուկաներով ու հիասքանչ արարողություններով նշվող Սուրբ Ծննդյան ոգին իսլամի գերիշխանության տակ եղող երկրներում իհարկե կարևոր իմաստ չի արտահայտում։
Մի փոքր այլ է վիճակը Թուրքիայում։ Հայտնի է, որ աշխարհագրական այս տարածքը հնուց մինչ օրս ապաստան է եղել թե քրիստոնյաների և թե մուսուլմանների համար։ Չնայած ասում են, թե ներկայում այս երկրի բնակչության 99 տոկոսից ավելին մուսուլմաններ են, Թուրքիայում Սուրբ Ծնունդը ներկայում էլ նշվում է, ավելին՝ տոնվում է երկու տարբեր օրերի։ Այդ ամսաթվերից մեկը քրիստոնյա աշխարհի մեծ մասի մոտ ընդունված դեկտեմբերի 25-ն է, իսկ մյուսը` հունվարի 6-ը՝ Հայ առաքելական եկեղեցու հետևորդ հայերի մոտ նշվող Սուրբ Ծնունդը, իսկ ուղղափառ աշխարհում` Հիսուս Քրիստոսի մկրտության օրը։ Այս առիթով ցանկացանք իմանալ, թե Անատոլիայի քրիստոնյաները, որոնց թվաքանակը զգալիորեն պակասել է, ինչպես են անցկացնում Սուրբ Ծնունդը, և տարբեր քաղաքների բնակիչներին ուղղեցինք մեր հարցերը։
Սվաս (Սեբաստիա-Ակունքի խմբ.). այս ձմեռային երկրում Սուրբ Ծնունդն ընտանիքի հետ են նշում
Մի ժամանակ Սվասի բնակչության մեծ մասը հայեր էին, իսկ այժմ միայն մի քանի ընտանիքներով են հավաքվում ու նշում Նոր տարին։ Սակայն աշխարհագրական դիրքով պայմանավորված` քաղաքը ձյան շերտով է ծածկվում, որը գունագեղ է դարձնում Սվասի հայերի սուրբծննդյան ու ամանորյա տոները։ Սվասում ապրող հատուկենտ հայերից Երվանդ Դուրմազգյուլերը պատմում է, թե ինչպես են քրիստոնյաները քաղաքում նշում տոները. «Այստեղ սուրբծննդյան ու ամանորյա տոնակատարությունները շատ գունագեղ են անցում։ Այդ երկու տոները ժամանակով իրար շատ մոտ են, ինչի համար էլ պատրաստությունները երկուսի համար են արվում։ Հայտնի է, որ Սվասը ցրտաշունչ շրջան է, և Նոր տարվա երեկոյան այս վայրի շուրջբոլորը ձյան շերտով է ծածկվում, ինչպես նաև այն անատոլիական քաղաք է, և տոները նշում են տանը՝ ընտանիքի հետ կամ ընտանիքի ու ընկերների հետ միասին»։
Ամանորյա հարուստ սեղանը
Դուրմազգյուլերն անդրադառնում է նաև ամանորյա ու սուրբծննդյան սեղանների ճոխությանը. «Հնդկահավերը խորովվում են թաղամասի փռերում, դրանք լցոնվում են փլավով և ավելի համեղ դառնում. ամբողջ ողջ ընտանիքը հավաքվում է ամանորյա գեղեցիկ սեղանի շուրջ։ Դեկտեմբերի 31-ի երեկոյան «գորգիթ» անվամբ քաղցրավենիքն են պատրաստում, որը պատրաստվում է աշուրայի նման, սակայն իրականում տարբեր եղող ձավարով, մաթով, դեղին խաղողով։ Հունվարի 6-ին նշվող Սուրբ Ծնունդի համար պատրաստությունները մեկ-երկու օր առաջ են սկսվում։ Այդ օրվան հատուկ խաշ են դնում, տոլմա ու խմորեղեն պատրաստում»։
Պաշտոնական շրջանակներից սուրբծննդյան շնորհավորանք
Դուրմազգյուլերն անդրադառնում է նաև Անատոլիայում Ամանորն ու Սուրբ Ծնունդը նշելու կարևորությանը. «Անատոլիայի ջերմ, անկեղծ միջավայրում, որպես համայնք, մեկս մյուսի հետ ավելի ուժեղ կապերով ենք կապված, կիսում ենք մեկս մյուսի ուրախությունն էլ, տխրությունն էլ։ Բացի այդ՝ մեր հարևան մուսուլմանները գիտեն, որ Ամանորն ու Սուրբ Ծնունդը մեզ համար հատուկ օրեր են, և ամեն տարի շնորհավորում են մեզ։ Վերջին տարիներին, բացի հարևաններից, բազմաթիվ այլ պաշտոնական կառույցներ ու կազմակերպություններ, հատկապես մեր քաղաքի կառավարիչները՝ նահանգապետը, քաղաքապետը, ոստիկանապետը, մեր տներ են այցելում ու շնորհավորում մեր Ամանորը, մեր տոնը»։
Դիարբեքիր. Սուրբ Ծնունդն ասորական եկեղեցում
Դիարբեքիրում, որտեղ անցյալում դարձյալ հայկական հոծ բնակչություն է եղել, մեծ խանդավառությամբ են նշում Սուրբ Ծնունդն ու Նոր տարին։ Սակայն հիմա Դիարբեքիրում արդեն շատ քիչ թվով հայեր են ապրում, ինչի պատճառով տոները նշում են ասորական հին Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում։ Եկեք լսենք Մելիքե Դարա Գյունալին, որը պատմում է, թե ինչպես են Դիարբեքիրում նշում Սուրբ Ծնունդն ու Ամանորը. «Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցում որևէ ծես չենք անցկացնում, քանի որ հոգևորական չկա։ Այդ պատճառով հիմնականում ասորական հին Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում կատարվող ծեսերին ենք մասնակցում, իսկ եթե ցանկանում ենք էլ ավելի ուրախ ու բազմամարդ նշել տոնը, գնում ենք Մարդին։ Շրջանում հայ հոգևորական չլինելու պատճառով մեր ավանդույթների մեծ մասը եղբայր ասորի ժողովրդի հետ է խառնվել, հարմարեցվել է նրանց։ Օրինակ՝ Սուրբ Ծնունդը հունվարի 6-ին նշելու փոխարեն դեկտեմբերի 25-ին ենք նշում. այստեղ վիճակը տարբեր չէ երկրի ընդհանուր վիճակից։ Մարդիկ չգիտեն Սուրբ Ծննդյան ու Նոր տարվա տոների միջև եղող տարբերությունը, ինչի պատճառով այդ մասին ունեն կանխակալ կարծիք»։
Նրանք կարծում են, թե Նոր տարին ու Սուրբ Ծնունդը նույնն են
Գյունալը նշում է, որ դիարբեքիրցիների մեծ մասը չգիտի, որ Նոր տարին ու Սուրբ Ծնունդը նույնը չեն, ու երբ իմանում են, մեծ զարմանք են ապրում. «Գիտեն, թե Սուրբ Ծնունդն ու Նոր տարին միասին են նշվում։ Դա է պատճառը, որ այդքան շատ են այդ քրիստոնեական տոնը շնորհավորել չցանկացող պահպանողականները։ Երբ իմանում են, որ դեկտեմբերի 25-ին Սուրբ Ծնունդ է, արժե տեսնել նրանց զարմանքը։ Կան նաև մարդիկ, ովքեր մտածում են, որ այսքան տարի միայն քրիստոնեական ավանդություն լինելու պատճառաբանությամբ դեմ են եղել և զրկվել Նոր տարվա տոնակատարություններից»։
Սուրբծննդյան սեղանների անփոխարինելի գինին
Մելիքե Դարա Գյունալն ասում է, որ արդեն Սուրբ Ծննդյան տոնի հետ նույնացվող հնդկահավի հետ միասին քաղաքի հատուկ ճաշատեսակներից խորովածն ու խաշլաման էլ իրենց տեղը գտնել են Դիարբեքիրում հայկական սեղաններին։ Նա հավելում է նաև, որ գինին ու նախուտեստները դիարբեքիրցիների համար սուրբծննդյան ու ամանորյա սեղանների անփոխարինելին են։
Սուրբ Կիրակոս եկեղեցու վերանորոգումից հետո վերջին երկու տարում Նոր տարին նշում են եկեղեցում, սակայն տանը նշել ցանակցողներ էլ կան. «Անատոլիայում մի բուռ քրիստոնյաներ են մնացել, ինչի պատճառով հունվարի 6-ին նշվելիք մեր տոնը ասորիների հետ միասին եղբայրաբար, կողք կողքի` նույն եկեղեցում, նույն սեղանի շուրջ ենք նշում, որն այսօր ինձ համար իմաստալից է։ Սակայն այս սովորույթը չկիրառող իսլամացած հայեր էլ շատ կան… Սուրբ Ծնունդն էլ մի այլ թեմա է, Դիարբեքիրում քրիստոնյա հայերը շատ քիչ են, այդ պատճառով այն չի նշվում։ Միայն վերջին երկու տարում Նոր տարվա գիշերը հավաքվում, ուրախանում են»։
Մերսին. արաբ քրիստոնյաներն են նշում
Մերսինում չնայած քիչ, բայց հնարավոր է խոսել արաբ քրիստոնյաների մասին։ Յուրաքանչյուր քրիստոնյայի նման` Մերսինում գտնվող արաբ քրիստոնյաներ էլ են Սուրբ Ծնունդը նշում։ Մերսինում տոների ժամանակ նրանց տրամադրության մասին զրուցենցինք Մերսինի հույն ուղղափառ եկեղեցու հոգևոր սպասավոր Իսփիր Ջոշքուն Թեյմուրի, մեկ այլ անունով՝ քահանա Սպիոյի հետ։ Թեյմուրն ասում է, որ Մերսինում գտնվող արաբ քրիստոնյաները Սուրբ Ծնունդը միասին են նշում և ավելացնում է, որ նրանք հոգևոր ավանդույթները պահպանում են իրենց ընտանիքներում. «Մերսինում գտնվող մեր համայնքի համար եկեղեցում ընդհանուր ծիսակատարություն է արվում։ Սուրբծննդյան հաջորդ օրը տոնակատարությունները շարունակվում են, ու մի սրահում դիմակահանդես է կազմակերպվում։ Այդ ժամանակ մեզ համար հատուկ և շրջանին յուրահատուկ կերակրատեսակներից կազմված ճաշացանկ է պատրաստվում։ Քրիստոնյա համայնքի համար իշլի քյուֆթայի զանազան տեսակները, լցոնած հնդկահավն ու խորովածի տեսականին առաջնային ճաշատեսակներն են»։
Քաղաքը տեղյակ է Սուրբ Ծննդյան մասին
Թեյմուրն ասում է, որ մերսինցիները գիտեն, թե քրիստոնյաների համար ինչպիսի կարևոր նշանակություն ունի Սուրբ Ծնունդը, և քաղաքապետարանն էլ, դրան համապատասխան, լուսավորում է մեծ պողոտաները. «Պողոտաների հետ մեկտեղ խանութները և գրասենյակների ցուցափեղկերն զարդարվում են։ Ակնհայտորեն զգացվում է, որ այդ օրը տարբերվում է մնացած օրերից»։
Մարդինը, որտեղ հատկապես ասորական ու քրիստոնյա հոծ բնակչություն կա, Սուրբ Ծնունդը խանդավառությամբ տոնող քաղաքներից մեկն է։ Ֆերիթ Ալթընսուն ասում է, որ դեկտեմբերի 25-ի վաղ առավոտյան նրանք եկեղեցի են գնում ու քրիստոնյա համայնքի ներսում տոնում Սուրբ Ծնունդը։ Նա հետևյալ կերպ է նկարագրում Միդյաթում այդ ժամանակ տիրող մթնոլորտը. «Եկեղեցուց դուրս գալուց հետո առաջին տոնակատարությունները համայնքի ներսում են կատարվում։ Ավելի ուշ գնում են եկեղեցու սրահ, որտեղ տղամարդիկ, թեմի առաջնորդները, քահանան կամ հոգևորականները և այլք մի որոշ ժամանակ նստում են տոնը նշելու համար։ Դրանից հետո բոլորը տուն են գնում ու ընտանիքի հետ տոնում։ Հիմնականում եկեղեցու ելքի մոտ նախաճաշի փոխարեն մսային ուտեստ են համտեսում, ապա փոխադարձ այցելում են տներ ու շնորհավորում միմյանց։ Երեխաներն ու երիտասարդները խմբերով շրջում են տներով ու շնորհավորում մարդկանց տոնը»։
Ալթընսուն ասում է, որ ամանորյա տոնակատարությունները շատ գունագեղ են անցնում և պատմում է մարդինցի քրիստոնյաներին հատուկ «պիվքանա հանե» կոչվող ու ներկայում ծաղրածուներից չտարբերվող մարդկանց՝ հնում դեկտեմբերի 31-ին արածների մասին. «Նոր տարվա համար հիմա խիստ հազվադեպ հանդիպող «պիֆքանա հանե» կոչված անձինք, որ նման են ներկայիս ծաղրածուներին, Նոր տարվա գիշերը տներով շրջում են երկու մարդուց կազմված խմբերով, զանազան զվարճանքներով ուրախացնում երեխաներին։ Դրա դիմաց տներից մի բաժին ընդեղեն կամ միրգ էին հավաքում ու բաժանում կարիքավորներին»։
Վարդան Էստուկյան
Թարգմանեց Անի Մելքոնյանը
Akunq.net