Փոխարժեքներ
24 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.54 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.6972 |
GBP | ⚊ | £ 510.19 |
GEL | ⚊ | ₾ 140.81 |
Yerkir.am-ն օրերս հրապարակել էր գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Գասպարյանի ակնարկը Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում տեղի ունեցած «Չարենց» ներկայացման առաջնախաղի մասին՝ «Վիրավորականը իմ վաստակի ուրացումն էր. Դավիթ Գասպարյանը` Վանաձորի թատրոնում «Չարենց» ներկայացման մասին» վերտառությամբ։ Խմբագրությունն այնուհետև ստացել էր հիշյալ ներկայացման հիմքում ընկած «Չարենցի վերջին գիշերը» պիեսի հեղինակ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Վալերի Փիլոյանի պատասխան ակնարկը, որն անփոփոխ կերպով ներկայացրել ենք «Շատ այլ բաների հետ համաձայն չեմ․ Վալերի Փիլոյանի արձագանքը՝ Դավիթ Գասպարյանին» վերտառությամբ։ Խմբագրությունը ստացել էր նաև Դավիթ Գասպարյանի պատասխան արձագանքը՝ «Այդ հավակնոտ «դրամատուրգը» խաբել է թատրոնի մարդկանց, իսկ հիմա բռնվել է գողության մեջ․ Դավիթ Գասպարյանը՝ «Չարենցի վերջին գիշերը» պիեսի հեղինակին» վերտառությամբ:
Խմբագրությունն այսօր ստացել է նաև Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի պաշտոնական արձագանքը, որը ևս անփոփոխ կերպով ներկայացնում ենք ստորև.
«Սեպտեմբերի 16-ին և 17-ին Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում «Չարենց» ներկայացումով ազդարարվեց 94-րդ թատերաշրջանի մեկնարկը։
Թատերաշրջանի բացումից հետո հրապարակվեց չարենցագետ, վաստակաշատ գիտնական Դավիթ Գասպարյանի ծավալուն հոդվածը, ինչին «Շատ այլ բաների հետ համաձայն չեմ» հոդվածով պատասխանել էր Վալերի Փիլոյանը։
Սակայն գրականագետ Դավիթ Գասպարյանն արդեն երկրորդ անգամ է անդրադառնում մեր թատրոնում տեղի ունեցած «Չարենց» ներկայացմանը՝ որպես վերնագիր ընտրելով «Այդ հավակնոտ «դրամատուրգը» խաբել է թատրոնի մարդկանց, իսկ հիմա բռնվել է գողության մեջ» չափազանց տգեղ ձևակերպումը, հատկապես որ թատրոնը խաբված չէ։ Ավելին, հավակնոտ բառը բնավ բնորոշ չէ Վալերի Փիլոյանին (ճանաչողները գիտեն), և երկրորդ՝ Վալերի Փիլոյանը ցուցաբերել է ակադեմիական ազնվություն․ պիեսում այս կամ այն աղբյուրից բոլոր մեջբերումներն (իսկ դրանք, ինչպես ինքն է նշում, բազմաթիվ են) արված են չակերտներով, թեպետ և դրամատուրգիայում հեղինակը թերևս կարող էր շեղվել ակադեմիական բարեվարքության չգրված նորմերից։
Ես անկեղծորեն լավ չեմ պատկերացնում թատրոնից գրականագետ Դավիթ Գասպարյանի սպասած արձագանքը, որովհետև մեկ աղբյուրից չէ, որ օգտվել է մեր պատվիրած պիեսի հեղինակը։ Եթե գրականագետը որպես խաղաղ արձագանք շարունակում է դիտարկել աֆիշի վրա իր անունը գրելու տարբերակը, ապա ասենք, որ պիեսի հեղինակի՝ «Շատ այլ բաների հետ համաձայն չեմ» հոդվածում շեշտած բոլոր անունները մեկ աֆիշի վրա տեղավորելը գուցեև հեշտ, բայց նույնքան էլ ծիծաղելի կլիներ։ Իսկ բեմը գիտաժողովի դահլիճ չէ, և այստեղ մեղմ ասած հնարավոր չէ շեշտել մեջբերման սկիզբը կամ մեջբերման ավարտը։
Ռեժիսոր Դավիթ Հարությունյանը գրական հենքն օգտագործել է՝ բնականաբար որոշակի փոփոխությունների ենթարկելով, ինչպես նաև հաշվի առնելով, որ թատրոնը գեղարվեստական պայմանականությունների միջավայր է, իսկ ինքը՝ ստեղծագործող։
Մասնավորաբար՝ սայլուկ բառի վերաբերմամբ նշենք, որ այն չկա Վ․ Փիլոյանի՝ մեզ առաջարկված պիեսում, հետևաբար՝ հմայված ուսանողուհու ենթադրյալ հիացումը և այդ բառը կիրառելու հնարավոր հաճելի կամ տհաճ տեսարանը պատկերացնելը այդքան էլ սազական չէ մեծավաստակ գիտնականին։ Պետք չէր այդքան հեռու գնալ․ բառն ավելացվել է ռեժիսորական միջամտությամբ և Շիրակից արմատներ ունեցող գլխավոր դերասանի հուշումով․․․ Կարսն ու Շիրակ աշխարհը, անտարակույս, ունեն ընդհանրություններ․ սիրած պատանուն թերևս կարող էր ասվել սայլուկ կամ խենթ, և դրա մեջ հանցավորություն փնտրելու առանձնապես կարիք էլ չկա։
Այնուամենայնիվ, պատշաճ չհամարելով երկու գիտնականների՝ հեղինակային իրավունքին վերաբերող բանավեճի մեջ մտնել, ասենք հետևյալը․ մեր խնդիրն է եղել Չարենցի կյանքին և ստեղծագործությանն անդրադառնալ թատերարվեստի լեզվով, ինչպես նաև մեր կողմից արված բոլոր հրապարակումներում բազմիցս նշվել է, որ պիեսի հեղինակն օգտվել է նաև Դ․ Գասպարյանի ուսումնասիրություններից։
«Չարենց» ներկայացումը փաստավավերագրություն չէ, այն գեղարվեստի լեզվով է մեզ պատկերում 20-րդ դարասկիզբը՝ իր սահմռկեցուցիչ կարմիրով․․․ Եթե բեմում փաստավավերագրություն անեինք, Ռեգինային էլ պիտի այլ դիտանկյունից մոտենայինք, Բակունցին ու Մահարուն էլ, իսկ Ստալինի հագուստն էլ պիտի մինչև վերջ կոճկած ներկայացնեինք․․․
Ի դեպ, պրեմիերայի առաջին օրը վերհուշ և իրականություն ժամանակային փոխներթափանցումներով կառուցված ներկայացումը դիտել է Դավիթ Գասպարյանը, երկրորդ օրը՝ Չարենցի թոռնուհին՝ Գոհար Չարենցը, ում խոսքը ավելորդ չեմ համարում կցել իմ այս գրառմանը։
Այսքանը։ Ներկայացման հաջողված կամ անհաջող լինելու մասին կդատի հանդիսատեսը։ Բոլորին շնորհակալ ենք։
Իսկ դափնիները միայն Չարենցինն են։ Ավելորդ է որևէ հավակնոտ դրսևորում, ում կողմից էլ որ այն լինի։
Լուսինե Սահակյան
Թատրոնի տնօրեն»: