Փոխարժեքներ
23 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.51 |
EUR | ⚊ | € 443.18 |
RUB | ⚊ | ₽ 4.6796 |
GBP | ⚊ | £ 509.2 |
GEL | ⚊ | ₾ 141.23 |
Երևանում հոկտեմբերի 21-22-ին Հայաստանի և Ադրբեջանի հասարակական կազմակերպությունների, փորձագիտական համայնքների ներկայացուցիչների նախաձեռնությամբ և երկու երկրների պաշտոնական կառույցների աջակցությամբ տեղի է ունեցել երկկողմ կլոր սեղան-քննարկում։ Այս մասին հայտնում է Փաստերի ստուգման հարթակը:
Նրանց հետ, ըստ Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի տարածած հաղորդագրության, հանդիպել է նաև ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Ըստ աղբյուրի ադրբեջանական կողմից ի թիվս այլոց ներկա է եղել նաև Դիլարա Էֆենդիևան։
Նա «Փաստերի ստուգման հարթակի» ուշադրության կենտրոնում էր հայտնվել դեռևս 2022 թվականի դեկտեմբերից, երբ ադրբեջանցի այսպես կոչված «էկոակտիվիսները» արգելափակել էին այն ժամանակ ՌԴ խաղաղապահ զորքերի վերահսկողության տակ գտնվող Լաչինի միջանցքը։
Էֆենդիևան անձամբ է որպես «էկոակտիվիստ» մասնակցել Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքի արգելափակմանը։
Այդ օրերին ԼՂՀ առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով առողջական ծանր խնդիրներ ունեցող Արցախի քաղաքացիների տեղափոխումը Երևան շարունակում է անհնար մնալ:
Մինչդեռ, Էֆենդիևան 2022 թվականի դեկտեմբերին հրաապարակված տեսանյութում պնդում էր, թե իբր իրենք պատրաստ են միջանցք տալ՝ արցախցիների պատշաճ բուժօգնության համար։
«Ես՝ որպես այս ակցիայի կազմակերպիչներից մեկը, ուզում եմ հաստատել, որ մենք պատրաստ ենք միջանցք տրամադրել շտապօգնության մեքենայի և բժշկական օգնության համար»,- ասել էր Էֆենդիևան։
FIP.am-ը դեռ այդ ժամանակ էր հերքել «էկոակտիվիստի» կեղծ պնդումը՝ ցույց տալով, որ ԼՂ-ում ծանր վիճակում գտնվող հիվանդները զրկված էին պատշաճ բուժօգնությունից Էֆենդիևայի և արգելափակմանը մասնակցած մյուս «էկոակտիվիստների» ապօրինի գործողությունների հետևանքով։
Աղբյուրը՝ FIP.am
Նանե Մանասյան