Փոխարժեքներ
23 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.54 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.6972 |
GBP | ⚊ | £ 510.19 |
GEL | ⚊ | ₾ 140.81 |
«Հապարակ»-ը գրում է․
Կարգալույծ արված նախկին քահանա Տեր Արամը, հիմա արդեն՝ Ստեփան Ասատրյանը, իր խոսքում պարբերաբար օգտագործում է «վերադաս», «հրահանգել» բառերը։ Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ հոգեւոր կրթություն ստացած եւ ոչ մի անձ բարձրաստիճան հոգեւորականներին վերադաս չի անվանում, այլ սրբազան հայր է կոչում, իսկ հրահանգներ Եկեղեցում չկան, կան հանձնարարություններ։ Այդ խոսույթն ավելի շատ իրավապահ համակարգին է բնորոշ, որտեղ կա վերադաս եւ ստորին օղակի ծառայող, եւ կան հրահանգներ, որոնք պետք է կատարել։ Հարց է ծագում․ հնարավո՞ր է, որ կարգալույծ արված հոգեւորականն իրավապահ համակարգի աշխատակիցների հետ պարբերաբար ու հաճախակի շփումների արդյունքում է որդեգրել հոգեւորականին ոչ բնորոշ, բայց ոստիկանական միջավայրին շատ հատուկ խոսելաձեւը։ Սա հռետորական հարցադրում է։
Կարգալույծ եղած Ստեփան Ասատրյանը, որը սպառնում է Հովհաննավանքում՝ կիրակի օրվա պատարագին 10 հազար մարդ հավաքել եւ որը սատարում է Նիկոլ Փաշինյանին, փաստացի հայտարարում է, որ Փաշինյանի հետ պատերազմ է մղում Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ եւ կողմ է նրա կործանմանը, հետեւաբար, նա Փաշինյանի զինվոր-գործիքն է այս հարցում։ Բացի այդ, նրա հայտարարությունը, որ 10 հազար մարդ կարող է հավաքել, խոսում է մի բանի մասին՝ նա փորձում է բախումներ հրահրել, որտեղ հայը կարող է հայի արյուն թափել։ Բազմաթիվ փորձագետներ ու քաղաքագետներ վաղուց էին ահազանգում, որ Փաշինյանը քաղաքացիական պատերազմի է ուզում տանել Հայաստանի հանրությանը, քանի որ գիտի՝ իր կեղծ թեզերն այլեւս չեն անցնում, եւ իր վարկանիշը գահավիժել է, իրեն մնացել է կոնֆլիկտներով ու բախումներով իշխանությունը պահելու վերջին հույսը:
Արդյոք կարգալույծ արված եւ սեփական հավատակից եղբայրներին ու հայրերին ուրացած հոգեւորականի օգնությամբ կիրակի տեղի ունենալիք պատարագից հետո Փաշինյանը կկարողանա՞ հասնել իր նպատակին՝ ժամանակը ցույց կտա: Մի բան, սակայն, ակնհայտ է․ ՔՊ-ական ակտիվը համացանցում տարածում է պատարագի մասին հայտարարությունը, եւ Հայաստանի տարբեր մասերում բնակվող ՔՊ-ական ակտիվի անդամները հաստատում են իրենց մասնակցությունն Օհանավանի Հովհաննավանք եկեղեցու ապօրինի արարողությանը։
Իսկ ո՞վ է կարգալույծ եղած հոգեւորականը․ Ստեփան Ասատրյանի մասին բավականին հետաքրքիր մանրամասներ են պատմում Օհանավանի բնակիչները։ Նրանք մեզ պատմեցին, որ արդեն կարգալույծ եղած Տեր Արամն ի սկզբանե խնդիրներ էր ստեղծել համայնքում։ «Մոմի կռիվ էր անում, փորձում էր պարտադրել գյուղի բնակիչներին, որ ուրիշ տեղից բերած մոմ եկեղեցում չվառեն, նույնիսկ ոստիկաններ է կանչել մարդկանց վրա, մեծ կռիվ սարքել։ Նա միշտ էլ պրոֆեսիոնալ մատնիչ է եղել, պրոֆեսիոնալ Հուդա»,-պատմում է մեր զրուցակիցը։
Սակայն դա ամբողջը չէ․ պարզվում է, որ Նիկոլ Փաշինյանի սրտի քահանան բնակվել է այն բնակարանում, որը նրան տրամադրել է Մայր Աթոռը, ավելին՝ մեքենան, որը վարել է, պատկանել է Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին․ «Չեք պատկերացնի, թե Հայր Մկրտիչն ինչ հայրական գորովանքով է իրեն վերաբերվել։ Այն տունը, որտեղ ապրում էր, Մայր Աթոռի տրամադրած տունն էր, իսկ մեքենան էլ Սրբազան հոր մեքենան է եղել, որը Հայր Մկրտիչը նրան տվեց սիմվոլիկ գնով՝ քիչ-քիչ փակվելու հնարավորությամբ, ես կասեի՝ գրոշներով տվեց իր մեքենան։ Եվ տեսաք, թե ինչպես շնորհակալ եղավ»։
Մեզ պատմեցին նաեւ, որ 44-օրյա պատերազմի մասնակից, նրան փոխարինող քահանայի՝ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանի դեմ բողոքողներն էլ գյուղի ՔՊ-ականներն են՝ իշխանությունների հետ սերտաճած դպրոցի եւ մանկապարտեզի աշխատակիցները, որոնցից ոմանց բարեկամներն աշխատում են նաեւ Արագածոտնի մարզպետարանում: Ընդ որում, Տեր Մանուկը ժամանակավոր էր նշանակվել Հովհաննավանքում՝ փոխարինելու թոքաբորբով հիվանդ Տեր Սարգսին։ Սակայն, ինչպես գրել են կարգալույծ արված քահանայի ճեմարանի դասընկերները, վերջինս փողի հանդեպ ընդգծված թուլություն է ունեցել դեռ ուսանողական տարիներից, եւ նրանց անհանգստացրել է այն հանգամանքը, որ հարսանիքներից, ծնունդներից, կնունքներից կամ հուղարկավորություններից ստացած դրամական նվիրատվություններն իրենից բացի մեկ ուրիշին էլ կարող են հասնել։ Մեր զրուցակիցը փոխանցեց, որ իշխանությունն օհանավանցիներին խոստացել է կարկուտի դեմ պաշտպանիչ ցանցեր տրամադրել՝ կարգալույծ քահանային աջակցելու դեպքում։ Այս ամառ ուժեղ կարկուտ է տեղացել եւ փչացրել է օհանավանցիների այգիների բերքի մի մասը: Ահա, այսպես է Փաշինյանը գնում հերթական ընտրություններին եւ Ալիեւի հետ համագործակցած՝ փորձում ապամոնտաժել Հայ առաքելական եկեղեցին։