կարևոր
2101 դիտում, 5 ժամ առաջ - 2025-10-24 02:39
Հասարակություն

Ի՞նչ էր իրականում կատարվում Հովհաննավանքում․ Հերմինե Զեյնալյան

Ի՞նչ էր իրականում կատարվում Հովհաննավանքում․ Հերմինե Զեյնալյան

Yerkir.am-ի լրագրող Հերմինե Զեյնալյանը գրում է․

Եվ այսպես․ ի՞նչ էր իրականում կատարվում Հովհաննավանքում։ Ու թեև Yerkir.am լրատվական կայքը, սկզբից մինչև վերջ, ուղիղ եթերում ֆիքսել է ամեն դրվագ, բաց և այնպես ներկայացնեմ նաև կադրից դուրս մնացած մանրուքները։

Առաջին բանը, որ ֆիքսեցինք, մեծ թվով ոստիկանների ներկայությունն էր թե՛ Եկեղեցու բակում, և թե՛ Եկեղեցու դարպասներից դուրս։ Բավական թիվ էին կազմում քաղաքացիական հագուստով իրավապահները, որոնք աջ ու ձախ հեռախոսներով ֆիքսում էին տարածքի ամեն մի փոքր շարժ։ (25 տարվա իմ լրագրողական փորձն ամեն դեպքում թույլ է տալիս տարբերելու շարքային քաղաքացուն ԱԱԾ աշխատակցից, որոնք իրենց զգուշավոր պահվածքով, զննող հայացքով, անկյուններից իրադարձությանը հետևելու, աննկատ մնալու, նկարահանող խմբերի շուրջը պտիտ գալու, լրագրողների և օպերատորների խոսակցությանն ականջ դնելու շուստրիությամբ փորձում են հանձնարարություն կատարել): Առաջին հարցը, որ իմ մոտ ծագեց, թե տեսնես ինչո՞ւ են մեծ թվով ոստիկաններ հավաքվել, հետո պարզվեց՝ եկել էին պաշտպանելու կարգալույծ արված քահանային՝ Ստեփան Ասատրյանին։ Իսկ թե, ումի՞ց էին եկել պաշտպանելու, ուշադրություն․

Բանն այն է, որ նախօրեին կարգալույծ արված քահանան՝ Տեր Արամը, Մայր Աթոռից նամակ է ստացել, որ պետք է մինչև ժամը 15։00-ն լքի եկեղեցին ու Եկեղեցու բանալիները հանձնի Թեմի հոգևորականներին, որոնք պետք է ժամանեին Հովհաննավանք՝ բանալիները Ստեփան Ասատրյանից վերցնելու։ Իսկ ի՞նչ էր արել Ստեփան Ասատրյանը, կրկին հոգևոր եղբայրների վրա մարդ էր բերել, զանգել էր ոստիկանություն ու ալամ ախարհի ոստիկաններին, ԱԱԾ-ականներին հավաքել շուրջը՝ իրեն պաշտպանելու։

Դեռ սա մի կողմ, մի խումբ լավ վարժված սադրիչներ էլ սպասում էին Եկեղեցու մուտքի մոտ։ Հետո պարզեցինք էս սադրիչները Օհանավանի կարկառուն դեմքերն են՝ խալաթներով, չստիկներով, ճենջոտ մազերով, ճղճղան ձայնով մի քանի տարեց կանայք, ու այլանդակ հայհոյանքներով, ոչ եթերային բառամթերքով աչքի ընկնող տղամարդիկ, որոնք եկել էին կարգալույծին ամեն գնով պաշտպանելու, թե՝ ումի՞ց, դա էլ հարց էր։

Զուգահեռ Եկեղեցում նշանակված էր պսակադրության արարողություն։ ժամանել էին հարսն ու փեսան, հարսանիքի հյուրերը, իսկ թե ո՞ր քահանան էր անելու պսակադրության կարգը, սա էլ առանձին թեմա էր։ Եկեղեցու անկյունում Ստեփան Ասատրյանը կազմը պատրաստ սպասում էր, որ ինքն է կատարելու կարգը, ինքնավստահ կեցվածքը նույնիսկ կադրերում է նկատելի։ Բայց հետո փեսայի հայրը ընտրեց օծյալ քահանային՝ Տեր Սարգիսին և հենց Տեր Սարգիսն էլ կատարեց պսակադրության կարգը։ Սա կարելի է ասել բարոյական մեծ հարված էր Ստեփան Ասատրյանին։ Նկարահանող խմբերով Եկեղեցու ներսից դուրս եկանք, որպեսզի չխանգարենք պսակադրության արարողությունը։

Դրսում սպասում էինք թեմի հոգևորականների այցին, 15 րոպե հետո ժամանեցին, հենց այդ պահից էլ սկսեցին ակտիվանալ սադրիչները․ խալաթով, չստիկներով, մազերը կիսասանրած տարեց մի կին ընդառաջ գալով սկսեց գոռալ, բղավել, կռիվ տալ՝ թե ինչի՞ եք եկել, ձեզ սպասող չկա, շրջապատում մի քանիսը սաստեցին, որ լռի և հարգանքով վերաբերվի քահանայաց դասին (կադրերում այդ ամենը ֆիքսված է): Դրանից հետո անկյունում, Եկեղեցու դռան ուղղությամբ կանգնած երկու տղամարդ բարձ ձայնով սկսեցին հայհոյել, կանանցով սաստեցինք, որ չափավորեն բառերը, քանի որ տարածքում կանայք և երեխաներ կան։ Այս 2 սադրիչները հարձակվեցին գործընկերուհուս վրա, ամենավերջին հայհոյանքները հնչեցրին նրա հասցեին, ընդհուպ ձեռք բարձրացրեցին, քաշքշեցին, հետո միջամտեցին ոստիկանները՝ ասելով, որ լրագրողների հետ գործ չունեք (այս ամենը ևս ֆիքսված է կադրերով):

Ընթացքում Ստեփան Ասատրյանին մոտեցան քահանաները, բուռն խոսակցությունից հետո, սադրիչները նրան ուղեկցեցին Եկեղեցի, փակեցին Եկեղեցու մուտքի դուռը, որ որևէ մեկը չմտնի ներս։ Ու այդ ամենն ուղեկցվում էր քահանաների, լրագրողների հասցեին հնչած հայհոյանքներով, քաշքշոցներով, սպառնալիքներով։ Խոչընդոտեցին քահանաների մուտքը Եկեղեցի, սպառնում էին, որ կկոտրեն մեր տեսախցիկները, եթե արագ չլքենք տարածքը։ Մի քանի անգամ մոտեցա իրավապահներին, ոստիկաններն, խնդրեցի կարգի հրավիրել, տարածքից հեռացնել ագրեսիվներին։ Լուռ լսում էին՝ անհաղորդ մնալով իմ խնդրանքին, ասես հրաման էր իջեցված ամեն գնով սատարեին սադրիչներին ու կարգալույծ արված քահանային։

Տիկի՛ն նախարար, կարգի հրավիրեք ձեր օղակի ծառայողներին, երբ սնվում եք մեր տված հարկերով, պարտավոր եք պաշտպանել մեզ և մեր անվտանգությունը։ Ոստիկանների հանցավոր լռության, անգործության, թողտվության պայմաններում այսօր Հովհաննավանքում մի խումբ սադրիչներ խոչընդոտեցին մեր լրագրողական աշխատանքը, սպառնալիքներ հնչեցրին մեր հասցեին, սպառնում էին կոտրել ու վնասել մեր աշխատանքային գույքը, խոչընդոտեցին նաև Արագածոտնի թեմի հոգևոր հայրերի մուտքը Եկեղեցի, և այդ ամենը՝ ոստիկանների լուռ համաձայնության ու անտարբերության ներքո։

Հարգելի իրավապահ մարմիններ, պահանջում եմ, քրեական պատասխանատվության ենթարկել կադրերում երևացող սադրիչներին, մեր տեսագրությունն ինքնին ամենամեծ փաստն է և ապացույցը։

Ուղիղ եթերի ամբողջական տեսագրությունը դիտել այստեղ