կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-26 14:33
Մշակույթ

Հույս ունեմ, որ բանականությունը կհաղթի, և նախարարությունները ոչ թե կփակեն, այլ ավելի կհզորացնեն. Սամվել Կարապետյան

Հույս ունեմ, որ բանականությունը կհաղթի, և նախարարությունները ոչ թե կփակեն, այլ ավելի կհզորացնեն. Սամվել Կարապետյան
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ մշակույթի գործիչները հայտնեցին իրենց տեսակետը մշակույթի նախարարության միավորման վերաբերյալ: 
 
Հուշարձանագետ Սամվել Կարապետյանի խոսքով` կառավարության ցանկացած կառուցվածքային փոփոխություն պետք է ազգային կառույցները հզորացնելու միտում ունենա: Ըստ նրա` մենք գտնվում ենք մի տարածաշրջանում, որտեղ մեր երեք հարևանների հետ էլ մշակութային խնդիրներ ունենք: Ըստ նրա` Ադրբեջանն ու Թուրքիան պետական մակարդակով ուղղակի վանդալիզմով են զբաղված, իսկ մյուսն էլ իր քայլերն անում է` օգտվելով մեր չարած քայլերից: 
 
«Մենք այդպես էլ չտեսանք, որ մեր արտաքին գործերի նախարարները միջազգային հարթակներում հանդիպումների ժամանակ ասեին, որ վանդալիզմով զբաղվող Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ չեն պատրաստվում մի սեղանի շուրջ նստել: Փոփոխություններ եղան մեր երկրում, ու մարդկանց մոտ հույսեր առաջացան: Իմ հույսը միայն ազգային դաշտում մեր ողնաշարը շտկելն էր, բայց մեկ էլ տեսնում ենք, որ մշակույթի ու Սփյուռքի նախարարության փակման մասին են խոսում: 10 մլն ազգից միայն մեկ քառորդն է հայրենիքում ապրում, ուրեմն ինչպե՞ս կարող են մյուսների համար փակել այդ կառույցը»,- ասաց Կարապետյանը:
 
Նրա խոսքով` եթե Սփյուռքի նախարարությունը լավ չէր աշխատում, պետք է փոփոխություններ անեին, ոչ թե այն լուծարելու որոշում կայացնեին: Կարապետյանը հույս հայտնեց, որ բանականությունը կհաղթի, ու այդ նախարարությունները ոչ թե կփակեն, այլ ավելի կհզորացնեն: 
 
ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանի խոսքով էլ` մտահոգիչ է, որ հուշարձանների պահպանության հարցով պետք է զբաղվի քաղշինը: Ըստ նրա` փաստերը ցույց են տալիս, որ քաղաքաշինական ծրագրերը հակոտնյա են հուշարձանների պահպանման խնդրին: «Ինձ հետաքրքրում է` եթե մենք հուշարձանների պահպանման ոլորտը փոխանցում ենք քաղշինին, արդյո՞ք վաղը խնդիրներ չենք ունենալու: Ընդ որում` կրտած մասն ենք տանում այնտեղ: Ցանկացած հուշարձան մշակութային ժառանգության մաս է, և մշակութային ժառանգությանը վերաբերող օրենքներով պետք է խնդիրը կարգավորվի, ոչ թե քաղշինի նորմերով»: 
 
ՀՀ մշակույթի նախարարության պատմության և հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանն էլ զարմացած է` պատմամշակութային հուշարձանները մշակութային արժե՞ք չեն, որ այն կցում են քաղշինին: Նրա խոսքով` ՀՀ-ն մի շարք միջազգային կոնվենցիաներ է վավերացրել, օրինակ` բնության և մշակույթի պահպանության կոնվենցիան, որում հստակ նշվում է` մշակութային ժառանգություն են համարվում հուշարձանները, և կրթության, գիտության, մշակույթի և պատմության համար համապարփակ դեր են ներկայացնում: «Հիմա այստեղ որտե՞ղ է քաղաքաշինության գործառույթը: Բացի այդ` քաղշինն իր կարգավիճակով կառավարության անդամ չէ և քաղաքականության մշակման լիազորություններ չունի: Այսինքն` հուշարձանները  քաղշինի ենթակայությանը տալով` մենք դրանց կտրում ենք նաև հուշարձանների պահպանման քաղաքականությունից: Ի դեպ, հուշարձանների պահպանման ոլորտը տարանջատելով մշակույթի նախարարությունից ու այն քաղշինին կցելով` մենք հակասում ենք Սահմանադրության 15-րդ հոդվածին, ըստ որի` պետությունը պաշտպանում է մշակութային ժառանգությունը: Եթե հուշարձանները մշակութային ժառանգություն այլևս չեն համարվելու, ապա պետությունն ի՞նչն է պաշտպանելու»,- ասաց Աբրոյանը: 
 
Նա նշեց նաև, որ քաղաքաշինական գործառույթները` տարաբնակեցման սկզբունքները, կենսամիջավայրի ապահովման ծրագրերը, որևէ կապ չունեն հուշարձանների պահպանության հետ: Ինչ վերաբերում է քաղաքաշինական նորմերին, ապա դրանք էլ, նրա հավաստմամբ, կիրառելի են միայն այն դեպքում, երբ չեն հակասում հուշարձանների պահպանության նորմերին: «Փորձը ցույց է տալիս, որ ճարտարապետական նախագծերի, վերակառուցումների, քաղաքաշինական միջամտությունների իրավախախտումների 80 տոկոսը քաղաքաշինական գործունեությունն է: Ինչ վերաբերում է նորմերին, ապա առաջին հերթին շինթույլտվության գործառույթը համայնքին է վերապահված, ուրեմն ի՞նչ` հուշարձանների պահպանության գործառույթը տանք համայնքների՞ն»,-ասաց Աբրոյանը:
 
Երգահան, երգիչ Վահան Արծրունին էլ նախ նշեց, որ մշակույթի նախարարության գործունեությունը չի սահմանափակվում միայն հուշարձանների պահպանության ոլորտով, ավելի մեծ ֆունկցիաներ ունի: Ըստ նրա` մշակույթի ոլորտում բոլոր ամենաթողությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ չի եղել մի փաստաթուղթ, որը կսահմաներ մշակույթի նախարարության ֆունկցիաները: «Այդ իսկ պատճառով էլ յուրաքանչյուր ղեկավար ինչպես պատկերացրել, այդպես էլ ղեկավարել է` մեկը Նիցշե էր թարգմանել, նախորդ նախարարը Սևանում ստորգետնյա թանգարան էր ուզում բացել ու օպերայում սպորտային դահլիճներ ունենալ: Այնինչ` նախարարության ուղենիշը պետք է օրենքը ձևաչափեր: Մշակույթի նախարարությունն այս 30 տարիների ընթացքում սահմանափակել է իր հետաքրքրությունները միայն դոտացիոն շարքում, քանի որ օրենքի սահմանափակում չի եղել, տիրել է կամայականություն, դաշտը յուրայինների ու ոչ յուրայինների բաժանում: Նախարարության ֆունկցիան տարրական գործակալության ֆունկցիա է ունեցել»,- ասաց Արծրունին:
 
Նրա համոզմամբ` այս 30 տարիների ընթացքում մշակույթի նախարարությունը շատ հաճախ մշակույթի հետ կապ չի ունեցել, եղել է ընդամենը հնարավորություն որոշ մարդկանց համար: Այդ իսկ պատճառով էլ, ըստ Արծրունու, տեղի է ունեցել մշակույթի նախարարության անկումը ու կայացվել է որոշում` այն օպտիմալացնելու:
 
«Մշակույթի ոլորտում մի շարք կրիզիսային պահեր ենք ունեցել, և մշակույթի նախարարության աշխատակիցների արձագանքը չենք լսել, իսկ հիմա նրանք դուրս են եկել փողոց, քանի որ խոսքն իրենց աթոռին է վերաբերում: Կլինի նախարարություն, թե գործակալություն` օրենքը պետք է քննարկման դրվի, ու օրենքը որոշի մշակութային քաղաքականության, մշակութային գործառույթներն` առհասարակ»,- ասաց Արծրունին: