կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-24 23:31
Իրավական

ՄԻՊ-ը ներկայացրել է իր դիրքորոշումը Մանվել Գրիգորյանի գործով ստեղծված իրավիճակի կապակցությամբ

ՄԻՊ-ը ներկայացրել է իր դիրքորոշումը Մանվել Գրիգորյանի գործով ստեղծված իրավիճակի կապակցությամբ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ներկայացրել է իր դիրքորոշումը Մանվել Գրիգորյանի գործով ստեղծված իրավիճակի կապակցությամբ:

«Յուրաքանչյուր քրեական գործով արդար դատաքննության երաշխավորման հրամայականը պահանջում է դատարանի լիարժեք անկախություն ու փաստաբանի պաշտպանված մասնագիտական աշխատանք:

1.   Խիստ մտահոգիչ են Մանվել Գրիգորյանի գործով որոշում կայացրած դատավորի՝ Դավիթ Բալայանի, Մանվել Գրիգորյանի փաստաբանների և նրանց ընտանիքների անդամների հասցեին սոցիալական ցանցերում հնչող ատելության խոսքն ու նրանց արժանապատվությունը վիրավորող գրառումները, սպառնալիքներն ու անգամ բռնության կոչերը: Ավելին, դիտարկումը վկայում է, որ այդ մեկնաբանություններն ու գրառումները դրսևորում են աճի միտումներ:

2.   Դատական արդյունավետ իշխանությունը պահանջում է դատարանի և դատավորի լիարժեք անկախություն:  Այս բարձր արժեքը երաշխավորված է մեր երկրի Սահմանադրությամբ ու միջազգային պարտավորություններով: Դա նշանակում է անկախություն ինչպես օրենսդիրից ու գործադիրից, ցանկացած այլ մարմնից կամ պաշտոնատար անձից, այնպես էլ միջամտության բացարձակ արգելք դրանցից դուրս որևէ այլ մեկից կամ անձից: Դա նաև նշանակում է դատարանի անկախություն ու անկողմնակալ վերաբերմունք՝ անկախ քննվող գործի բնույթից կամ այդ գործով քրեական հետապնդման ենթարկվող անձի հանրային հեղինակությունից կամ նրա վարկի վերաբերյալ հանրային պատկերացումներից:

3.  Դատավորի կողմից քննվող գործը կամ նրա քննությանը ներկայացված հարցը միշտ կոնկրետ է, որի լուծումը պետք է տա ինքը դատարանը՝ հիմք ընդունելով հենց այդ կոնկրետ գործի հանգամանքները:

4.  Ստեղծված իրավիճակը հատկապես խնդրահարույց է այն պատճառով, որ դեռևս առկա չէ գործն ըստ էության լուծող, այսինքն՝ Մանվել Գրիգորյանին մեղսագրվող, նրա կողմից ենթադրաբար կատարված հանցանքների մեջ նրա մեղավորության հարցը որոշող  դատական ակտ: Սա նշանակում է, որ յուրաքանչյուր ազդեցություն կարող է վտանգել անձի արդյունավետ դատարանի իրավունքը, ինչն էլ կլինի դատարանի անկախության խաթարման հետևանք՝ վտանգելով արդար դատաքննության հիմնարար իրավունքի իրացումը:

5.  Պետք է հատուկ արձանագրել, որ քրեական վարույթի մինչդատական փուլերում գործին վերաբերող ապացույցները կամ մյուս նյութերը հանրության համար ունեն սահմանափակ հասանելիություն՝ ի տարբերություն նախաքննության ավարտից հետո դատարանի կողմից հրապարակայնության պայմաններում գործի ըստ էության քննության: Այս կանոնը մինչդատական փուլերում գործում է նաև այն ապացույցների ու նյութերի հասանելիության նկատմամբ, որոնք մեղադրանքի և պաշտպանության կողմերը ներկայացնում են դատարանի քննությանը: Հետևաբար, խնդրում եմ նկատի ունենալ, որ քրեական վարույթի մինչդատական փուլերում հանրության համար առկա չէ գործի հանգամանքների մասին ամբողջական պատկերացում կազմելու օբյեկտիվ հնարավորություն: Նշվածը բխում է քրեադատավարական գործող օրենսդրության պահանջներից: 

6. Ստեղծված իրավիճակը խնդրահարույց է նաև փաստաբանների մասնագիտական անկաշկանդ աշխատանքի տեսանկյունից: Այդ մասին են վկայում սոցիալական մեդիայում փաստաբաններին ուղղված ատելության խոսքը, վիրավորական մեկնաբանություններն ու սպառնալիքները:

7.  Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ փաստաբանը ներկայացնում ու պաշտպանում է անձի, ում պետությունը կասկածում կամ մեղադրում է կոնկրետ, բայց ենթադրյալ հանցանքի կատարման մեջ։ Փաստաբանի առաքելությունն է այդ անձի համար քրեական վարույթի ընթացքում ապահովել որակյալ իրավաբանական օգնություն, իրավական պատշաճ պաշտպանություն մեղադրանքից։ Սա որևէ կերպ չի նշանակում, թե փաստաբանն արդարացնում է հանցագործությունները կամ ապահովում անպատժելիություն։ Փաստաբանի մասնագիտական գործունեությունն ուղղված է հնարավոր ապօրինի հետապնդումից կամ ապօրինի ազատազրկումից յուրաքանչյուրի պաշտպանությանը։ 

8.  Կրկնում եմ ևս մեկ անգամ, որ միջազգային իրավաբանությունը, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը մեծ պատասխանատվություն է դնում պետությունների վրա նման իրավիճակներ թույլ չտալու համար: Անգամ, եթե պետությունն ինքը չի նպաստել հասարակական կանխակալ ընկալումների, դրա արդյունքում դատարանի ու փաստաբանների նկատմամբ ճնշման ձևավորմանը,  միևնույնն է՝ այդպիսի իրավիճակի դեպքում պարտավոր է համապատասխան մարմինների միջոցով գործադրել առավելագույն ջանքեր իրավիճակը մեղմելու, դատական իշխանության անկախության բարձր արժեքի երաշխավորումը, ինչպես նաև փաստաբանների անխոչընդոտ մասնագիտական աշխատանքն ապահովելու ուղղությամբ։ Դա անհրաժեշտ է անել հենց այն նկատառումից ելնելով, որ նման իրավիճակները կարող են ձևավորել դատական իշխանության անկախությանը միջամտության վտանգավոր նախադեպ»: