Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազգային ժողովը հավանություն կտա ՀՀ նախագահի առաջարկությանը` գլխավոր դատախազի պաշտոնում նշանակել 36-ամյա Գևորգ Կոստանյանին, ով դատախազության համակարգում աշխատանքի ընդամենը եռամյա փորձ ունի:
ԱԺ քաղաքական ուժերից և ոչ մեկն այս թեկնածության հարցում լուրջ առարկություններ չի ներկայացրել, և թվում է, թե նրա նշանակումը տեղի է ունենալու քաղաքական կոնսենսուսի արդյունքում: Այդպիսով` խորհրդարանական քաղաքական ուժերը կդառնան Կոստանյանի հետագա գործունեության պատասխանատուները:
Նախկին դատախազի` Աղվան Հովսեփյանի ֆոնին Կոստանյանի թեկնածությունը, իհարկե, թվում է ավելի նախընտրելի: Նախ` գործնականում այլընտրանք չի էլ առաջարկվում. նախագահն նրան է տեսնում գլխավոր դատախազի պաշտոնում, և ԱԺ քաղաքական մեծամասնությունը բավարարելու է այդ ցանկությունը: Իսկ դա թույլ է տալիս համեմատությունն անցկացնել միայն հին և պոտենցիալ նոր դատախազների միջև: Երկրորդ` ի տարբերություն Աղվան Հովսեփյանի, Կոստանյանը դեռևս դուրս չի եկել պետական պաշտոնյայի, չինովնիկի կերպարի շրջանակներից և ամբողջությամբ չի նույնացվել օլիգարխիայի հետ` համեմատաբար ավելի համեստ ունեցվածք ու եկամուտներ ունենալու իմաստով: Մեկնարկի համար, իհարկե, սրանք կարևոր են հասարակ քաղաքացիների համար, ովքեր նոր, թարմ ու կեղտում չթաթախված կերպարների հետ են ուզում գործ ունենալ և նրանց հետ արդարադատության աղոտ հույսեր կապել: Եվ երրորդ` նրա երիտասարդական ավյունը, նախաձեռնողականությունը, որոնք դրսևորվեցին զինդատախազի պաշտոնում, թերևս անհրաժեշտ որակներ են համակարգը ներկայիս լճացումից հանելու, բարեփոխումների ենթարկելու համար:
Սակայն այս ամենն ընդամենը սպասելիքներ են, որոնք որքան բնական են, նույնքան էլ վիրուալ: Իրականում Կոստանյանի նշանակումը պարզապես հերթական նոմենկլատուրային կադրային լուծումն է լինելու, որվհետև շեշտը դրված է ոչ այնքան նրա դատախազական, մասնագիտական որակների վրա, որքան` «իրենց մարդը» լինելու: Կոստանյանի անցած ճանապարհը ցույց է տալիս, որ նրա փայլուն կարիերան ապահովվել է որքան իր ունեցած պոտենցիալով, նույնքան էլ ու թերևս ավելի շատ` իշխանության գլխի «սիրելիներից» մեկը կամ, ռուսերենով ասված` «любимчик»-ը լինելու հանգամանքով պայմանավորված. պատահական չէ, թերևս, որ նրա` գրեթե կայծակնային արագությամբ առաջխաղացումները (ամեն մեկին չէ, ի վերջո, տրված դառնալ երկրի գլխավոր դատախազը) տեղի են ունեցել Սերժ Սարգսյանի նախագահության ընթացքում:
Առաջին լուրջ «հաջողությունը», որը և մեծացրեց նրա նկատմամբ իշխանության հետաքրքրությունը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում «Ա1+»-ի գործը վերջնականապես և իշխանության համար շահեկան տարբերակով փակելն էր` առանց դրա համար լուրջ զիջումների գնալու և այդ հեռուստաընկերությանը լիարժեքորեն եթեր վերադառնալու իրավունքն ընձեռելու: Այդ ժամանակ և առ այսօր Կոստանյանը Եվրադատարանում Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցիչն էր: Եվրադատարանի վճռի մեկնաբանական մի քանի աճպարարությունները բավարար էին «ապացուցելու» համար, որ «Ա1+»-ին հաճախականությունների մրցույթին սոսկ մասնակցելու հնարավորության ընձեռումը և համապատասխան օրենքում մեկ-երկու կոսմետիկ փոփոխություններ կատարելը Եվրոպական դատարանի կայացրած վճռի ամբողջական կատարում է նշանակում: Արդյունքում` այս թեման վերջնականապես փակվեց:
Դրանից հետո զինդատախազի պաշտոնում նրա նշանակումն արդեն կանխորոշում էր, որ Սերժ Սարգսյանը հենց Կոստանյանին է ուզում հասունացնել գլխավոր դատախազի պաշտոնի համար: Կոստանյանից ընդամենը մեկ բան էր պահանջվում`. հուսախափ չանել Սերժ Սարգսյանին, ինչը և նա արեց, կարելի է ասել, փայլուն կերպով: Սուրիկ Խաչատրյանի տան մոտ այս ամռանը տեղի ունեցած փոխհրաձգության և Սյունիքի նախկին մարզպետի որդուն կալանավորելու հետ կապված պատմությունը փաստացի վճռորոշ նշանակություն ուենցավ Կոստանյանի համար` նրան վերջնականապես վստահելու տեսանկյունից: Իր գործողություններով Կոստանյանն ապացուցեց, որ համապատասխանում է նոր տիպի պաշտոնյայի այն չափորոշիչներին, որոնք մի կողմից կարողանում են կատարել իրենց առջև նոմենկլատուրայի դրած խնդիրները, իսկ մյուս կողմից` դա անում են ոչ տապորային մեթոդնելով, որոնք հատուկ են հին «դպրոցի» ներկայացուցիչներին:
Կոստանյանի հիմնական զենքը, որը գնահատվեց իշխանության կողմից, ոչ միայն նրա հավատարմությունը, գրագիտությունն ու սառը ինքնավստահությունն էին, այլ նաև ու թերևս առաջին հերթին` հանրության հետ աշխատելու, մանիպուլյացիոն տեխնոլոգիաներին տիրապետելու հմտությունները: Հենց հանրային կարծիքի վրա խաղալու նրա հմտության, հոտառության շնորհիվ էր, որ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ուենցածի տեսագրությունը «հանկարծ» հրապարակվեց` չնայած նախաքննության նյութերի անձեռնմխելիությանը: Որովհետև Կոստանյանը գիտեր, թե ինչ նշանակություն և ուժ ունի առաջին ինֆորմացիան. դրանով դրվեց միջադեպին նախկին մարզպետի բացակայության և Բուդաղյանների «հարձակումից» նրա ընտանիքի անդամների «ինքնապաշտպանվելու» միֆի ստեղծման հիմքը: Այդ հմտության շնորհիվ էր, փաստորեն, որ երկու-երեք ամիս շարունակ զինդատախազը կաթիլ-կաթիլ հասունացնում էր Լիսկայի որդու ազատ արձակման` նախապես կայացված քաղաքական որոշման իրագործումը:
Նույն` հասարակական կարծիքի վրա խաղալու ունակությունն էր, որ Կոստանյանին մղեց նաև նախաձեռնելու, այսպես կոչված, բանակում մահվան ելքով կասկածելի դեպքերով քրեական գործերի վերանայման հանձնաժողովի ստեղծումը` հասարակական կազմակերպությունների ներգրավմամբ, որի հիմնական, թերևս միակ նպատակը այդ գործերով նախաքննական գործողությունները և կայացված որոշումները լեգիտիմացնելն էր, դրանց շուրջ հանրային բողոքի ալիքը կասեցնելը: Գրեթե կասկած չկա, որ գլխավոր դատախազի պաշտոնն զբաղեցնելուց հետո նա էլ ավելի հետևողականորեն է փորձելու աշխատեցնել այդ հանձնաժողովը` նույնիսկ անտեսելով դրանից արդեն իսկ երկու ՀԿ-ների դուրս գալու հանգամանքը: Այլ կերպ ասած` Կոստանյանն ապացուցել է` ինչպես կարելի է հանրությանն ադապտացնել քաղաքական կամ անձնական դրդապատճառներ ունեցող իրավական որոշումների կայացմանը, որոնք ցանկացած պարագայում օբյեկտիվ լինել չեն կարող:
Պատահական չէ, որ ԱԺ-ում իր ելույթը Կոստանյանը հիմնականում կառուցել էր հենց գլխավոր դատախազի պաշտոնում իր և ողջ համակարգի գործունեության թափանցիկության և հրապարակայնության ապահովման սկզբունքով առաջնորդվելու պատրաստակամության վրա: Հերթական անգամ արտաքին ֆոն ապահովելու խնդիր է դրված, և Կոստանյանի նշանակումը, որպես այդպիսին, նրա ունեցած իրավաբանական փայլուն կրթությամբ ու գիտելիքներով, հաղորդակցային օրինակելի հմտություններով հանդերձ, չի հանգեցնելու դատախազության համակարգի որակական փոփոխությունների: Հանրապետության նախագահը պարզապես կատարում է պարզ կադրային փոխատեղում` խաղալով իր համար վստահելի նույն ֆիգուրներով: Իսկ նման փոխատեղումները շախմատում միշտ ուղղված են լինում թագավորի դիրքերի ամրացմանը:
Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ