կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-20 14:41
Հասարակություն

Այս պահին հրաժարական կտամ, եթե ապացուցվի, որ ոստիկանությունը Նարեկ Սարգսյանին հայտնաբերելու հարցով համագործակցել է քրեական հեղինակության հետ. Վալերի Օսիպյան

Այս պահին հրաժարական կտամ, եթե ապացուցվի, որ ոստիկանությունը Նարեկ Սարգսյանին հայտնաբերելու հարցով համագործակցել է քրեական հեղինակության հետ. Վալերի Օսիպյան

Եթե որևէ մեկը կարող է ապացուցել, որ ոստիկանությունը Նարեկ Սարգսյանին հայտնաբերելու առումով համագործակցել է քրեական հեղինակության հետ, ես այս պահին հրաժարական կտամ իմ այս բարձր պետական պաշտոնից. կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը` անդրադառնալով այն տեղեկություններին, թե ՀՀ երրորդ նախագահի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի որդուն՝ Նարեկ Սարգսյանին, Պրահայում իրավապահները կարողացել են հայտնաբերել քրեական հեղինակություն համարվող Զապի օգնությամբ։

«Չի կարող այդպիսի բան լինել։ Կրիմինալ մարդ է, բայց եթե ինքն իր տեղը խախտի, նրա տեղը քրեակատարողական հիմնարկն է»,- ասաց նա:

Անդրադառնալով օրեր առաջ քրեական հեղինակություններ Նորատուսցի Ալիկի և Չարբախցի Գևորիկի` դատարանի դահլիճից ազատ արձակմանը` Օսիպյանը նշեց, որ իրենց համար որևէ դժվարություն չի ստեղծվում դրանով, քանի որ ոստիկանությունն այսօր կաշկանդված չէ, և իրենց համար միևնույն է, թե որ բանտարկյալն է ազատ արձակվում։ «Մենք այս պահին էլ  բոլորի նկատմամբ իրականացնում ենք համապատասխան օպերատիվ աշխատանքներ»,- շեշտեց նա:

Ոստիկանապետի խոսքով` խորհրդարանական ընտրություններին որևէ քրեական հեղինակություն չի միջամտել, ավելին` նրանք նախընտրել են հեռանալ Հայաստանից։

Ինչ վերաբերում է մամուլում հրապարակված տեղեկություններին, թե Հայաստան են ժամանել մեծ թվով քրեական հեղինակություններ, «օրենքով գողեր», Օսիպյանը վստահեցրեց, որ դա իրականությանը չի համապատասխանում: «Պաշտոնապես ոստիկանության պետը ձեզ հայտարարում է` երբևիցե կրիմինալի հանդեպ այսպիսի վերահսկողություն չի եղել, ոնց որ հիմա է: Այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Երեկ մեկի եղբոր գերեզմանին են եկել:  Հարազատներով այցելել են գերեզմանատուն: Ոստիկանությունը դրա մասին տեղյակ  է և նախապես է տեղյակ եղել ու օպերատիվ կանխարգելիչ միջոցառումներ տարել այդ ուղղությամբ»,- ասաց նա:

Իսկ թե ո՞ւմ մասին է խոսքը, ոստիկանապետը պատասխանեց` Արմեն Կանևսկոյի: