| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Սանիտարահամաճարակային վերահսկողության ոլորտը հայ-ռուսական օրակարգի մի մասն է, և այդ հարցի շուրջ համագործակցության երկխոսություն կա: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Ինչ վերաբերում է կենսաբանական լաբորատորիաներին, պետք է պարզապես վերահաստատել, որ դրանք պատկանում են Հայաստանին, վերահսկվում են մեր կողմից, այդտեղ աշխատում են բացառապես հայ փորձագետներ: Այդ լաբորատորիաներն ունեցել են և կունենան բացառապես քաղաքացիական բնույթ»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է օտարերկրյա զինծառայողների ներկայության արգելքին, Նաղդալյանը պատասխանեց. «Հայաստանի պարագայում ռազմական ներկայության խնդիր չկա, Հայաստանը ոչ մի բանակցություն չի վարում երրորդ երկրի զինվորականների տեղակայման շուրջ»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ, ուղիղ եթերում պատասխանելով «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի ընթերցողների հարցերին, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Մոսկվան ու Երևանը շուտով փաստաթուղթ են ստորագրելու, որը կերաշխավորի Հայաստանի կենսալաբորատորիաներում օտարերկրյա զինծառայողների բացակայությունը:
Իր հերթին ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ընդգծեց՝ «որևէ արգելքի մասին խոսք լինել չի կարող, քանի որ խոսքը երկու ինքնիշխան և իրավահավասար պետությունների մասին է»՝ հավելելով, որ խնդրի շուրջ կառուցողական երկխոսություն է ընթանում: