կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-15 23:06
Քաղաքական

Նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ դրույթը վերաբերում է բոլոր ռազմագերիներին. ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը պատասխանում է Ջեյհուն Բայրամովին

Նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ դրույթը վերաբերում է բոլոր ռազմագերիներին. ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը պատասխանում է Ջեյհուն Բայրամովին

Սա ադրբեջանական կողմի հերթական կեղծիքն է։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳՆ նախարար Ջեյհուն Բայրամովի այն հայտարարությանը, թե Ադրբեջանը, համաձայն իր պարտավորությունների, հայկական կողմին է փոխանցել բոլոր ռազմագերիներին, որոնք գերեվարվել են ռազմական գործողությունների ընթացքում և դրանից առաջ։

ՀՀ Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակը հայտարարում է. 

«Սա ադրբեջանական կողմի հերթական կեղծիքն է հումանիտար բնույթի այս հրատապ հարցի վերաբերյալ: Ադրբեջանի ԱԳ նախարարն իր հայտարարությամբ հակադրվում է հենց այդ երկրի մյուս պատկան մարմիններին, որոնք հաստատել են Ադրբեջանում տասնյակ հայ ռազմագերիների առկայության փաստը՝ գերեվարված ինչպես ռազմական գործողությունների ժամանակ, այնպես էլ՝ հրադադարի հաստատումից հետո: 

Ադրբեջանը հայ ռազմագերիների վերաբերյալ տեղեկատվությունը չի ներկայացնում նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանին, որը զբաղվում է այս հարցով «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» միջպետական գործի շրջանակներում։ Դատարանը վերջերս որոշում է կայացրել այս առնչությամբ ծանուցել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին՝ ընդգծելով, որ Ադրբեջանը բազմիցս խախտել է Եվրոպական դատարանի սահմանած ժամկետները և չի տրամադրել ամբողջական տեղեկատվություն։ Ներկայումս Ադրբեջանի դեմ կիրառվում են ընթացիկ միջանկյալ միջոցներ 188 հայ գերիների վերաբերյալ։ Պետք է ընդգծեմ, որ միջանկյալ միջոցների չկատարումը հավասարազոր է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտման։

Հավելեմ նաև, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ դրույթը վերաբերում է բոլոր ռազմագերիներին և պատանդի կարգավիճակում հայտնված այլ անձանց, և նմանօրինակ հայտարարություններով ադրբեջանական կողմը վկայում է, որ միտումնավոր կերպով չի կատարում այդ եռակողմ հայտարարությունը:

Հայ գերիներին պատանդի կարգավիճակում շարունակական պահելը խաթարում է եռակողմ հայտարարության մեջ արձանագրված պայմանավորվածությունների իրականացմանը»,- նշել է Նաղդալյանը: