Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ներկայացրեց «ՀՀ պրոբացիայի ծառայության գործունեության մշտադիտարկում» արտահերթ զեկույցը: Զեկույցը բաղկացած է 250 էջից և ուղարկվելու է տարբեր պատկան մարմինների:
«Պրոբացիոն ծառայությունը վերականգնողական արդարադատության համակարգի մաս է»,- զեկույցը ներկայացնելիս նշեց Թաթոյանը և շարունակեց. «Այս ծառայության նպատակն է ապահովել հասարակության մեջ իրավախախտում կատարած անձանց վերաինտեգրումը, նրանց վարքագծի վերականգնումը: Եթե ավելի հիմնավոր ձևակերպեմ, մենք պետք է սովորեցնենք մարդուն` ապրել հասարակությունում` առանց իրավախախտում կատարելու: Նպատակն է նաև ապահովել հասարակության մյուս բոլոր անդամների անվտանգությունը»:
Նա ընդգծեց` ակնհայտ է, որ տարիներ ի վեր քրեակատարողական համակարգը մեզ մոտ ունեցել է պատժող բնույթ: «Այսինքն` պատժից հետո որևէ պատշաճ աշխատանք չի տարվել, որպեսզի մարդը վերաինտեգրվի հասարակությանը: Դրա համար այս համակարգը, որը մեզ մոտ ներդրվել է, դրական է, բայց եթե այսպես շարունակենք, արդյունքներ չենք ունենա: Կարծում եմ` պետք է անհապաղ քայլեր ձեռնարկենք, որպեսզի կատարելագործվի ոլորտը»,- նշեց ՄԻՊ-ը:
Թաթոյանի խոսքով` զեկույցը շատ հիմնարար փաստաթուղթ է, և դրա վերլուծությունները հիմք են հանդիսացել թե' պրակտիկ, թե' օրենսդրական առաջարկություններ ներկայացնելու համար: «Ի սկզբանե զեկույցը պլանավորում էինք որպես միջին ծավալի փաստաթուղթ, բայց երբ սկսեցինք ուսումնասիրել խնդիրները հասկացանք, որ դրանք շատ-շատ են, և անհրաժեշտ է լինելու շատ ավելի մեծ հետազոտությունների ծավալ ապահովել»,- ասաց նա և հավելեց. «Խնդիրները վերաբերում են թե' պրոբացիոն ծառայողների կարգավիճակին, նյութական, կենցաղային պայմաններին, թե' գործառույթների իրականացմանը: Ուզում եմ հատուկ նշել, որ արդարադատության նախարարի հետ մի քանի անգամ քննարկել ենք այս հարցերը: Հանձնառություն կա` լիարժեք զեկույցից հետո միջոցներ ձեռնարկել դրանում առկա խնդիրների լուծման համար, բայց նաև կան շատ համակարգային բնույթի հարցեր»:
Նա նաև հավելեց, որ ոլորտը կարգավորելու համար անհրաժեշտություն կա օրենսդրական փոփոխություններ կատարելու Քրեական օրենսգրքում, Քրեական դատավարության օրենսգրքում, «Պրոբացիայի ծառայության մասին» օրենքում:
«Զեկույցի կազմակերպման ընթացքում աշխատանքներն իրականացվել են հատուկ մեթոդաբանությամբ` տեղի են ունեցել այցեր և քննարկումներ պրոբացիայի ծառայության մարզային բոլոր մարմինների, նաև Երևան քաղաքում տեղակայված ստորաբաժանումների հետ: Իրականացվել են աշխատանքներ պետական մարմինների հետ, որոնք աշխատում են պրոբացիայի ծառայության հետ»,- հայտնեց Թաթոյանը:
Փորձագետ Արա Ղազարյանը ներկայացրեց պրոբացիայի պետական ծառայության գործունեության մշտադիտարկման մեթոդաբանությունը և շրջանակները, իսկ ՄԻՊ խորհրդական Նինա Փիրումյանը` պրոբացիայի պետական ծառայության կադրային և նյութական ռեսուրսների ոչ բավարար ապահովվածության խնդիրները: