Փոխարժեքներ
12 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.51 |
EUR | ⚊ | € 411.46 |
RUB | ⚊ | ₽ 3.95 |
GBP | ⚊ | £ 496.75 |
GEL | ⚊ | ₾ 141.82 |
Հայաստանի եւ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների հաստատությունները հրապարակել են Լաչինի միջանցքի արգելափակման հումանիտար հետեւանքների վերաբերյալ արտահերթ զեկույց՝ 2023թ հունվարի 13-ի դրությամբ նոր թարմացված տվյալներով։
Ինչպես Yerkir.am-ը տեղեկանում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, զեկույցում պաշտպաններն անդրադարձել են Լաչինի միջանցքի խնդրին միջազգային կառույցների, գործիչների եւ մեդիայի արձագանքին, Լաչինի միջանցքը շրջափակելու վերաբերյալ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների եւ հասարակային գործիչների կողմից սադրիչ հայտարարություններին, Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից էթնիկ զտման շարունակական նշաններին, շրջափակման հետեւանքով առաջացած հումանիտար ճգնաժամին, «Էկո-ակտիվիստների» ակցիայի կեղծ էությունը հիմնավորող նոր տվյալներին, ինչպես նաեւ Ադրբեջանի կառավարության հետ ճանապարհը ապօրինաբար փակած անձանց անմիջական կապերին:
Զեկույցում անդրադարձել են նաեւ բնակչության ազատ տեղաշարժի, բավարար կենսամակարդակի ապահովման, սննդի հասանելիության, առողջության պահպանման իրավունքներին, ինչպես նաեւ երեխաների իրավունքների խախտումներին։
Զեկույցի տարբեր բաժիններում իրավունքների խախտումները վերլուծվել են ըստ միջազգային մարդու իրավունքների եւ հումանիտար իրավունքի սկզբունքների ու նորմերի։
Պաշտպանների հետեւությունն է, որ միջազգային փաստահավաք առաքելության գործուղումն անհրաժեշտ է ի թիվս այլնի, էթնիկ զտման ադրբեջանական քաղաքականության առավել հեռուն գնացող քայլերը կանխարգելելու համար։
Հաստատված պրակտիկայի համաձայն՝ զեկույցը կներկայացվի մարդու իրավունքների միջազգային մանդատ ունեցող կազմակերպություններին ու դերակատարներին։