Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողները ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր Արմեն Հարությունյանին հիշեցրեցին Մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ նրա արտահերթ աղմկահարույց զեկույցը՝ փորձելով պարզել, թե գնահատականների փոփոխություն տեղի ունեցե՞լ է: Արմեն Հարությունյանն արձագանքեց. «Այն ժամանակ տաք հետքերով զեկույցը պատրաստվել է, այդ զեկույցը կա, դրան ավելացնելու ոչ մի բան չունեմ»:
Լրացմանը՝ երբ հրաժարական էիք տալիս, իրավապահ մարմինների գործունեության նկատմամբ կասկածներ ունեիք, ի՞նչ կասկածներ էին դրանք, Հարությունյանն ասաց, որ չի հիշում:
Լրագրողները հիշեցրեցին ևս մի քանի դրվագ, որ մարտիմեկյան դեպքերի ժամանակ նա էլ է հարված ստացել, որ արտահերթ զեկույցը հիմք է հանդիսացել ՄԻՊ-ի պաշտոնից հրաժարականին, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն նրան համարել է «ամենաանհաջող կադրը»: Ի պատասխան` ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորը զգուշացրեց, որ տրվող քաղաքական հարցերը հետագայում կարող են օգտագործվել իր դեմ՝ ՄԻԵԴ-ում: «Դա ձեզ ձե՞ռք է տալիս, ինչի՞ եք ինձ այդպիսի հարցեր տալիս, դուք գիտեք, որ ես չեմ կարող պատասխանել: Այդ գործերը կարող են գալ ՄԻԵԴ, ու յուրաքանչյուր կարծիք կարող է օգտագործվել դատավորի դեմ: Մարտի 1-ի գործով էլ չեմ կարող տեսակետ հայտնել, քանի որ այն վճիռը, որն ընդունել է ՄԻԵԴ-ը, ես այդ կազմի մեջ չեմ եղել, որովհետև նախկինում այդ գործով առնչվել եմ: Ներքին կանոնադրություն կա՝ եթե դու առնչություն ես ունեցել, դու կազմի մեջ չես ընդգրկվում, քանի որ կարծում են, որ անաչառ չես կարող լինել: Կրկնում եմ՝ դրա համար էլ Մարտի 1-ի հետ կապված չեմ կարող որևէ հարցի պատասխանել»:
Իսկ թե մարդու իրավունքների ոլորտում ի՞նչ փոփոխություններ է նկատում, Արմեն Հարությունյանը պատասխանեց, թե «խորությամբ չի ուսումնասիրել մասնագիտական տեսանկյունից», այնուհետև շեշտեց. «Տասը տարվա ընթացքում առաջընթաց կա: Եթե մարդու իրավունքների պաշտպանը կարողանում է այսպես անկաշկանդ գործել, դա ինձ համար արդեն ցուցանիշ է»:
Նա նաև հավելեց, որ ՄԻՊ-ը չի կարող գործել, եթե մյուս ինստիտուտները նրա հետ չեն համագործակցում:
Դիտարկմանը՝ այսինքն` Դուք կաշկանդվա՞ծ եք եղել, Հարությունյանը պատասխանեց. «Ես անկաշկանդ եմ եղել, բայց Արմանը կարողացել է այն լավը, որ կա, դրա վրա իրենն էլ ավելացնել, բավականին բարձր մակարդակի բարձրացնել»:
Հարցին` հայտարարել էր, որ չի ցանկանում վերադառնալ Հայաստան, հիմա իրավիճակ է փոխվել, կվերադառնա՞, նա պատասխանեց. «Չեմ կարող ասել, կարող է վերադառնամ, կարող է՝ չէ: Այն ժամանակ մի քիչ ավելի ջահել էի, հիմա մի քիչ ավելի… Չեմ կարող ասել: Այո, ես դրա մասին չեմ մտածել, դա այսօր իմ առաջնահերթությունների մեջ չէ՝ ես Հայաստան վերադառնա՞մ, թե՞ չվերադառնամ, դրա համար չեմ կարող ասել»: