կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-13 12:48
Հասարակություն

Զինված ուժերի դեպքում ռեպերտուարում դհոլի կոմպոնենտը պիտի շատ լինի. Փաշինյան-Տոնոյան մշակութային զրույցը

Զինված ուժերի դեպքում ռեպերտուարում դհոլի կոմպոնենտը պիտի շատ լինի. Փաշինյան-Տոնոյան մշակութային զրույցը

Կառավարության այսօրվա նիստում  մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը տեղեկացրեց, որ արդեն մեկ ամիս է` դպրոցներում հաջողությամբ իրականացվում է «Քո արվեստը» ծրագիրը, որի շրջանակում գրականության, կերպարվեստի, երաժշտության ոլորտներից արվեստագետներ թեմատիկ այցեր են կատարում ՀՀ դպրոցներ, և կիրառված ինտերակտիվ մեթոդը, ըստ նրա, գրավում է աշակերտներին: 

«Այսինքն՝ երաժշտական գործիքներով գնում են դպրոցնե՞ր և նվագում են ու բացատրում, թե ի՞նչ են նվագում»,- արձագանքեց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:

Մակունցը պատասխանեց. «Երաժշտության ոլորտում դասերն ու թեմաները շատ տարբեր են լինում, լինում է` ներառում են երաժշտական գործիքներ, լինում է՝ ոչ: Եվ երեխաներն իրենք են բերում առարկաներ, որոնք ինչ-որ ձայն են առաջացնում ու կարող են երաժշտություն ստեղծել»:

Նիկոլ Փաշինյանն այս համատեքստում հետաքրքրվեց՝ արդյո՞ք արվեստի գլուխգործոցներ տարվում և ցուցադրվում են աշակերտներին: Մշակույթի նախարարի պաշտոնակատարը տեղեկացրեց, որ պատկերասրահի ամենաթանկ կտավն արդեն ընտրված է, և մնում է օրն ընտրել:

«Իսկ հետաքրքիր է՝ ի՞նչ է կտավ եք ընտրել»,- հարցրեց վարչապետի պաշտոնակատարը, ինչին Մակունցը պատասխանեց. «Գաղտնիք է, պատկերասրահի ամենաթանկ նկարներից է»:

«Սա` ի գիտություն ոստիկանությանը և ԱԱԾ-ին, որ պատկերասրահից ամենաթանկ նկարը դուրս է գալիս: Հույս ունենք, որ հետ կգա նկարը»,- արձագանքեց Նիկոլ Փաշինյանը:

«Մենք մեծ ուղեկցությամբ ենք գնալու»,- վստահեցրեց Մակունցը:

Լիլիթ Մակունցը հայտնեց նաև, որ արվեստագետներին ընտրում են բաց մրցույթի միջոցով, ստացել են 80-90 հայտ:

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը նախարարը միջամտեց մշակութային խոսակցությանը և մշակույթի նախարարի պաշտոնակատարին առաջարկեց նման այցելություններ կազմակերպել նաև զորամասեր, թեև պաշտպանության նախարարությունը նմանատիպ ծրագրեր իրականացնում է:

«Ընդհանրապես, եթե պաշտպանության նախարարությունը դեմ չէ, դա առանձին ծրագիր կարող է լինել, որովհետև, սովորաբար, Հայաստանում եղել են ժամանակներ, երբ այնպիսի ընկալում կար, որ ջութակը մարդու մարտունակությունն իջեցնում է, ոչ թե բարձրացնում: Մենք հակառակ կարծիքին ենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ  արվեստը շատ կարևոր է նաև մարտունակության բարձրացման առումով, և կառավարությունը կարող է նոր ծրագիր մշակել:

«Զինված ուժերի դեպքում, ռեպերտուարի հարցում, կարելի է... դհոլի կոմպոնենտը պիտի շատ լինի»,- լրացրեց Փաշինյանը:

«Դա կատարվում է մեր կողմից, պարզապես աշխատում ենք ոչ մեծ ծրագրի շրջանակում, եթե արդեն գործում է ծրագիր, մենք միանանք»,- արձագանքեց Տոնոյանը: