կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-11 23:41
Քաղաքական

ՀՀ արտաքին քաղաքականությունը խիստ հայաստանակենտրոն է. Զոհրաբ Մնացականյան

ՀՀ արտաքին քաղաքականությունը խիստ հայաստանակենտրոն է. Զոհրաբ Մնացականյան

Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը որպես հրավիրյալ բանախոս դեկտեմբերի 11-ինելույթ է ունեցել ԵՄ Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի 10-րդ տարեկան վեհաժողովում։

Նախարար Մնացականյանը, շնորհակալություն հայտնելով նախօրեին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների՝ ժողովրդավարական չափանիշներին համապատասխան կազմակերպելու կապակցությամբ ֆորումի մասնակիցների կողմից հնչած շնորհավորանքների համար, մասնավորապես, նշել է. «Ապրիլ-մայիսից մինչև դեկտեմբերն ընկած ժամանակահատվածն, իրապես, շատ կարևոր էր։ Ապրիլ-մայիսի իրադարձությունները տեղի չունեցան պարզապես ոչնչից. ինստիտուցիոնալ կարողությունների հետևողական ամրապնդումն էր, որ թույլ տվեց հայ հասարակությանն առերեսվելու այդ ամիսներին տեղի ունեցած զարգացումներին: Մեզ շատ հաճախ են ուղղել ապրիլին և մայիսին տեղի ունեցած իրադարձություններին վերաբերող հարցեր. դա բացառապես ներքին հարց է, բացառապես Հայաստանով պայմանավորված գործընթաց:

1991թ․ անկախություն հռչակելիս սահմանեցինք երկրի այն տեսակը, որը ցանկանում էինք կառուցել․ երկիր, որը կառուցված է ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքների վրա։ Մենք շատ անհարթ ճանապարհ ենք անցել՝ մեր պատմության անցած 27 տարիների ընթացքում ունենալով շատ դեպքեր, երբ տեղի են ունեցել որպես մեր պետականակերտման հիմք հռչակված սկզբունքների հիմնարար ձախողումներ։ Սակայն առկա էր նաև հետևողական և աստիճանական կայացման գործընթաց այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են հասարակական կառույցները, քաղաքացիական հասարակությունը, լրատվամիջոցները, պետական կառավարման մարմինները։ Աստիճանաբար կայանում էր բողոք արտահայտելու պարզ, քաղաքականապես հասուն և իրավականորեն գրագետ ձևը, ինչպես նաև այդ ցնցումը կլանելու հասարակության և ինստիտուտների կարողությունը։

Նախորդ ամիսների ընթացքում կառավարության առաջնային նպատակները հիմնված են եղել հասարակության շատ պարզ, լայն, ամուր մանդատի վրա, և պահանջների ցանկում առաջնահերթությունները պայմանավորված էին արդարադատության, կոռուպցիայի դեմ պայքարի, օրենքի գերակայության հարցերով։ Շատ ոգևորիչ է, որ վարչապետի կուսակցությունը հետևողական էր տրված մանդատի շրջանակներում այդ հարցերին լուծում տալու իր մղման և հասարակական այդ հզոր աջակցությունը պահպանելու մեջ, աջակցություն, որն արտացոլվեց կիրակի օրը կայացած ընտրությունների ժամանակ։ Միջազգային դիտորդական առաքելությունները շատ բարձր են գնահատել Հայաստանում կայացած ընտրությունները, ինչը շատ կարևոր է և արտահայտում է մեր գործընկերների հետ համագործակցության բնույթը։ Սակայն այս ամենում ամենակարևորը ընտրությունների արդյունքների ընդունումն է հասարակության,  ընտրական գործընթացի մասնակիցների կողմից»։

Անդրադառնալով նախընտրական արշավի կազմակերպմանը՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է քաղաքական նոր մշակույթի ներդրումը, ներառյալ ընտրություններում մրցող ուժերի առաջնորդների մասնակցությամբ հեռուստաբանավեճը:

«Հայաստանի վարած քաղաքականությունը, այդ թվում և արտաքին քաղաքականությունը խիստ հայաստանակենտրոն են և հայամետ։ Եվ հենց այդ հայաստանամետ քաղաքականության մոտեցումն է, որ մենք դնում ենք գործընկերություն կառուցելու հիմքում, հատկապես այն կառույցների, երկրների, կազմակերպությունների հետ, որտեղ առկա են այն կայուն օրինակները, որոնց մենք ձգտում ենք մեր ներքին կյանքում։ Այսպիսով, մեր գործընկերությունը Եվրոպական Միության հետ պայմանավորված է հենց այդ հրամայականով՝ ԵՄ ինստիտուցիոնալ, ֆինանսական աջակցությունը, ունեցած փորձը ներդնելու մեր  երկրի զարգացման գործում։ Այս ամենը նույնն է Եվրոպայի Խորհրդի, ԵԱՀԿ շրջանակներում մեր համագործակցության դեպքերում։ Խոսքը գնում է կարևոր միջազգային կազմակերպությունների, նրանց խորը փորձագիտական կարողությունների մասին, որոնք կարող են օգտագործվել մեր երկրի կարիքների համար»,- ընդգծել է Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատարը։

Նախարարի պաշտոնակատար Մնացականյանի խոսքով՝ այդ համատեքստում պետք է դիտարկել նաև Արևելյան գործընկերությունը. «Երկրները տարբեր են, և յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում, թե իր համար որ քաղաքականությունն է կիրառելի այս պարագայում: Համագործակցության արդյունավետության գնահատականը պայմանավորված է նրանով, թե ինչպես է այն ծառայում միասին աշխատելու նպատակին: Կարծում եմ՝ դա ճիշտ և կարևոր ուղերձ է հղում Եվրամիության գործընկերներին, որ Եվրամիության արևելքում կա երկրների խումբ, որը ձգտում է համագործակցել ԵՄ-ի հետ` տարածաշրջանային փոխկապակցվածության և միասնականության համատեքստում»:

Ամփոփելով խոսքը՝ նախարարի պաշտոնակատար Մնացականյանը նշել է. «Հայաստանյան վերջին գործընթացները ուղղորդված էին ուժեղ հանրությամբ և հզոր քաղաքացիական հասարակությամբ: Ես հատկապես ընտրեցի գալ այստեղ, որպեսզի իմ հարգանքը հայտնեմ բոլորիդ, շնորհակալություն հայտնեմ ձեզ, որովհետև քաղաքացիական հասարակությունը հսկայական ուժ է: Ես գալիս եմ մի երկրից, որը տեսել է դրա հզորությունն ու արժեքը: Մենք համագործակցում ենք քաղաքացիական հասարակության հետ` ՀԸԳՀ-ի կիրարկման ուղղությամբ: Մենք մշակել ենք ճանապարհային քարտեզ: Մենք քաղաքացիական հասարակությանն առաջարկել ենք ստեղծել երեք աշխատանքային խումբ, որպեսզի կարողանանք համագործակցել ՀԸԳՀ-ի կիրարկման երեք հարթություններով` մեր քաղաքացիական հասարակության հետ սերտ համագործակցությամբ: Ես հատուկ կցանկանայի ընդգծել կանանց դերը: Դա հսկայական ուժ է, և եթե կարող եմ շատ կարճ մեջբերում անել վարչապետից, որը շատ լավ արտացոլում է սա: Նա  ասաց, որ երբ ես տեսա այդքան շատ կանանց, այնքան շատ երիտասարդ կանանց, այդքան շատ մանկասայլակներով կանանց և իրենց երեխաներին, ես գիտեի, որ այս ամենն իրականություն կդառնա»: Իսկ երիտասարդությունը հսկայական ուժ է: Իրականում մի որոշ ժամանակ առաջ՝ բարեբախտաբար ոչ ներկայումս, ես կառավարության ամենատարեց անդամն էի: Եվ մարդիկ բարձրացնում էին փորձի հարցը: Փորձը կարևոր չէ, կարևորը քաղաքական կամքն է, կարողությունները և պատասխանատվությունը, ու երիտասարդների այդ թիմը հենց վերոհիշյալ գաղափարներով են ուղղորդվում:

Ես պարզապես ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ձեզ՝ քաղաքացիական հասարակությանը, շնորհակալություն ձեր կատարած քրտնաջան  աշխատանքի համար. ձեր գործընկերությունը չափազանց կարևոր է»: