կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-19 10:18
Քաղաքական

Արցախը եղել և լինելու է մեր դիվանագիտական ճակատի առաջնահերթությունների շարքում. Զոհրաբ Մնացականյան

Արցախը եղել և լինելու է մեր դիվանագիտական ճակատի առաջնահերթությունների շարքում. Զոհրաբ Մնացականյան

ՀՀ ԱԳ նորանշանակ նախարար Զոհրաբ Մնացականյանը երեկ մեկնել է Արցախի Հանրապետություն, հանդիպում է ունեցել նախագահ Բակո Սահակյանի հետ:  Հանդիպմանը մասնակցել է նաև Արցախի Հանրապետության արտգործնախարար Մասիս Մայիլյանը, քննարկվել են արտաքին քաղաքականությանը և այդ ոլորտում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Ապա ՀՀ ԱԳ նախարարը ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ:

-Պարո'ն նախարար, սա, փաստորեն, Ձեր առաջին պաշտոնական այցն է և առաջին պաշտոնական հանդիպումը Հանրապետության նախագահի հետ: Հետաքրքիր է՝ ի՞նչ եք քննարկել, ինչի՞ շուրջ եք խոսել:

-Մենք խոսել ենք սկզբունքների մասին, խոսել ենք այն մասին, թե ինչ նշանակություն ունի Արցախը Հայաստանի համար, խոսել ենք Արցախի անվտանգության, Արցախի զարգացման մասին: Խոսել ենք նաև այն մասին, որ Արցախը վերաբերում է ողջ հայությանը, որովհետև մեր ինքնության այս շրջանի պատմության կարևորագույն սյուներից Արցախն ամենակարևորն է: Եվ այդ առումով սա մեր միասնական պատասխանատվությունն է: Ցանկացած մարդ, ով գտնվում է Արցախում, զգում է, որ այս շրջանում մարդիկ ապրում են յուրահատուկ պայմաններում, և դա չզգալը անընդունելի է, անկարելի: Յուրահատուկ պայմաններ են այն առումով, որ կա վտանգ, կա հակառակորդ, կա ֆիզիկական անվտանգության հարց: Եվ մեր համախմբվածությունը, մեր միասնական ուժը վերաբերում է բոլորիս: Սա բոլորիս հարցն է: Այդ առումով է, որ չափազանց կարևոր է լինել այստեղ, զգալ այդ ոգին, այդ պատասխանատվությունը և կրել այդ պատասխանատվությունը:

-Ուրեմն դիվանագիտական ճակատում առաջնահերթությունների շարքում լինելու է Արցախը:

-Եղել է, կա և մնում է: Լինելու է մինչև այն պահը, մինչև որ վստահ չլինենք, ինչպես ասացի, որ Արցախի անվտանգությունը, Արցախի զարգացումն ընթանում է իր բնականոն ուղիով: