Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ հերթական քառօրյա նիստում քննարկվում էր ԿԸՀ նախագահի և անդամների ընտրության հարցը: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի առաջարկությամբ` քաղաքական մեծամասնությունն առաջադրել էր գործող ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի թեկնածությունը:
Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը նշեց, որ նոր Սահմանադրությամբ ԿԸՀ նախագահին ու անդամներին ընտրելու է արդեն ԱԺ-ն: Նրա խոսքով` բոլորը լավ ճանաչում են Տիգրան Մուկուչյանին որպես լավ իրավաբանի, եղել է արդարադատության նախարարի տեղակալ, վարչական դատարանի նախագահ:
ԿԸՀ նախագահի թեկնածու Տիգրան Մուկուչյանն իր ելույթում նշեց, որ նոր Սահմանադրությունը և նոր ՕԸ-ն նոր մոտեցումներ են առաջադրում ԿԸՀ-ի համար: Նրա խոսքով` կա հանրային իրազեկման լուրջ խնդիր, որովհետև հաճախ ընտրական պրոցեսի մասնակիցները չեն տիրապետում ընտրության կանոններին, ինչը խախտումների պատճառ է դառնում:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը հարց ուղղեց` խոսելով ընտրական պրոցեսների նկատմամբ հանրության անվստահության մասին: «Դուք ձեր գործառույթն ազնվորեն մինչև վերջ կատարո՞ւմ եք, արդյո՞ք անկաշկանդ եք գործում, թե՞ Ձեզ վրա կա ազդեցություն: Ի՞նչ եք պատրաստվում անել, որ թուլացնեք Ձեր կախվածությունը իշխանությունից»,- հարցրեց պատգամավորը:
Տիգրան Մուկուչյանը պատասխանեց, որ միակ ճնշումը օրենքով ամրագրված ճնշումներն են, իսկ ինչ վերաբերում է ընտրական պրոցեսների նկատմամբ հանրության անվստահությանը, ԿԸՀ նախագահի թեկնածուն նշեց, որ դրա լավագույն գործիքը լիակատար թափանցիկության ապահովումն է: Ընտրություններում թվային տվյալներն ուղիղ ռեժիմով աղյուսակավորվում են, դրվում կայքում: Մուկուչյանի կարծիքով՝ հանրային վստահությունը վերականգնելու առումով հսկայական աշխատանք է տարվել, և գուցե ավելի հրապարակային պետք է աշխատել:
«Ես այդ կարծիքին չեմ, որ հանրային վստահությունը ընտրական պրոցեսների նկատմամբ նվազել է, ես կարծում եմ, որ հակառակը` գնալով շատացել է, դա արդյունք է թափանցիկ գործունեության»,- ասաց նա: