կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-05 12:06
Քաղաքական

Հայաստանը ոչ մեկին որևէ խնդրանքով չի դիմել, Ուշակովի հայտարարությունը տարօրինակ է. Փաշինյան

Հայաստանը ոչ մեկին որևէ խնդրանքով չի դիմել, Ուշակովի հայտարարությունը տարօրինակ է. Փաշինյան
Տեղեկացրել էինք, որ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը երեկ հայտարարել էր, որ ՀԱՊԿ գագաթնաժողովը հետաձգվել է Հայաստանի խնդրանքով:
 
Լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով այս հայտարարությանը, նախ հիշեցրեց, որ իր մամուլի խոսնակ Արման Եղոյանն էլ հայտարարել է` Հայաստանը ոչ մեկին ոչ մի խնդրանքով չի դիմել, և ամեն ինչ եղել է այնպես, ինչպես Փաշինյանը դեռ դեկտեմբերի 2-ին էր հայտարարել:
 
Հիշեցնենք, որ Փաշինյանը դեկտեմբերի 2-ին նշել էր, որ իր և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի ընթացքում Պուտինն առաջարկել է ՀԱՊԿ` դեկտեմբերի 6-ի գագաթնաժողովը չանցկացնել, որպեսզի աշխատանքային կարգով քննարկեն լուծումները, հետո նոր պատրաստի լուծումներով գնան գագաթնաժողովին. «Ես համաձայնեցի, որովհետև աշխատանքային ընթացակարգերով այդ հարցը լուծելն ավելի ճիշտ է։ Մենք կշարունակենք աշխատանքային քննարկումները` մինչև որևէ կոնսենսուսի հասնելը»:
 
Վարչապետի պաշտոնակատարն այսօր շեշտեց, որ Հայաստանը ոչ մեկին որևէ խնդրանքով չի դիմել, ոչ էլ` ինչ-որ առաջարկությամբ: «Մենք ասել ենք, որ ունենք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մեր թեկնածուն և հետևողականորեն շարունակում ենք բանակցել մեր թեկնածուի շուրջ: Յուրի Ուշակովի հայտարարությունը տարօրինակ է, և չեմ կարող ասել, թե նա ինչու է նման հայտարարություն արել»,- ասաց նա:
 
Հարցին, թե առաջիկայում Պուտինի հետ կայանալիք հանդիպման ժամանակ կքննարկի՞ այս հարցը, Փաշինյանը պատասխանեց, որ հանդիպումների ժամանակ բոլոր հնարավոր հարցերը քննարկում են, բայց չի կարծում, որ ՌԴ նախագահի հետ նրա օգնականի ասածը պետք է քննարկի: «Շատ ավելի կարևոր հարցեր կան: Ես միշտ ասել եմ, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը ամենակարևոր հարցը չէ, շատ ավելի լուրջ հարցեր են քննարկվում այդ համատեքստում` ՀԱՊԿ-ի էֆեկտիվության և անդամ երկրների փոխադարձ պարտավորությունների հարցը: Գլխավոր քարտուղարի կարգավիճակը շրջադարձային և առանցքային չէ»,- ասաց նա: