Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի վերամիավորումը Հայաստանին մեր ազգի գոյության երաշխիքն է: Չլինի Արցախը, չի լինի Հայաստանը: Չի կարելի ներքին խնդիրները լուծելու համար Արցախի ու Հայաստանի գոյությունը վտանգել, չի կարելի ներքին լսարանին միտված արտաքին քաղաքականություն վարել:
Տարիներ շարունակ մենք վախվորած արտաքին քաղաքականության զոհ ենք եղել: Քաղաքական վերնախավը վախեցել է հայտարարել, որ Արցախը մեզ համար կենսական տարածք է, որ չկա հայ-ադրբեջանական սահման, այլ կա ռազմաճակատի գիծ: Պատերազմում կհաղթի նա, ով ճակատային գծում ավելի բարվոք դիրք ունի:
Հիմա էլ են նույն գիծը տանում: Ի՞նչ է նշանակում` «Արցախի հարցը լուծվելու է հրապարակում»: Արցախի հարցը սահմաններին է լուծվում, զենքը ձեռքին է լուծվում: Չի կարելի պատասխանատվությունը դնել «հրապարակի» վրա: Չի կարելի կաթիլ-կաթիլ վարկաբեկել մարտական ուղի անցած զինվորականներին, չի կարելի Արցախյան ազատամարտը համեմատել որևէ ներքին փոփոխության հետ:
Երիտասարդ սերունդը չի անցել պատերազմի, ցուրտ ու մութ տարիների միջով, անմիջապես չի զգացել կորստի ցավն ու չի վայելել հաղթանակի բերկրանքը: Ղարաբաղի մասին շատ հաճախ դատողություններ են անում նրանք, ովքեր կա'մ երբեք Ղարաբաղում չեն եղել, կա'մ տուրիստի կարգավիճակով այցելել են Ստեփանակերտ, Գանձասար ու Դադիվանք: Ղարաբաղի լուծման ուղիներ են առաջարկում Սորոսի փողերով սնված ու սնվող մարդիկ, որոնց համար գերագույն հաճույք ու պատիվ է Սորոսի ու այլոց կողմից գովասանքի ու «առաջադեմ խաղաղարարի» կոչմանն արժանանալը: Նրանք «պռադվինուտի» են, որովհետև Սորոսի հետ բարեկամություն են անում ու ադրբեջանցիների հետ Սորոսի փողերով «տժժում» են: Իսկ մենք հետամնաց ու հետադիմական ենք, որովհետև համոզված ենք, որ խաղաղություն հաստատելու միակ միջոցը պատերազմին պատրաստ լինելն է:
Դաշնակցությունն է, որ զենքը ձեռքին պայքարել է Արցախում: Պայքարել է այն ժամանակ, երբ ՀՀՇ-ական իշխանությունները պարտվողականություն էին քարոզում, մարդկանց ուղեղներն էին լվանում, թե` «Սերգո' ջան, լավ չես ապրի, քանի Ղարաբաղի հարցը չի լուծվել»: Դաշնակցությունն է պայքարել, երբ հանրապետականներն էին մադրիդյան, կազանյան ու չգիտեմ էլ ինչ սկզբունքներ քարոզում, երբ հայտարարում էին, որ «Աղդամը մեր հայրենիքը չէ»: Դաշնակցությունն էր, որ 2016-ի ապրիլի-մայիսին մի քանի հարյուր կամավորով մոտ 2 ամիս Թալիշի դիրքերը պահում, Դաշնակցությունն էր, որ սպառնացել ու սպառնում է «հող հանձնողին հանձնել հողին»:
Քվեարկելով Դաշնակցության օգտին` Ազգային Ժողովում կունենաք մի ուժ, որի համար Արցախը մեծ քաղաքական խաղի խաղաքարտ չէ, որի համար Արցախը եղել ու կմնա առաջնահերթություն՝ անկախ նրանից` մենք ընդիմություն ենք, թե` իշխանություն, անկախ նրանից` ով է նախագահը կամ վարչապետը, անկախ նրանից, թե ինչ են ասում Ամերիկան ու Ռուսաստանը:
Արթուր Խաչատրյան
թիվ 2 ընտրատարածքում ՀՅԴ վարկանշային թեկնածու