կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-01 11:11
Քաղաքական

Արցախցիներն այդքան թույլ չեն, որ թույլ տան` շահարկվի հաղթանակը․ «Հրապարակ»

Արցախցիներն այդքան թույլ չեն, որ թույլ տան` շահարկվի հաղթանակը․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «ԼՂ ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ազիկ Մխիթարյանի կարծիքով, Արցախի թեմայի հետ կապված իրավիճակի լարվածության պատճառը Սասուն Միքայելյանի հայտարարությունն էր, քանի որ այդ առիթով է զգացմունքային «ռեակցիա» առաջացել ու պատասխաններ հնչել, իսկ Արցախի նախագահի մամուլի խոսնակն ի պաշտոնե է պատասխանել լրագրողների հարցերին։ «Հարցը կարող էր փակվել եւ այսքան չսրվեր, եթե Սասուն Միքայելյանը ներողություն խնդրեր իր հայտարարության համար, ասեր, որ սայթաքում է ունեցել, որ ուրիշ բան է ուզեցել ասել, բայց մենք այդպես էլ չենք լսում որեւէ նման խոսք, փոխարենը այլ հունով են հայտարարություններն ընթանում»,- ասաց Մխիթարյանը։

Ճանաչելով Սասուն Միքայելյանին՝ Մխիթարյանը  վստահ է, որ նա այն մարդը չէ, որն Արցախյան հաղթանակը չգնահատեր, պարզապես ճիշտ չի ձեւակերպել իր խոսքը, բայց թե ինչու է թույլ տալիս, որ մի հայտարարության պատճառով այսքան սրվեն Արցախ-Հայաստան հարաբերությունները, «խորանա հայաստանցի-արցախցի անջրպետը», Մխիթարյանի համար անհասկանալի է։ «Իսկ այդ անջրպետի խորացումը ոչ մի լավ տեղ չի տանի, դա անչափ վտանգավոր է»,- ասաց ԼՂ պատգամավորը։

Նա դժվարանում է կարծիք հայտնել ՀՀԿ ցուցակի երրորդ համար Դավիթ Շահնազարյանի հայտարարության մասին, թե գործող իշխանության քաղաքական գիծն է «իշխանություն՝ Արցախի դիմաց»․ «Ես ծանոթ չեմ այդ խոհանոցին, ինչին ծանոթ է Դավիթ Շահնազարյանը, վերջապես ինքն առնչվում է, ինքն ազգային անվտանգության աշխատող է եղել, եւ շատ ավելի տեսանելի է իր համար, թե ինչ է կատարվում։ Մենք հեռվից նայելով՝ ուզում ենք հավատալ, որ ենթատեքստ չկա, ուզում ենք հավատալ, բայց եթե կա այդ ենթատեքստը, արցախցիներն այդքան թույլ չեն, որ թույլ տան շահարկվի մեր հաղթանակը, մեր ձեռքբերումները, որը ողջ հայության, ոչ միայն արցախցու ձեռքբերումն է»։ 

Արցախի խորհրդարանի փոխնախագահ, ՀՅԴ-ական Վահրամ Բալայաննէլ ասաց, որ տխուր է առաջացած հեռահար բանավեճից։ «Խնդիրը նրանում չէ, որ Արցախի իշխանությունը միջամտում է Հայաստանի ներքին գործերին կամ նախընտրական գործընթացներին, խնդիրը, կարծում եմ, սխալ ընկալման մեջ է»,- ասաց նա ու պարզաբանեց. «Եթե պաշտոն ունեցող որոշ գործիչներ կարծիք են հայտնել, դա դեռ չի նշանակում, որ Արցախի իշխանությունները փորձում են միջամտել  հայաստանյան ներքին զարգացումներին»։

ՀՅԴ-ականը հիշեցրեց Արցախի եւ Հայաստանի ղեկավարների փոխադարձ աջակցության հայտարարություններն ու կոչ արեց չսրել ու երկու երկրները չհակադրել իրար. «Ես պատմաբան եմ ու լավ եմ հասկանում, որ պատերազմի մեջ գտնվելով ու այսպես հակադրվելով՝ չենք կարող դիմակայել մարտահրավերներին, ուստի զերծ կմնամ գնահատականներից եւ իրավիճակը ավելի սրելուց ու հորդորում եմ բոլոր կողմերին նույնպես զերծ մնալ կոշտ մեկնաբանություններից»։ Այսինքն, Արցախում ազատ արտահայտվելու իրավունքից պատրաստ են հրաժարվե՞լ։ «Ամեն մեկը, իհարկե, իրավունք ունի կարծիք հայտնել, բայց դա չպետք է վնասի երկու երկրների հարաբերություններին»։ Այսինքն, Արցախի նախագահի խորհրդականը չպե՞տք է արձագանքի, ասի, որ, ենթադրենք, միայն Փաշինյանի որդին չի ծառայել, այլ ուրիշներինն էլ։ «Խնդիրն այն է, որ մեկ կարծիքից հետո գալիս է երկրորդ միտքը, երրորդ միտքը եւ այդպես շարունակ։ Դրա համար էն առաջին միտքը չպետք է ասել։ Դրա համար եմ ասում՝ Արցախի հետ կապված զգայուն թեմաների մասին իմաստ չունի մեկնաբանություններ տալ, դա ոչ մեկին օգուտ չի տալու»։

«Մենք չճանաչված պետություն ենք, իհարկե, բայց ունենք Սահմանադրություն, օրենքներ եւ մենք ընթանում ենք այն ճանապարհով, որ պետականությունը կայանա։ Չեմ կարծում, որ Հայաստանի  իշխանությունները՝ սկսած Լեւոն Տեր-Պետրոսյանից, կձգտեն վնասել այդ գործընթացին։ Ամեն մեկը կարող է կարծիք ունենալ, մենք կլսենք, ու եթե այդ կարծիքը նպաստավոր լինի, կընդունենք, իսկ եթե նպաստավոր չլինի, չենք օգտագործի»։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում: