կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-11-28 14:11
Հասարակություն

Անցումային արդարադատությունը հետհեղափոխական դատարան չէ, որը գործում էր միջնադարում. Արարատ Միրզոյան

Անցումային արդարադատությունը հետհեղափոխական դատարան չէ, որը գործում էր միջնադարում. Արարատ Միրզոյան

Երևանում ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության պարտավորություններ» նախագծի շրջանակներում «Միջազգային փորձի լույսի ներքո Հայաստանում անցումային արդարադատության մեխանիզմների ներդրման հնարավորությունները» թեմայով համաժողով է անցկացվում:

Համաժողովում ելույթ ունենալիս առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը նշեց, որ Հայաստանում անցումային արդարադատության ձևավորման մասին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո սկսել են ակտիվորեն աշխատել այդ ուղղությամբ: Ըստ նրա` մինչ օրս Հայաստանում քչերը գիտեին, թե ինչ է անցումային արադարադատությունը, երբ է այն կիրառվում:

«Հիմա ամեն ինչ ավելի հստակ է: Ակնհայտ է, որ խոսքը ավանդական հետհեղափոխական դատարանների մասին չէ, որոնք գործում էին միջնադարում, երբ մարդիկ հավաքվում էին հրապարակում, և մեկ կամ երկու քննչական գործողություններից հետո մարդկանց ուղարկում էին գիլյոտին», - ասաց նա և հավելեց. «Անցումային արդարադատության վերջնական նպատակը հանրությունում ճշմարտության և հաշտության հասնելն է: Շատ երկրներում, որտեղ այս ինստիտուտը կիրառվել է, հատուկ հանձնաժողովներ են ստեղծվել, որոնք ճշմարտության և հաշտության հանձնաժողովներ էին կոչվում»:

Միրզոյանի խոսքով` անցումային արդարադատությունը պետք է կիրառվի միայն այն դեպքերում, երբ ավանդական արդարադատությունը չի կարող լուծել այս կամ այն իրավական հարցերը, պետության և հասարակության առջև ծառացած իրավախախտումներն ու խնդիրները: «Խոսքը հիմնականում այն զանգվածային իրավախախտումների մասին է, երբ ամենուր խախտվել են քաղաքացիների իրավունքները: Մենք գիտենք, որ երկար տարիներ Հայաստանում ընտրական իրավունքի հետ կապված զանգվածային խախտումներ են արձանագրվել, ընտրությունների արդյունքները կեղծվել են, հանրապետությունում ընտրական գործընթացներին վերաբերող տարբեր ճնշումներ են եղել, հանրահավաքներ անցկացնելու իրավունքը սահմանափակվել է»,- նշեց նա: