Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նիկոլ Փաշինյանը ցանկանում է ստանալ մենիշխանություն. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Աղասի Ենոքյանը՝ հիշեցնելով Փաշինյանի հայտարարությունները, որ իրեն խանգարողը կոռումպացված դատական իշխանություններն են և Արցախի իշխանությունները, որոնք իր դեմ դավեր են նյութում:
«Սա որևէ տրամաբանական քննության չի դիմանում, որովհետև այն մարդիկ, որոնք ազատագրել են հողերը, հիմա ուզում են հանձնե՞լ, և սա միայն նրա համար, որ մեղքը բարդեն Նիկոլ Փաշինյանի վրա՞: Սա հակատրամաբանական է, և ավելի շուտ վարչապետն ինքն է փորձում երաշխիքներ ստանալ, որ հնարավոր պատերազմի հնարավոր անհաջող ելքի դեպքում մեղքն իր վրա չբարդվի, այլ կարողանա մեղքը գցել դավադիրների վրա»,- շեշտեց Ենոքյանը՝ պնդելով, որ ՀՀ իշխանությունները փորձում են մենաշնորհ ստանալ իշխանական բոլոր ճյուղերի և գործոնների նկատմամբ:
Ըստ քաղաքագետի՝ խորհրդարանն այսօր բազում խնդիրներ ունի, ավելին` իշխանությունները խոսում են հակակոռուպցիոն պայքարի մասին, բայց դրա հետ կապված ոչինչ չի մտնում խորհրդարան: «Խոսում են տնտեսական հեղափոխության մասին, բայց տնտեսական հեղափոխության օրենսդրության կտոր չի մտնում ԱԺ»,- նշեց Ենոքյանը:
Ի պատասխան անցյալը փորփրելու և անցումային արդարադատության գաղափարի իրական պատճառներին առնչվող հարցին՝ նա նշեց, որ Ռոբերտ Քոչարյանի օրոք եղել է ոչ միայն Մարտի 1, այլև Հոկտեմբերի 27, որի վերաբերյալ ևս շատ հարցեր կան: «Հարցը բացահայտումը չէ, այլ Քոչարյանի կալանավորումը: Անցումային արդարադատությունը նույնպես երկու նպատակ է հետապնդում՝ Քոչարյանի կալանավորում և սեփականության վերաբաշխում»,- շեշտեց քաղաքագետը:
Անդրադառնալով Փաշինյանի կողմնակիցների` ավելի վաղ կայացած հավաքին` Ենոքյանն ասաց, որ իշխանությունների գիտությամբ այդ հավաքներն անցկացվում են իրավիճակի թեստավորման համար: «Հանրահավաքները յուրատեսակ թեստ են: Կադրերից երևում է, որ այնտեղ թանկարժեք սարքավորում է եղել: Նպատակն է տեսնել, թե հանրահավաքն ինչպես կանցնի, արդյունքներից կախված` եթե լավ անցնի, հայտարարել` մենք կապ ունենք, եթե` ոչ, մենք ի՞նչ կապ ունենք: Սա ուժի ստուգում է: Առավել եւս, որ ՀՅԴ-ն բավականին լուրջ հանրահավաք անցկացրեց»,- նշեց բանախոսը՝ հիշեցնելով, որ դատարանները շրջափակելու կոչին արձագանք չհետևեց, գործադրվեց միայն վարչական ռեսուրսը:
«Չեմ ցանկանում պնդել, որ Փաշինյանի վարկանիշը նվազել է, բայց կարող եմ ասել, որ աջակցության խումբը պակաս ակտիվ է»,- ամփոփեց քաղաքագետը: