Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արտահերթ խորհրդարանական ընտրություններում ՀՀ ԶՈՒ պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Արտաշես Մխիթարյանը ՀՅԴ վարկանիշային ցուցակով առաջադրվել է պատգամավորության թեկնածու 11-֊րդ ընտրատարածքում, որն ընդգրկում է Շիրակի մարզը։
Yerkir.am-ի հետ զրույցում ՀՅԴ Հայաստանի ազատամարտիկների հանձնախմբի պատասխանատուն նշեց, որ իր որոշումը պայմանավորված է երկրի անվտանգությանն առնչվող մտահոգություններով:
- Զինվորականները պե՞տք է զբաղվեն քաղաքականությամբ, շատերն այս հարցում այլ կարծիքի են՝ ելնելով որոշ օրինակներից:
-Որպես դաշնակցական` քաղաքականությունից երբեք հեռու չեմ եղել, միշտ հետաքրքրվել եմ: Իհարկե, Սահմանադրության համաձայն` քանի որ զինվորականը չի կարող քաղաքականությամբ զբաղվել, ես ակտիվ քաղաքականությամբ չեմ զբաղվել: Նախքան զինվորական դառնալը` եղել եմ Լենինականի քաղաքային և Շիրակի շրջանային խորհրդի պատգամավոր: Այնպես որ` քաղաքականությամբ զբաղվելն ինձ համար նորություն չէ, պարզապես 25 տարի քաղաքական ակտիվ գործունեությունս հետաձգվել է: Հիմա որոշել եմ զբաղվել դրանով, քանի որ պետության անվտանգության, բանակի, Արցախի հարցերով ասելիք ունեմ, որը օգտակար կլինի: Կարծում եմ՝ հայկական բանակում 25 տարվա ծառայության փորձով, գիտելիքներով օգտակար կլինեմ ԱԺ-ում:
- Ո՞րն է լինելու օրենսդրական այն փոփոխությունը, որն ԱԺ-ում լինելու պարագայում առաջարկելու եք` որպես զինվորական:
-Զինապարտության և զինվորական ծառայության վերաբերյալ օրենքներում փոփոխություններ եղան` մտցված է պահեստազորի ծառայությունը: Հաշվի առնելով այն փաստը, որ պահեստազորում հաշվառված մեծաթիվ մարդիկ կցագրումից դուրս են մնում, որովհետև սահմանված է հստակ թվաքանակ, ճիշտ կլինի, որ աշխարհազորայինների վերաբերյալ ևս որևէ որոշում կայացվի, և նրանցից կազմավորվեն առանձին ստորաբաժանումներ` սահմանային տարիքը լրացածներից, որոնց հանել են հաշվառումից, բայց նրանց առողջական վիճակը և պատրաստվածությունը թույլ են տալիս պատերազմական իրավիճակում օգտակար լինել: Որպեսզի թշնամուն պարտադրենք խաղաղություն, պետք է պատրաստ լինենք հակահարվածի: Պետք է ձևավորենք համաժողովրդական բանակ: Իհարկե, հիմնական հարվածը ժամկետայիններն են իրենց վրա վերցնում, բայց նրանց ուժերն անսպառ չեն, աշխարհազորայինների կարիք կզգացվի երկարատև պատերազմում: Եթե ես ընտրվեմ պատգամավոր, սա կլինի իմ առաջնահերթությունը:
- Ինչո՞ւ պետք է ընտրողն իր ձայնը տա Դաշնակցությանը:
- Վտանգը միշտ մեր գլխին կախված է, և այդ դեպքում, ինչպես ասում են, «պահապան շներ» են հարկավոր, որ վտանգի դեմն առնեն: Մեր ժողովուրդը պետք է գիտակցի, որ այդ «պահապան շները» դաշնակցականներն են: Այ հենց սրա համար պետք է ընտրեն, որպեսզի վտանգի ժամանակ իրենց կողքին կանգնեն, իրենցից առաջ կանգնեն, որպեսզի վտանգն իրենց չհասնի: Բոլոր ժամանակներում այդ վտանգի դեպքում Դաշնակցությունն է կանգնած եղել և կշարունակի կանգնել: Արցախի, երկրի անվտանգությունն ապահովելու համար հարկավոր են դաշնակցական գաղափարներով անհատներ:
- Անվտանգության խնդիրը, անշուշտ, կարևոր է, բայց ժողովրդին այսօր հետաքրքրում է նաև սոցիալական հարցերի լուծումը, որից ևս կախված է երկրի անվտանգությունը: Եթե մարդիկ շարունակեն արտագաղթել…
-Ես` որպես զինվորական, լավ գիտեմ զինծառայողների, ազատամարտիկների, զոհված զինծառայողների ընտանիքների սոցիալական վիճակը: Ինձ համար` որպես պահեստազորի գնդապետի, կարևոր են զինծառայողների սոցիալական ապահովության, թոշակների բարձրացման հարցերը, բնակարանային խնդիրը: Ասում են՝ 122 հոգու բնակարան են տվել, բայց դրանք նոր չեն կառուցվել, պարզապես նոր են որոշել մասնավորեցնել ավելի վաղ տրված բնակարանները: Ինչ վերաբերում է հարյուրավորներին, որ հերթի են կանգնած, քանի՞ հոգու են տվել բնակարան: Կամ` վերջին անգամ ե՞րբ է բարձրացվել զինծառայողի թոշակը:
- Խաղաղության ժամանակ մեզ ինչո՞ւ չի հաջողվում համախմբվել, փոխարենը պատերազմի ժամանակ կուսակցական պատկանելությունը հետին պլան է մղվում:
-Պատերազմում թշնամին մեկն է: Գիտակցում ենք, որ դարերով պարտվել ենք պառակտվածության պատճառով, որ դաս պիտի քաղենք: Բայց հենց խաղաղվում է, սկսում ենք իրար միս ուտել: Խաղաղության ժամանակ սոցիալիստը չի կարող լիբերալի հետ համախմբվել մի գաղափարի շուրջ: Եթե ես ասում եմ՝ սոցիալական արդարություն, եկամտի ճիշտ բաշխում, իսկ նրանք՝ ազատ շուկա, ով ինչ կարող է, թող թալանի, ինչպե՞ս կարող է ընկերվարն ազատականի հետ համերաշխ ապրել: Ըստ իս՝ ներքին գզվռտոցն ազդեցության, բիզնես շահի համար է, որը չի փոխվելու, քանի դեռ իշխանության գլխին կանգնած են ազատականները: Դրա համար ընկեր Հրանտը, Ռուստամյանը միշտ ասել են՝ Դաշնակցության նպատակն ամբողջական իշխանությունը վերցնելն է, որ կարողանանք ընկերվարական հասարակարգ ձևավորել, որ սոցիալական արդարությունը լիակատար լինի, եկամուտների բաշխումը՝ ճիշտ:
- Այսօր Դուք նման հնարավորություն տեսնո՞ւմ եք:
- Ժողովուրդը շատ էր հուսահատված, և մի փոքր հույս տվեցին, ու այդ ոգևորության ներքո իշխանության եկան այսօրվա իշխանավորները: Ես չեմ ուզում, որ հուսահատություն լինի. եթե ևս մեկ անգամ ժողովուրդը հուսահատվեց, եթե նոր իշխանությունը ձախողվեց, երիտասարդներին երկրում չի լինի պահել, և անվտանգության հետ կապված լուրջ խնդիր կունենանք: Դրա համար, որպեսզի ժողովուրդը խաբված չզգա իրեն, կուզեմ, որ այս իշխանությունները հաջողեն: Միայն սրա համար, որովհետև շատ է խաբվել մեր ժողովուրդը:
-Կորցնելուց խոսեցինք, պատերազմն ի՞նչ տվեց, ի՞նչ վերցրեց:
-Պատերազմը տվեց ընկերություն, և կորցրեցի ընկերներ: Պատերազմն ինձ նաև հպարտություն տվեց:
Կենսագրությունը՝
-1990-95թթ. ընտրվել է Լենինականի քաղաքային և Շիրակի շրջանային խորհրդի պատգամավոր:
-1990-94թթ. մասնակցել է Արցախյան ազատամարտի պաշտպանական և ազատագրական մարտական գործողություններին`
- 1990-92թթ. ՀՅԴ կամավորական ջոկատների կազմում՝ ջոկատի ազատամարտիկ, Գյումրիի ՀՅԴ ջոկատի փոխհրամանատար, հրամանատար,
- 1992-94թթ. ՊԲ Շուշիի (ՀՅԴ) առանձին հրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալ, գումարտակի շտաբի պետ:
1994թ. մայիսի 12-ի հրադադարից հետո մինչև 2017թ. հունվար ծառայել է ՀՀ զինված ուժերում և զբաղեցրել տարբեր հրամանատարական պաշտոններ՝
- 1994-96թթ. ՊԲ 77 առանձին մոտոհրաձգային գումարտակի (38043 զորամաս) շտաբի պետ,
- 1996-97թթ. սովորել է ՌԴ ԶՈՒ բարձրագույն հրամանատարական «Վիստրել» դասընթացներում (մոտոհրաձգային, տանկային գնդի հրամանատար),
- 1997-98թթ. ՊԲ 6 պաշտպանական շրջանի շտաբի պետ, ՊԲ 5 ՊՇ հրամանատարի տեղակալ,
- 1998-99թթ. 5 ԲԿ 7 ամրացված շրջանի շտաբի պետ,
- 1999-2001թթ. ՊԲ 7 պաշտպանական շրջանի շտաբի պետ, 2001-03թթ. ՊԲ 6 պաշտպանական շրջանի շտաբի պետ,
- 2003-08թթ. դիվիզիայի օպերատիվ բաժնի պետ-շտաբի պետի տեղակալ,
- 2008-17թթ. ՀՀ ԶՈՒ ԳՇ վարչության բաժնի պետ, վարչության պետի տեղակալ:
ՀՀ զինված ուժերի կազմում 2017թ. կազմավորված պահեստային կամավորական 377 առանձին հրաձգային գումարտակի շտաբի պետն էր, որի կիրառումը նախատեսված էր միայն ակտիվ մարտական գործողությունների վերսկսման դեպքում:
Պարգևատրվել է ՀՀ «Արիության», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին և 2-րդ աստիճանի շքանշաններով, ԱՀ «Արիության» և «Շուշիի ազատագրման», ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան», «Դրաստամատ Կանայան», «Գարեգին Նժդեհ» մեդալներով և այլն:
Զրուցեց Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ