Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Որ ղեկավարը գալիս է, սկսում է նախատել սահմանամերձ գյուղերին, թե չեն աշխատում: Ի՞նչ եք մտածում Հայաստանի սահմանամերձ գյուղերի մասին: «Երկիր Մեդիա»-ի «Հարցեր` դաշնակցականներին» հաղորդաշարի ընթացքում քաղաքացիներից մեկն այս հարցն ուղղեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին:
«Ես ամբողջ Հայաստանի մասին եմ մտածում, սահմանամերձ գյուղերի մասին` առավել, քանի որ այնտեղ մենք ավելի խոցելի ենք, անտեղ ավելի մեծ դիմադրողականություն պետք է ունենանք: Դրա համար պետք է լինի պետական ծրագիր»,- պատասխանել է նա:
Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ զորացրվող երիտասարդին բնակարանով և աշխատանքով ապահովելու դեպքում նա երկրից չեն հեռանա: «Ես հավատացած եմ` ամեն զինվոր, որ ավարտում է զինվորական ժամանակաշրջանն ու զորացրվում, գալիս է դեպի կյանք, պետությունը պետք է նրան տա հնարավորություն, պետք է նրան տա բնակարան, աշխատանքով ապահովի, եթե աշխատել չգիտի, սովորեցնի և աշխատանքով ապահովի: Արտագաղթի դեմն այդպես կառնենք: Թող դա անի Երևանից դուրս` ավաններում, սահամնամերձ շրջաններում, որպեսզի մարդիկ ընտանիք կազմեն, հաստատվեն, գործ ունենան: Էլ ո՞վ կգնա այս երկրից: Ես չեմ հաշվել, բայց գիտեմ, որ շատ մեծ չէ ամեն տարի զորացրվողների թիվը, մենք կարող ենք ազգովի նրանց տիրություն անել: Միայն պետք չէ ասել` չպետք է գնալ, կամ` նախորդները սխալ արեցին, ուղարկեցին նրանց, հարկավոր է ասել մենք այսօր պետք է տիրություն անենք ու պահենք նրանց»,- ասել է նա:
Մարգարյանի խոսքով` այս հարցը մասնավորապես կարևոր է նաև անվտանգության առումով: «Մեր երիտասարդ ուժը պետք է Հայաստանում մնա: Ես նախորդ իշխանություններին էլ, հիմա` նորերին էլ եմ ասել` մենք պետք է մեր պահեստային զորամիավորումներն ունենանք, անհրաժեշտության պահին մենք պետք է կարողանանք համաժողովրդականորեն դուրս գալ պատերազմի: Մենք պատերազմի մեջ ենք գտնվում և շատ երկար սահմաններ ենք պաշտպանելու: Կրկնում եմ` պատերազմից խուսափելու ամենալավ միջոցը պատերազմին պատրաստվելն է: Պատերազմին պատրաստվել` չի նշանակում, թե պատերազմ ենք ուզում: Մենք պատերազմին պիտի պատրաստվենք, որ պատերազմ չլինի: Մենք պետք է կարողանանք խաղաղության մեջ ապրել, բայց խաղաղությունը չեն նվիրում, խաղաղությունը նվաճում են և նվաճում են տղամարդկությամբ»,- նշել է Մարգարյանը:
Նա համոզմունք է հայտնել, որ պետք է երիտասարդություն ունենանք սահմանամերձ շրջաններում, նրանք պետք է ինչ-որ ձևով ներառված լինեն բանակում` համաժողովրդական բանակի սկզբունքներով, պահեստային զորամիավորումների սկզբունքներով: «Նրանք պետք է ունենան իրենց առօրյա, սովորական կյանքը, բայց հարկ եղած դեպքում պետք է բանակային դառնան: Պետք է լինի հստակ ծրագիր: Բոլոր մյուս երկրներում այդպես է եղել: Այն երկրները, որոնք ունեցել են վտանգ, օրինակ` Իսրայելը, ավաններ, գյուղեր են ստեղծել այդպես: Եթե ծրագիր լինի, վստահ եմ` հնարավորություններ էլ կստեղծվեն: Մենք պետք է կարողանանք երկրում այդ մթնոլորտը ստեղծել: Երիտասարդը գնում է, հետևից ընտանիքն է գնում»,- ասել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը` շեշտելով, որ ծրագրի առկայության դեպքում ոչ ոք չի հեռանա, հեռանալու դեպքում անգամ` նրանց թիվը քիչ կլինի:
Ինչ վերաբերում է հայրենադարձության գործում Դաշնակցության անելիքներին` Հրանտ Մարգարյանը նշել է, որ բոլորն այդ գործում անելիք ունեն: «Բայց դրա համար պետք են պայմաններ, հնարավորություններ, հոգեբանական մթնոլորտը պետք է փոխել: Վերջապես, այս դարում, այս ժամանակներում ներգաղթ կազմակերպելը հեշտ չէ. դա նշանակում է մի տեղ տուն քանդել, մի ուրիշ տեղ տուն ստեղծել: Դա նշանակում է մի տեղ գործը թողնել, մեկ ուրիշ տեղ աշխատանք ձեռք բերել, մեկ այլ հասարակության միջից դուրս գալ և այլ հասարակության մեջ համակերպվել»,- ասել է նա` հավելելով. «Միայն խոսքով ներգաղթ չի լինում»:
Անդրադառնալով սիրիահայությանը` Մարգարյանը նշել է, որ այդ հարցում նույնպես առիթը չեն կարողացել օգտագործել, անգամ Դաշնակցության կողմից նախաձեռնված «Օգնիր եղբորդ» ծրագիրը, նրա խոսքով, միայն բավարար չէր նրանց պահելու համար: «Ես շատերին եմ տեսել, որ կուզեին մնալ Հայաստանում, բայց չկարողացան ապրել: Եվ ոչ ոք չեղավ, որ նրանց ձեռքը բռնի, որ կարողանան ապրել»,- ասել է Մարգարյանը` նշելով, որ բոլոր դժվարություններն ունեն լուծումներ, պարզապես պետք է դրանք կազմակերպել, այլապես` խոսքով հնարավոր չէ մարդկանց կերակրել կամ հարցերին լուծում տալ: