Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ինչո՞ւ ՀՅԴ-ն չի խոսում նախիջևանյան իրադարձությունների և մեր դիրքերի թուլության մասին: Չէ՞ որ հսկողության տակ է մեր ռազմավարական ճանապարհը: «Երկիր Մեդիա»-ի «Հարցեր` դաշնակցականներին» հաղորդման ժամանակ քաղաքացիներից մեկն այս հարցն է ուղղել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին:
«Մտահոգությունն իսկապես տեղին է: Երկրում պաշտոնապես հայտարարվել է, որ նրանց տարածքում տեղաշարժ է տեղի ունեցել, և վտանգավոր բան չկա: Պետք է ասեմ, որ ինձ համար անհեթեթություն է նրանց տարածքում տեղաշարժը, որովհետև կարծում եմ` նրանց տարածք, մեր տարածք գոյություն չունի, գոյություն ունի ռազմաճակատ, որտեղ տեղաշարժ է եղել: Արդյունքում` մեր ռազմավարական ճանապարհն իսկապես վտանգված է: Չեմ ուզում ավելին ասել, որովհետև ուրիշներն են մեզ լսում, բայց գիտեմ` երկիրը մեծ փոփոխություն է ապրել, իրարանցում է եղել, կարող էին այդ պահին կորուստներ լինել և այլն: Բայց հարցի հետապնդումն ինչո՞ւ տեղի չի ունենում, և ո՞վ է պատասխանատու, որ մենք այդ կորուստն ունեցել ենք: Ինչո՞ւ ենք ունեցել և այսօր ի՞նչ ենք մտածում: Դեպի հարավ գնացող ճանապարհն ինչ-որ չափով վտանգված է»,- ասել է Հրանտ Մարգարյանը:
Նա նշել է, որ չպետք է անտարբեր լինել այս հարցի նկատմամբ, և, առհասարակ, բոլոր նրանք, ովքեր Հայաստանի անվտանգության համար մտահոգ են, չեն ուզում պատերազմ լինի, պետք է այս հարցով մտահոգվեն: «Եթե հակառակորդն ունի առավելություններ, անպայման պատերազմ կլինի: Խաղաղությունը մի բան է, որ պետք է պարտադրես, եթե ոչ` պատերազմ ես դիմագրավելու: Ես մի բան գիտեմ` այն, ինչ տեղի է ունեցել, անընդունելի է: Երկրի պատասխանատուները պարտավոր են հիմնական դերակատարներին պատասխանատվության կանչել»,- նշել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը:
Հարցին, թե Դաշնակցությունը հետամո՞ւտ կլինի այդ հարցին, նա պատասխանել է. «Ես այս հարցով անձամբ Նիկոլ Փաշինյանի հետ եմ խոսել: Ճիշտ է` մենք այդ մասին հրապարակային չենք ասել, բայց այնպես չէ, որ լռությամբ հարցը շրջանցել ենք: Դեռ ժամանակին այս մասին մենք խոսել ենք: Հույս ենք ունեցել, որ ասացինք,նա էլ արձանագրեց և, հավանաբար, կհետևի, ուշադրություն կդարձնի, լուծում կբերի հարցին»: