կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-06 14:16
Տարածաշրջան

«Այս ֆիլմը նվիրում եմ Հրանտ Դինքին». հայուհու ու թուրքի սիրո պատմության մասին նոր ֆիլմի գլխավոր հերոս

Թուրքիայում սեպտեմբերի 8-ին մեծ էկրան կբարձրանա հայ և թուրք երիտասարդների սիրո պատմությունը ներկայացնող «Կիսատ մնացած» ֆիլմը: «Gerçek gündem» թերթի կայքը ներկայացնում է ֆիլմի գլխավոր հերոսներից մեկին՝ Արամին, մարմնավորած թուրք դերասան Ալի Բուհարա Մեթեի մեկնաբանությունները ֆիլմի մասին. տեղեկացնում է Ermenihaber-ը:

Արամը ֆիլմի հերոսուհու՝ Ստամբուլի համալսարանում սովորող Իսկուհու ավագ եղբայրն է, որն ամեն կերպ ջանում է խոչընդոտել քրոջ ու նրա թուրք ընկերոջ սիրուն: Մեթեի խոսքով՝ իր մարմնավորած հերոսը մի շարք նախապաշարմունքներ ունի, ինչի պատճառով շատ խիստ ու թշնամական վարք է դրսևորում. «Որպես հնագույն ազգեր՝ մենք շատ ընդհանրություններ ունենք: Ես հայերին ոչ թե որպես օտար եմ ընկալում, այլ որպես`  «մենք»,- նշել է Մեթեն՝ հավելելով, որ ինքը բազմաթիվ հայ ընկերներ ունի:

Դերասանի խոսքով՝ այս ֆիլմում  նկարահանվելիս ինքը ջանացել է օրինակ վերցնել 2007թ. սպանված անվանի հայ լրագրող և հասարակական գործիչ, «Ակօս»-ի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքից: «Կերպարը կերտելիս շատ ավելի հակադիր մի բան էի փնտրում: Սկսեցի լսել Հրանտ Դինքին, փորձեցի հասկանալ նրան: Իմ խաղացած դերը Դինքին նման չէ: Իմ կերպարը չունի Հրանտ Դինքի դիրքորոշումները: Բայց ոճի և խոսքի տեսակետից նրանից եմ օրինակ վերցրել: Հրանտին լսելուց հետո ինձ համար շատ ավելի հեշտ եղավ խաղալ: Դրա համար այս ֆիլմը նվիրում եմ Հրանտ Դինքի հիշատակին»,- ասել է Մեթեն:

Հիշեցնենք, որ հայ-թուրքական թեմատիկայով  Թուրքիայում նկրահանված «Կիսատ մնացած» ֆիլմի ռեժիսորն է Էմրե Յըլմազը: Գլխավոր դերերում հանդես են եկել Իսկուհի Բալջյանը, Անըլ Ալթանը և Ալի Բուհարա Մեթեն:

Ֆիլմը ներկայացնում է Ստամբուլի համալսարանում սովորող հայ ուսանողուհու՝ Իսկուհու, և թուրք Մերթի սիրո պատմությունը: Իսկուհու եղբայրը՝ Հայաստանից Ստամբուլ մեկնած Արամը, և Մերթի ընտանիքը դեմ են զույգի հարաբերություններին: