Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախկին դաշնակցականներն ավելի շատ են, քան ներկայիս դաշնակցականները, բայց ես դա բնական եմ համարում. «Երկիր Մեդիա»-ի «Հարցեր` դաշնակցականներին» հաղորդման ժամանակ ասել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:
«Մեր կուսակցությունը դժվար կուսակցություն է, այստեղ դիմանալը դժվար է: Այս կուսակցության մեջ կա ժողովրդավարություն և կարգապահություն: Մեծամասնության կարծիքի հետ դու պետք է համակերպվես: Մեծամասնության կարծիք է ձևավորվում, այդ մեծամասնության կարծիքը ձևավորելու մեջ դու ամեն ինչ կարող ես անել, որ այդ մեծամասնությանը մաս կազմես: Բայց եթե չկազմեցիր, փոքրամասնության մեջ եղար, որոշումներին ենթակա ես»,- ասել է Հրանտ Մարգարյանը:
Նրա խոսքով` Հայաստանում մարդիկ ընդհանրապես մեծ տարիքում են եկել դեպի Դաշնակցություն, և բնական է, որ հետո են անդրադարձել` այդ կարգապահությունն իրենց համար շատ է, չեն դիմացել դրան:
«Հաճախ մեզանից գնում են` առանց մեզ հակադրվելու, բայց պատահում է նաև, երբ զգում ենք` մարդը թյուրիմացաբար է մեր մեջ եղել: Օրինակ` հիմա մեզանից հեռացած մարդիկ կան, որ այն տեսակ ուղղությունների հետևից են գնում, որ «ռուսական բազաները Հայաստանից դուրս պիտի դրվի, մենք պիտի գնանք դեպի ՆԱՏՕ», այսպիսի բաներ են ասում, որը Դաշնակցության քաղաքական ուղեգծի հետ կապ չունի: Մենք հավատում ենք հայ-ռուսական ռազմավարական դաշինքին, մենք հավատում ենք, որ պետք է ստեղծվի հավասարը հավասարին հարաբերություն, մեր ազգային շահերից ելնելով` պետք է կարողանանք ճիշտ հարաբերություններ ստեղծել: Մենք ունենք ազգային անվտանգության խնդիր, և դրա համար այդ հարաբերությունները մեզ համար շատ կարևոր են: Մենք հասկանում ենք, որ ջրանցումի ժամանակ ձիերը չեն փոխում: Եթե մարդիկ ժամանակին համոզված են եղել ու եկել են Դաշնակցություն, ես չեմ հասկանում, թե ինչպես է համոզումը փոխվել: Իսկ եթե համոզված չեն եղել, չեն անդրադարձել, սխալմամբ են եկել, ավելի լավ է, որ հիմա ՀՅԴ-ի մեջ չեն»,- շեշտել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը:
Նրա խոսքով` Դաշնակցությունից հեռացած մարդկանց պետք է երկու մասի բաժանել: «Մարդիկ, որոնք Դաշակցության անդամ չեն այլևս, բայց դաշնակցական են` մտայնությամբ, մոտեցումներով, հոգեկան ապրումներով, ամեն ինչով: Ես նրանց նկատմամբ հարգանք ունեմ: Եվ մարդիկ, որ ՀՅԴ-ի մեջ չեն` արդեն գաղափարական այլ ուղղության մեջ հայտնվելու համար, նրանց համար էլ է լավ, կրկնակի` մեզ համար էլ»,- ասել է Մարգարյանը:
Ըստ նրա` հիմա շատերը, որ կուսակցություն են ստեղծում, փնտրում են նախկին դաշնակցականների, ինչը, ըստ նրա, նույնպես բնական է, քանի որ այդ մարդիկ, վերջիվերջո, կազմակերպվածություն, կազմակերպական գործի մասին պատկերացում ունեն: «Ես դրան խանդով չեմ վերաբերվում»,- ասել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը: